21 մայիսի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱՋԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Ավտոնոմիայի նոր իշխանությունների դուր չի եկել բաթումահայերի առաջնորդը:
Անկանխատեսելի իրադրություն է ստեղծվել Աջարիայի հայ համայնքում: Համայնքի մի խումբ ակտիվիստներ իրենց առաջնորդ Արմեն Գեւորգյանից պահանջել են անհապաղ ազատվել պաշտոնից: Վրաստանում տպագրվող հայկական ԶԼՄ-ների տվյալներով, համայնքի առաջնորդին յուրատեսակ ուլտիմատում ներկայացրած անձինք պնդում են, որ լիազորված են Աջարիայի ժամանակավոր վարչակարգի կողմից: Որպեսզի համոզվի, որ իր հրաժարականի հանձնարարականը տրված է վերեւից, Գեւորգյանը մեկնեց Թբիլիսի: Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրդյանի հետ հանդիպումից հետո համայնքի ղեկավարը հաստատեց հրաժարական տալու իր մտադրությունը: Նոր նախագահի ընտրությունների համար գումարվելու է արտահերթ նիստ:
Ինչպես եւ ցանկացած հեղափոխություն, այնպես էլ «վարդերի հեղափոխությունը» առիթ դարձավ կապիտալի, իշխանության, ազդեցության լծակների վերադասավորման համար.. Սակայն հիմքեր չկային ենթադրելու, թե փոփոխությունները կազդեն նաեւ հայ համայնքի գործունեության վրա, որը բավականին կառուցողական էր իրեն դրսեւորել հակամարտության ընթացքում` խաղալով կայունացման դերը: Այնուհանդերձ, համայնքում գտնվեցին ուժեր, որոնք որոշեցին օգտվել իրադրությունից գործող նախագահ Արմեն Գեւորգյանին փոխելու համար` մեղադրելով նրան նախկին վարչակարգին սատարելու մեջ: Միաժամանակ, դժվար է Գեւորգյանին անվանել Աբաշիձեի մարդը: Վերջին ընտրությունների ժամանակ աջարական բռնապետը նրան չէր վստահում: Սա ակնհայտ էր հենց թեկուզ այն փաստից, որ վերջին ընտրությունների ժամանակ Աբաշիձեն նրա անունը չէր ներառել իր «Վերածնունդ» ընտրական միավորման ցուցակում: Նոյեմբերյան ընտրություններին Գեւորգյանին տրվել էր անցումային տեղ, իսկ մարտին Աբաշիձեի ցուցակում հայ համայնքն արդեն ներկայացնում էր Կառոյան ազգանունով մեկ այլ անձ: Ընդ որում նրան տրվել էր ոչ անցումային` 40-րդ տեղը, որը վկայում էր հայ համայնքի նկատմամբ Ասլան Աբաշիձեի վերաբերմունքի փոփոխման մասին: Այնպես որ, սխալ կլինի Գեւորգյանին դասել աջարական նախկին առաջնորդի համակիրների շարքում: Ի դեպ, նույնը չի կարելի ասել Աջարիայի ադրբեջանական համայնքի ղեկավարության մասին, որը մինչեւ վերջ սարի պես կանգնած էր Ասլանի մեջքին եւ հակազդում էր Բաթումիում սահմանադրական կարգ հաստատելուն:

Աջարիայի իշխանափոխությունն ընդհանուր առմամբ չի ազդել հայ համայնքի գործունեության եւ նրա ներկայացուցիչների առօրյայի վրա: Հայերն իշխանափոխության համար անհագստության լուրջ հիմքեր չէին տեսնում, այդ իսկ պատճառով չէին պայքարում Ասլանի վարչակարգի համար: Աբաշիձեն վատ չէր վերաբերվում հայերին, սակայն «յուղալի» պաշտոններ նրանց չէր տալիս: Այդ պատճառով էր, որ Բաթումիի փողոցներում «Բաբային- Բաբային» բարձրագոչողների մեջ հայեր չկային: Այս բոլորը թույլ էր տալիս համոզված լինել, որ «վհուկների որսի» գործընթացում, որն անխուսափելի է ցանկացած իշխանափոխությունից հետո, երբեք հայերին ձեռք չէին տա: Դրանով է առավել զարմանալի Գեւորգյանի հետ կապված դեպքը:

Հիշեցնենք, որ թբիլիսյան հեղափոխության ժամանակ Վրաստանի հայերի միության ղեկավարության զգալի մասը մինչեւ վերջ էլ պաշտպանում էր Էդուարդ Շեւարդնաձեին: Սակայն իշխանության գալով` Սաակաշվիլին չսկսեց հաշիվներ մաքրել նրանց հետ: Ավելին, հեռատես եւ անհիշաչար նախագահը իշխանամետ կուսակցության ցուցակով խորհրդարան մտցրեց Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Բայբուրդյանին, որը բավականաչափ ակտիվորեն էր հանդես գալիս իշխանափոխության համար: Չգիտես ինչու, Աջարիայում կիրառվում է այլ սցենար: