22 հունվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՐՍԻ ՀԱՇՎԻՆ ՓԵՍԱՅԻՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
Հայկական այս ասացվածքի իմաստը լիովին համապատասխանում է թալիշ անջատողականների պահվածքին, որոնք ձգտում են Ադրբեջանի վստահությունը շահել հակահայկական քարոզարշավի միջոցով:
Ստվերում գործող թալիշական «Թալիշպրես» լրատվական գործակալությունն ուրբաթ տարածել էր հայտարարություն, համաձայն որի` Բավքի մի շարք բարձրաստիճան չինովնիկներ հովանավորում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործող ստվերային առեւտուրը: Աղբյուրի տվյալների համաձայն` հայկական շուկա նավթամթերք է արտահանում տնտեսական զարգացման նախարար ֆարհադ Ալիեւի եւ Արժեթղթերի պետական հանձնախմբի նախագահ Հեյդար Բաբաեւի կողմից վերահսկվող ընկերությունը: Հայաստան թեյի, բուսական յուղի եւ ձկան արտահանման հովանավորն է, իբրեւ թե, Մաքսային հանձնաժողովի պետ Քեմալեդդին Հեյդարովը, իսկ ցորենի արտահանման «տանիքը» նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւն է: Աղբյուրը չի նշում փաստեր, որոնք կարելի կլիներ հիմք ընդունել նման եզրակացության հանգելու համար: Հայերի հետ կապեր ունենալը մերկացնելու ճանապարհով ադրբեջանական իշխանավորների վարկաբեկման փաստն ինքնին հատուկ է թալիշ անջատողականների գաղափարախոսությանը:
Թալիշական լրատվական գործակալության տարածած տվյալներն իհարկե չպետք է լուրջ ընդունել: Հայաստանի եւ Ադրբեջանի ստվերային առեւտրական կապերն այսօր այն մակարդակի վրա չեն, որ կարիք ունենան նման բարձրաստիճան հովանավորչության: Բաքվի իշխանություններն իրենց հերթին ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն հակամարտող կողմերի բիզնեսմենների գործնական կապերի հաստատման ցանկացած փորձ: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ «Թալիշպրես»-ի հաղորդագրությունը: Այս հարցը չի առաջանում նրանց մոտ, ովքեր գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում կառույցը եւ ինչ նպատակներ է հետապնդում: Իրականում սա լրատվական գործակալություն չէ, այլ` ստվերում գործող թալիշական ազգային շարժման «քարոզչության բաժինը»: Դրա գլխավոր նպատակն է տեղեկատվական պատերազմ վարել Ադրբեջանի կառավարության դեմ: Շեշտում եմ` Կառավարության, այլ ոչ` երկրի: Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվել, թե հրաժարվելով ազգային ինքնորոշման պայքարից` թալիշական առաջնորդներն իրենց ուշադրությունը սեւեռել են Ադրբեջանում «մի կտոր իշխանություն» ձեռք բերելու վրա: Այժմ նրանց նպատակն է Իլհամ Ալիեւի վարչակարգի դեմ ելնել որպես արմատական ընդդիմություն, միաժամանակ` որպես միասնական հայրենիքի պաշտպաններ:
Այս նպատակին հասնելու համար թալիշական գաղափարախոսներն առավել հաճախ են հանդես գալիս միաժամանակ հակաալիեւյան եւ հակահայկական քարոզչությամբ: Որպեսզի ձեռք բերեն ադրբեջանցիների համակրանքը, նրանք ձգտում են ապացուցել, թե հենց թալիշական առաջնորդներն են եղել ղարաբաղյան հայերի դեմ կռվողների առաջին շարքերում: Թալիշական քարոզչության առանցքներից մեկն էլ ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծման եւ Ադրբեջանի ֆեդերալ հանրապետության ստեծման անհրաժեշտությունն է: Այդ դեպքում, համաձայն նրանց մտադրության, Թալիշստանը պետք է ձեռք բերի ինքնավարության կարգավիճակ` Ղարաբաղի կարգավիճակի նման: Այդպիսով, ինչպես եւ նախկինում, թալիշ գործիչները փորձում են շահել ի հաշիվ ղարաբաղցիների: Ահա թե որն է թալիշական շարժման առաջնորդ Ալիքրամ Գումբատովի վերջին բոլոր հարցազրույցների է մեջ առկա բառիս բոլոր իմաստներով կասկածելի գաղափարների էությունը:
Լենկորական անջատողականները վաղուց արդեն իրենց սովորեցրել են խարույկից շագանակներ հանել ուրիշի ձեռքերով: Հիշեցնենք հենց միայն այն, որ Ադրբեջանի հարավ-արեւելքում այսպես կոչված «Թալիշ-Մուղնական Հանրապետությունը» հայտարարվեց այն ժամանակ, երբ ղարաբաղցի հայերը հարձակման անցան եւ առգրավեցին Բաքվի ունեցած ողջ ռազմական եւ քաղաքական ռեսուրսները: Հետաքրքրական է, որ այժմ էլ «արտաքսված կառավարությունը» ձգտում է Եվրոպայում ազդեցություն ձեռք բերել` օգտագործելով հայկական լոբբիի հնարավորությունները: Ինքնակոչ հանրապետության գահընկեց «նախագահ» Ալիքրամ Գումբատովը, ով 10 տարի նստել է ադրբեջանական բանտում եւ Արեւմուտքի կողմից ճանաչվել է քաղբանտարկյալ, այժմ բնակվում է Հոլանդիայում: Միանգամայն անակնակալ էր, երբ նա փորձեց կապեր հաստատել տեղի հայ համայնքի ղեկավարների, Եվրոպայի հայկական հասարակական-քաղաքական եւ լոբբիստական կառույցների հետ: Անցյալ շաբաթ նա հայտնվեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմի շնորհանդեսին եւ նույնիսկ փոքրիկ ելույթ ունեցավ` դատապարտելով երիտթուրքերի կառավարության բռնարարքները: Սա այն նույն Գումբատովն է, ով 1991թ.-ին ջոկատ էր գլխավորում եւ Ղարաբաղ մեկնեց կռվելու հանուն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության»: Զարմանալի է, որ այսօր նա իրեն թույլ է տալիս հոլանդահայերին ձեռք մեկնել, որը թաթախված է նրանց հայրենակիցների արյունով:
Հայկական ասացվածք կա, որն առավել քաղաքավարի խմբագրմամբ այսպես է հնչում` «Հարսի հաշվին փեսային լավություն անել». այն ինչ փորձում են անել թալիշական շարժման առաջնորդները:
Արտյոմ Երկանյան