17 սեպտեմբերի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ «ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲԱՆԱՁԵՎԸ»
Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկով:
Աստանայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մեծ ուշադրություն են դարձրել ոչ միայն հայկական եւ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները: Առավել անսպասելի էր մոսկովյան «Կոմմերսանտ» թերթի հրապարակումը, որում մեկնաբանը տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի առաջարկած ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հրաշագործ բանաձեւին» բովանդակության մասին:
Հոդվածը կարելի էր լուրջ չընդունել, եթե չլիներ պարբերականի հեղինակությունը: Բացառված չէ, որ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Պուտինի` Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցի բովանդակության մասին տեղեկատվության արտահոսքը գիտակցաբար է թույլ տվել, որպեսզի ստուգի Երեւանի եւ Բաքվի արձագանքը: Այսպիսով, եթե հավատանք «Կոմմերսանտին», Ռուսաստանի նախագահի առաջարկած պլանը ենթադրում է, որ հայերն Ադրբեջանին պիտի վերադարձնեն Ղարաբաղը շրջապատող անվտանգության գոտու տարածքները: Փոխարենը, համաձայն պլանի, պաշտոնական Բաքուն, իբրեւ թե, պետք է համաձայնի միաժամանակ Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում անցկացնել նախկին ավտոնոմիայի կարգավիճակին վերաբերող հանրաքվե: Իսկապես գաղափարը թարմ է: Ամեն դեպքում միջնորդներից եւ ոչ մեկը մինչ այժմ բարձրաձայն նման առաջարկ չէր արել: Սակայն դրա իրականացման հեռանկարներն առայժմ ավելի քան մշուշոտ են: «Հրաշագործ բանաձեւի» շնորհիվ առայժմ հստակորեն նկատվում է միայն մի բան` Ռուսաստանի ձգտումն իր վրա վերցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հատուկ դերը:

«Կոմմերսանտում» շարադրված պլանի հեղինակները, ենթադրվում է` գիտակցում են, որ այդ կերպ դժվար թե խնդրի լուծումն ապահովվի: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան պարզապես ցանկանում է գործընթացն ուղղել իրավական դաշտ, մեղմել լարվածությունը եւ ստեղծել վստահության մթնոլորտ, որն էլ կնպաստի խաղաղ համաձայնությանն ուղղված հետագա քայլերին: Հաջողության դեպքում, Ռուսաստանը կներգրավի մյուս համանախագահներին, սակայն դրանով իսկ կպահպանի առաջատար դիրքը, իսկ նշանակում է, որ կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում:

Լիովին ակնհայտ է, որ շարադրված բանաձեւի կիրառման արդյունքում Բաքուն ավելի շատ իրական առավելություններ կստանա, քան Ղարաբաղը, քանի որ հայերը բանակցություններում կզրկվեն խաղաքարերից` փոխարենը ձեռք բերելով հարցն իրավական դաշտում լուծելու բավականին մշուշոտ հեռանկարը: Ըստ էության, սա, այսպես կոչված, փուլային տարբերակի նոր ձեւակերպում է: Այսինքն` սկզբում վերադրձնել տարածքները, այնուհետեւ փորձել լուծել կարգավիճակի հարցը: Հայերի համար միակ դրական կողմը կարող է լինել այն, որ նոր բանաձեւը ենթադրում է Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը դիտել որպես երկու հավասարազոր սուբյեկտներ: Սա որոշ իմաստով առաջընթաց է: Սակայն պարզ չէ, թե ինչ կլինի, երբ ղարաբաղցիները միանշանակ այո ասեն անկախության հանրաքվեին, իսկ ադրբեջանցիները միաձայն` ոչ: Ավելի շուտ գործընթացը կրկին կմտնի փակուղի:

Չնայած, հնարավոր է` այլ կերպ զարգանան իրադարձությունները: Հետաքրքիր հեռանկարներ կբացվեն, եթե հանրաքվեի արդյունքում ստեղծվի Կիպրոսին համանման իրադրություն: Ինչպես հայտնի է, այնտեղ նույնպես երկու կողմերում էլ հանրաքվե անցկացվեց, մեկը կողմ, մյուսը դեմ արտահայտվեց: Սակայն արդյունքում իրադրությունը փակուղի չմտավ, այլ ընդհակառակը` հստակ հեռանկարներ բացվեցին թունելի վերջում լույսը տեսնելու համար: Լիովին հակառակ պատասխան արդյունքներ ստանալուց հետո հանրաքվեի անցկացման նախաձեռնող եւ այն իրականացրած միջազգային կազմակերպությունները սկսեցին առավել հանդուրժողականորեն վերաբերվել թուրք անջատողականներին: Ավելին, հանրաքվեից հետո առավել հստակորեն էին հնչում այսպես կոչված Հյուսիասային Կիպրոսի թուրքական հանրապետության` միջազգային հանրությանն ինտեգրվելու անխուսափելիության մասին:

Դժվար է ասել` մեր դեպքում ինչպիսին կլինի միջազգային հանրության արձագանքը հանրաքվեի արդյունքների հանդեպ: Արդյո՞ք դրանք կստիպեն աշխարհի ուժեղներին առավել ընկալունակ լինել ղարաբաղցիների փաստարկներին: Գուցե ընդհակառակը. հանրաքվեի արդյունքներն աշխարհին կհավաստեն, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր փորձերն ապարդյուն են: Հարցը հանրաքվեի միջոցով լուծելու հեռանկարը բավականին անորոշ է, որպեսզի կողմերը կարողանան անմիջապես արձագանքել առաջադրած բանաձեւին:

Սակայն Բաքվում, ամեն դեպքում, շտապեցին մերժել այս բանաձեւը` նույնիսկ չսպասելով դրա գոյությունն ապացուցող տեղեկություններին: Ադրբեջանի քաղաքական էլիտան առաջարկված պլանում իր երկրի տարածքային ամբողջականության հարցը կասկածի տակ դնելու փորձ է տեսնում: Մեջլիսի պատգամավոր Գյուլյար Ահմեդովն առաջարկը նույնիսկ գնահատել է որպես «Ադրբեջանի հանդեպ ծաղրանք»: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա հայկական կողմի չի շտապում գնահատականներ տալ: Ենթադրվում է, որ առայժմ փորձ է արվում հասկանալ, թե վերջին բանակացությունների մասին տեղեկատվության արտահոսքը որքանով է համապատասխանում իրականությանը: