2 մարտի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայկական համայնքը կպայքարի երկու նախարարական պաշտոնները նոր կառավարությունում պահելու համար:
Լիբանանի վարչապետ Օմար Քարամեի հրաժարականն առիթ դարձավ կառավարության այսօր արդեն նախկին ղեկավարի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ արյունալի բախումների: Լիբանանում ստեղծված իրավիճակն արեւմտյան մամուլը գնահատում է որպես քաղաքացիական պատերազմի ծավալման իրական վտանգ: Հակամարտությունը քաղաքականից կարող է կրկին վերափոխվել միջկրոնականի, որը չի կարող չանհանգստացնել Լիբանանի հայ համայնքին:
Որպես վարչապետ Օմար Քարամեն բավարարում էր հայ համայնքին: Չնայած հայկական կուսակցություններն առավել սերտորեն էին համագործակցում շիիթների եւ քրիստոնեաների հետ, 70-ամյա սուննիթ Քարամեն բավականաչափ ուշադիր էր հայ համայնքի նկատմամբ: Ակնհայտ է, որ նրա ղեկավարած Արաբական ազատագրման կուսակցությունն ակնկալում է հայերի աջակցությունը այս տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Բանն այն է, որ իր անհաշտ թշնամի Ռաֆիկ Հարիրիի հրաժարականից հետո իշխանության գալով` Քարամեն անմիջապես որոշում կայացրեց հայ համայնքին եւս մեկ նախարարական պորտֆեյլ տրամադրելու մասին: Հայ համայնքի համար հեշտ չի լինի պահպանել ներկայիս ներկայացուցչությունը կառավարությունում:
Օմար Քարամեն պետական կառավարաման համակարգում տարբեր ազգային եւ կրոնական խմբերի ներկայացուցիչների նախկին համամասնության պահպանման կողմնակիցն էր: Այդ համամասնությունն ամրագրված էր դեռեւս 1974թ.-ի համաձայնագրում: Բացառված չէ, որ նոր կաբինետը կձեւավորվի առանց այս համաձայնագրերի պահանջները հաշվի առնելով: Այս մասին ենթադրել են տալիս օրեցօր ամրացող ընդդիմության առաջնորդների հայտարարությունները: Այս մասին է նաեւ վկայում Սպիտակ տան մամլո քարտուղար Սքոթ Մաքլելինի երեքշաբթի արած հայտարարությունը: Խրախուսելով «կադրային հեղափոխությունը»` նա հայտարարել է, որ Քարամեի հրաժարականը «Լիբանանի ժողովրդին հնարավորություն է տալիս նոր կառավարություն ունենալ, որն իրապես կներկայացնի այդ երկրի ազգային բազմազանությունը»: Կարելի է ենթադրել, թե ամերիկացիների կարծիքով նախորդ կառավարությունը չուներ այդ բազմազանությունը: Չնայած, պետք է խոստովանել, որ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո իսկապես փոփոխվել է երկրի ազգային եւ կրոնական կազմը: Եթե հակամարտությունից առաջ Լիբանանում ապրում էր ավելի քան 150 հայ, ապա այժմ նրանց թիվը երկու անգամ քիչ է: Այս փաստը մատնանշեց Ռաֆիկ Հարիրին, երբ ժամանակին «կրճատեց» հայերի ներկայացուցչությունը իշխանական կառույցներում: Հանգուցյալ վարչապետի նման վերաբերմունքը հայերի նկատմամբ կարելի էր բացատրել նրանով, որ վերջին ընտրություններին մեր հայրենակիցներն աջակցել էին նրա հակառակորդին:
Ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունում կգերակշռեն սիրիական ռազմական ներկայության հակառակորդները: Քաղաքականապես ակտիվ շատ լիբանանահայերի համար սա անցանկալի կլինի: Ժամանակին հայկական քաղաքական կուսակցությունները համագործակցել են Սիրիայի հետ կապեր ունեցող շարժումների եւ խմբավորումների հետ: Դրանցից են թե Օմար Քարամեի ղեկավարած Արաբական ազատագրման կուսակցությունը, թե «Ամալ» շիիթական շարժումը: Լիբանանահայերը մշտապես առավել համակրել են քրիստոնեա-մարոնիթներին, որոնց առաջնորդներից մեկն էլ նախագահ Էմիլ Լահուդը Արեւմուտքում ընկլավում է որպես «Դամասկոսի շահերն առաջ տանող»: Սակայն, վերջին տարիներին քրիստոնեա-արաբները նույնպես բաժանվել են սիրիական ներկայության կողմնակիցների եւ հակառակորդների: Օրինակ, լիբանանահայերը սերտորեն համագործակցում են նաեւ «Քաթաիբ» կազմակերպության հետ, որը միավորում է Դամասկոսի քաղաքականությանը դեմ արտահայտվող արմատական մարոնիթներին:
Դաշնակցություն եւ Հնչակյաններ հայկական քաղաքական կուսակցությունները մինչ վերջերս ընտրություններին մասնակցում էին միասնական դաշինքով: Սակայն անցած խորհրդարանական ընտրություններին որոշեցին փոխել ռազմավարությունը եւ առանձին ցուցակներ ներկայացրին: Միաժամանակ եւ դաշնակները, եւ հնչակները հանդես եկան իշխանամետ դիրքերից: Այդ ռազմավարությունն իրեն այնքան էլ չարդարացրեց: Խորհրդարանում դաշնակների դիրքերը նկատելիորեն թուլացան: Այնուհանդերձ լիբանանյան դաշնակների ղեկավար Սեպուհ Թաշչյանը մտավ կառավարություն: Ինչպես նաեւ Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ 2000թ.-ին խորհրդարանում ընտրվեց Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչը: Տեղի ունեցող փոփոխություններից հետո, կարծում ենք, հայկական կուսակցությունների առաջնորդները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը: Ակնհայտ է, որ Լիբանանում սիրիացիների օրերը հաշվված են, իսկ նախագահ Լահուդին աջակցող քաղաքական ուժերի դիրքերն օրեցօր թուլանում են:
Այժմ Լիբանանում ուժերի վերախմբավորման գործընթաց է տեղի ունենում: Ո՞ւմ կընտրեն հայկական քաղաքական կուսակցությունները: Այս հարցից էլ կախված է, թե մոտագա հինգ տարիներին որքան ամուր կլինեն հայ համայնքի դիրքերը:
Արտյոմ Երկանյան