10 փետրվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Երեւանում հույս ունեն, որ Զուրաբ Նոգայդելիի նշանակումը թույլ կտա պահպանել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ առկա վստահության մթնոլորտը:
Մոտ օրերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կստորագրի ֆիանսների նախարար Զուրաբ Նոգայդելիին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանը: Հայաստանի ղեկավարությունն այս գործչի հետ գործընկերության մեծ փորձ ունի, եւ հիմքեր կան հուսալու, որ նոր ղեկավարի նշանակմամբ միջկառավարական հարաբերությունները չեն տուժի:
Հայաստանի ղեկավարությունը Զուրաբ Ժվանիայի հետ ամենաջերմ կապերն էր հաստատել, եւ դա ամենեւին էլ պայմանավորված չէր նրա ազգային ծագմամբ: Նրա հետ գործնական կապերը բավականին հաջող էին ընթանում: Ժվանիան անձամբ էր համակարգում Հայաստանին առնչվող հարցերի լուծման աշխատանքները: Այդ պատճառով վարչապետի ողբերգական մահը բացի անկեղծ ցավակցությունից Հայաստանի ղեկավարության մոտ անհանգստություն առաջացրեց երկրի նախկին ղեկավարի հետ ձեռքվբերված համաձայնությունների առիթով: Դժվար է ասել, թե արդյոք Զուրաբ Նոգայդելիի նշանակումը թույլ կտա պահպանել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստեղծված վստահության մթնոլորտը: Սակայն ստեղծված իրադրությունում, գուցեեւ, այս նշանակումն ամենաօպտիմալն էր, եւ այն չի կարող վտանգել հայ-վրացական հարաբերությունները:

Նոգայդելին քաջ հայտնի է Հայաստանի ղեկավարությանը: Դեռեւս պատգամավոր լինելով նա մասնակցել է հայ-վրացական միջխորհրդարանական հանդիպումներին, ինչպես նաեւ` Վրաստանի եւ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միջոցառումներին: Ֆինանսների նախարարի պաշտոնավարման ընթացքում նա նորմալ աշխատանքային հարաբերություններ էր հաստատել հայկական կառավարության անդամների հետ: Նա աշխատել է եւ ֆիննախարարության ղեկավար Վարդան Խաչատրյանի, եւ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի, եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մարգարյանի հետ: Նախարար Նոգայդելին երկու անգամ այցելել է Հայաստան: 2001թ.-ի թետրվար եւ հոկտեմբերի ամիսներին: Երկու անգամ էլ նրա այցելության գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանին Վրաստանի 20-միլիոնանոց պարտքի ճակատագիրը: Այն ժամանակ նախարարի պահվածքը մի փոքր տարօրինակ էր, քանի որ նախ նա կասկածի տակ առավ պարտքի գումարի չափը, այնուհետեւ երկար ժամանակ խուսափում էր պարտքի մարման ժամկետների եւ ձեւերի մասին հարցի պատասխանը տալուց: Երեւանում Նոգայդելին իրեն դրսեւորեց ճիշտ այնպես, ինչպես այսօր նրան բնութագրում է վրացական խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` կոշտ, անզիջում եւ փոխզիջումների չգնացող անձ: Հայտնի չէ` ինչով կավարտվեին պարտքի շուրջ բանակցությունները, եթե նախագահ Շեւարդնաձեն նախարարին հրահանգ չտար սկսել պարտքի մարումը: Ամեն դեպքում, նշենք, որ բանակացություններին Նոգայդելիի դրսեւորած կոշտությունն ամնեւին էլ պայմանավորված չէր Հայաստանի հանդեպ ինչ-որ հատուկ վերաբերմունքով: Պարզապես նախարարը պատասխանատվություն էր զգում պետբյուջեի իրականացման համար եւ գնահատում էր յուրաքանչյուր կոպեկը: Արդյունքում, ձախողելով բյուջեն` նա ստիպված էր լքել կառավարությունը, սակայն դա արեց գեղեցիկ` հայտարարելով, թե համաձայն չէ Էդուրադ Շեւարդնաձեի քաղաքականության հետ:

Ընդհանուր առմամբ, Նոգայդելիի նշանակումը բավարարում է նաեւ Վրաստանի հայ համայնքին: Նախարար Նոգայդելին փորձում էր ուշադրություն հատկացնել Ջավախքի խնդիրներին: Մասնավորապես, դեկտեմբերին նա խոստացավ, որ ամեն գնով միջոցներ կգտնի Թբիլիսի-Նինոծմինդա ավտոմայրուղու շինարարության եւ Ջավախքում այլ ծրագրեր իրականացնելու համար: Նոգայդելին լավ հարաբերությունների մեջ է հայ համայնքի ղեկավարության հետ: Ինչպես հայտնի է, Նոգայդելին Զուրաբ Ժվանիայի թիմի հուսալի անդամներից մեկն էր, որում կարեւորագույն դեր ուներ նաեւ Վրաստանի հայերի միության ղեկավար Գենա Մուրադյանը: Նախարարների նոր կաբինետի ղեկավարը եւ հայ համայնքի ղեկավարը մեկ քաղաքական կլանի անդամ են, եւ հույս կա, որ նախատեսվող կադրային փոփոխություններից հետո էլ Մուրադյանը կպահպանի իր պաշտոնը: (Այժմ նա ըստ էության տրասպորտի նախարարն է, քանի որ արդյունաբերությունը, առեւտուրը, տրանսպորտը եւ կապը համակարգող գերատեսչության փոխնախարարն է):

Վերլուծաբանները կանխատեսել էին, որ վարչապետ կնշանակվի Ժվանիային հավատարիմ անձը: Այս նշանակումը նպատակ ուներ պահպանել իշխող եռիշխանությունը: Բացառված չէ, որ շուտով եռիշխանությունը կազմող կարեւորագույն մարմինների մեջ լուրջ հակասություններ կծագեն: Սա Վրաստանին թույլ կտա առողջ ընդդիմություն ունենալ, որն այժմ չկա, քանի որ հարեւան երկրում շատ բան կախված է կայունությունից:

Արտյոմ Երկանյան