20 մայիսի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Թբիլիսին փորձում է իր կողմը գրավել սուխումահայերին:
Այսօր Սուխումիում վերսկսվելու են վրացա-աբխազական բանակցությունները: Հիմնական թեման կլինի Թբիլիսիում պատրաստված հակամարտության կարգավորմանը եւ Աբխազիայի կարգավիճակին վերաբերող առաջարկները: Բացառված չէ, որ բանակցություններում հաջողության հասնելու դեպքում, աբխազական մոդելը կառաջարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կողմերին:
Սուխումիում քննարկման առարկա կդառնա 90-ական թվականերրի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչների կողմից մշակված պլանի թարմացված տարբերակը: Այն ժամանակ պլանը մերժել էր աբխազական կողմը: Կարգավորմանը բանաձեւը ենթադրում է դաշնային պետության ձեւավորում, որում Աբխազիան պետք է ունենա հատուկ իրավա-քաղաքական կարգավիճակ: Խոսքն Աբխազիայի փաստացի անկախության մասին էր, սակայն Վրաստանի կազմում: Ըստ երեւույթին, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի` Թբիլիսի կատարած կարճաժամկետ այցի պատճառն առաջարկությունների թարմացված տարբերակի քննարկումն էր: Իսկ մայիսի 24-ին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան կարգավորման պլանը կքննարկի Ռուսաստանի ղեկավարության հետ:

Միխայիլ Սաակաշվիլին որոշեց արագացնել աբխազական խնդրի լուծումը: Սակայն, կարծես թե, ճանապարհը նա տեսնում է ոչ միայն աբխազցիների հետ երկխոսության զարգացման, այլեւ` Թբիլիսիում սկսված եւ Բաթումիում շարունակված հեղափոխության «արտահանման» մեջ: Դրա համար տեղում հիմք է պատրաստվում: Այդ հիմքն առաջին հերթին համարվում են Գալայի շրջանի բնակիչները, որոնց 96 տոկոսը վրացիներ են: Սակայն Գալին դեռեւս անբողջ Աբխազիան չէ: Նախկին ավտոնոմիայի մնացած մասում Սաակաշվիլու կողմնակիցները բավականին քիչ են: Այդ իսկ պատճառով նրանցից յուրաքանչյուրին հատուկ ուշադրություն է հատկացվում: Վրացական հատուկ ծառայությոնները լուրջ աշխատանք են տանում Աբխազիայի հայկական համայնքի գործիչների հետ: Վրացական ԶԼՄ-ի տվյալներով, օրերս Սուխումիում հայերի մի խումբ ցույց է կազմակերպել վրացական նոր դրոշի ներքո եւ Սաակաշվիլու դիմանկարներով: Նրանք կոչ են արել արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը եւ բարձրագոչել են «Միշա, հաշտեցրու մեզ»: Ցույցի 16 մասնակիցներ ձերբակալված են: Այս տեղեկատվությունը չեն հաստատում աբխազցիները:

Այսպիսով, աբխազահայերը դառնում են հակամարտության երկու կողմերի մեղադրանքների զոհերը: Վրացիները նրանց մեղադրում են այն բանում, որ հայերը կռվին մասնակցել են Աբխազիայի կողմից, իսկ աբխազցիները այժմ նրանց կարող են մեղադրել վրացիներին աջակցելու մեջ: Միաժամանակ, ոչ վրացիները, ոչ էլ աբխազցիները, ըստ երեւույթին, արդարացի չեն լինի: Իրականում, աբխազահայերը պատրաստ են լոյալ լինել ցանկացած լիգիտիմ իշխանության հանդեպ, որն ի վիճակի է կայունություն ապահովել եւ չճնշել իրենց իրավունքները: Եթե այժմ հայկական համայնքի առանձին ներկայացուցիչներ Աբխազիայի ղեկավարությունից պահանջում են արագորեն ընդհանուր լեզու գտնել վրացիների հետ, ապա սա նշանակում է, որ Սուխումիի իշխանությունները նույնպես բավականաչափ ուշադիր չեն եղել հանրապետության ամենամեծ ազգային փաքրամասնության հանդեպ:

Աբխազիայում ժամանակին այնքան հայ կար, որքան աբխազ: Այժմ նրանք շուրջ 30 հազար են: Չճանաչված հանարապետությունում ընդհանուր թվով ապրում է շուրջ 170 հազար մարդ: Նրանցիցի 50 հազարից ավելին է աբխազ: Գրեթե նույչափ էլ վրացիներն են: Սակայն նրանք իրենց համարում են Աբխազիայի հանրապետության քաղաքացի: Այդպիսով, Արձինբիի կառավարությունն ընդունող Աբխազիայի բնակիչների եւ հանրապետական ընտրություններին մասնակցածների մեջ հայերի թիվը կազմում է 25 տոկոս: Սակայն, չգիտես ինչու, խորհրդարանում հայերն ունեն ընդամենը 8 տոկոս մանդատ: Կառավարությունում ընդհանրապես հայ չկա: Ամենաբարձր պաշտոնը սոցիալական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահինն է, որը զբաղեցնում է հայ համայնքի ներկայացուցիչը:

Նման ոչ համապատասախան ներկայացուցչությունը պետական կառուցվածքում չի կարող աբխազահայերի մոտ հարցեր չառաջացնել: Հաշվի առնելով պաշտոնական Թբիլիսիի լարվող ուշադրությունը չճանաչված պետության հայ համայնքի նկատմամբ, աբխազական կառավարության կողմից կարելի էր սպասել նաեւ առավել բարեհաճ վերաբերմունք: Որոշակի հանգամանքների դեպքում սուխումահայերի դիքրորոշումը կարող է որոշիչ լինել: Սա պետք է գիտակցեն հակամարտության երկու կողմերն էլ: