21 հոկտեմբերի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՂԵՏԱԼԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանի հսկիչ անցագրային կետում հայկական ավտոբուսները եւ բեռնատարներն արդեն մի քանի օր է սպասում են արգելափակոցի բացմանը:
Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանի հսկիչ անցագրային կետում այս գիշեր պատահար է տեղի ունեցել: Regnum գործակալության հաղորդմամբ, վրացական կայատեղի կողմից մի քանի դիմակավոր զինված անձինք հարձակվել են հայ վարորդների վրա եւ ծեծել նրանց: Նախկինում կրակահերթեր էին եղել հայկական մեքենաների վրա:
Շուրջ հարյուր հայեր արդեն մի քանի շաբաթ գիշերում են վրաց-օսեթական սահմանամերձ Էրգնեթի գյուղում: Ինչպես հայտնի է, Վերին Լարսի հսկիչ անցագրային կետի փակումից հետո Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան հասնելու միակ ապահով ճանապարհը դարձել է Ռոկի լեռնաշղթան, որն անցնում է Հարավային Օսիայի տարածքով: Հայկական տասնյակ ավտոմեքենաների վարորդները, ովքեր չեն հասցրել օգտվել Լարսի արգելափակոցի ժամանակավոր բացումից, ստիպված էին տուն վերադառնալ Օսիայով: Սակայն վրաց-հարավօսիական սահմանին նրանց կանգնեցրել են վրաց սահմանապահները: Վարորդները եւ ուղեւորները, որոնց թվում են նաեւ 12 երեխա եւ հղի կին, արդեն մի քանի շաբաթ է սպասում են, թե երբ վրացական կողմը կկատարի իր խոստումը եւ կբացի ճանապարհը ավտոբուսների եւ բեռատարերի համար: Թբիլիսիում Հայաստանի հյուպատոսն անցյալ շաբաթ իր հետ այստեղ է բերել ծածկոցներ եւ դեղորայք: Օսիայի իշխանությունները եւ տեղի բնակչությունը կարեցածի չափվ օգնում են դժբախտության մեջ հայտնված հայերին: Կանայք եւ երեխաները քնում են օսեթական գյուղի մոտակա տներում: Տղամարդիկ քնում են հենց մեքենաներում: Երկու հայ արդեն բժշկական օգնության կարիք է ունեցել, նրանց հոսպիտալացրել են:
Իրադրությունն անելանելի է, քանի որ մարդիկ ինքնաթիռի տոմսի համար գումարներ չունեն, իսկ Ռուսաստան վերադառնալն անիմաստ է: Եթե նրանք փող ունենային, ստիպված չէին լինի դիմել տրանսպորտի ամենավտանգավոր միջոցին: Ստիպված չէին լինի գնդակի առաջ գնալ: Հավաքվածներին ցրելու համար վրաց սահմանապահները ոչ միայն օդ են կրակում, այլեւ` հաճախ ուղեւորների ուղղությամբ: Ավտոբուսի վրա բացված կրակահերթի փաստը վկայում են ետնամասին մնացած գնդակի հետքերը:
Ավտոշարասյունը բաց թողնելու հրաժարականը վրացիները հիմնավորում են նրանով, որ իրենք իվիճակի չեն վերահսկել ռուս-հարավօսեթական սահմանի հսկիչ անցագրային կետը եւ համոզված չեն կարող լինել, թե այդ տարածքով անօրինական ապրանքներ չեն անցնում: Սակայն իրականում սա հայերի միջոցով Մոսկվայի վրա ճնշում գործադրելու մի ձեւ է: Նրանք հույս ունեն, թե Երեւանում հակառուսական տրամադրությունների տարածումից վախենալով` Կրեմլը կբացի սահմանը Վերին Լարսում: Միաժամանակ ռուսները նույնպես վրացիներին ճնշում են հայերի միջոցով: Հենց Մոսկվան էր հայերին առաջարկել ապրանքների տեղափոխումն անել Ռոկի լեռնացքով` գիտակցելով, որ օսեթ անջատողականներին տրանզիտից ստացած եկամուտներից զրկելու համար
Թբիլիսին այդ տարբերակը կմերժի:
Տվյալ պահին Ռոկի լեռնացքի եւ Վերին Լարսի այլընտրանքներն են Իլչեւսկ-Փոթի եւ Աստրախան-Էնզելի ճանապարհները: Սակայն այս երթուղիներով ապրանքափոխանակման եկամտաբերությունը խիստ ցածր է: Ստեղծված իրավիճակի ելքը կգտվեր, եթե հաջողվեր օգտագործել ծովային ճանապարհը: Կովկասի ռուսական նավահանգստի եւ Փոթիի միջեւ ծովային հաղորդակցման ճանապարհի շահագործման փորձեր վաղուցվանից են արվում: Սակայն ռուս-վրացական սահմանի վրա ստեղծված իրադրությունը կարող է այն ազդակը դառնալ, որպեսզի վերջապես փոփոխություն նկատվի այդ հարցի շուրջ տարվող բանակցություններում: Երեքշաբթի Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գենադի Ֆադեեւի հետ եւ քննարկել է Կովկաս-Փոթի ճանապարհի շահագործման հնարավորության հարցը: Նշենք, որ Մոսկվան, անհանգստացած լինելով Հայաստանը Ռուսաստանին կապող հաղորդակցման ճանապարհների բացակայության փաստով, շահագրգռված է այլընտրանքային ճանապարհներ ստեղծելով: