10 մարտի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԵՃԻՆ
Ջավախահայերը գիտակցում են, որ ռուսական զորքերի հեռացմանն այլընտրանք չկա, եւ հիմարություն կլինի դրա պատճառով փչացնել հարաբերությունները վրացիների հետ:
Վրաստանի խորհրդարանը սկսել է հանրապետության տարածքից ռուսական զինվորական բազաների դուրս բերմանը վերաբերող որոշման քննարկումները: Ռուսական եւ վրացական կողմերի միջեւ համաձայնության գալու ժամկետը նշանակված է մինչեւ մայիսի 15-ը: Եթե Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք չբերվի, ապա երկրի տարածքում ռուսական բազաների առկայությունը խորհրդարանը անօրինական կհայտարարի եւ կառավարությանը կհանձնարարի իրականացնել «ռուսական ռազմական ներկայության լիկվիդացման» պայմանների ապահովման միջոցառումների ծրագիրը: Այսպիսով, շուտով կարող է ստեղծվել հարավ-կովկսայնա տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգությանը սպառնացող իրադրություն: Յուրահատուկ նրբախնդիր իրավիճակում է հայտնվում Հայաստանը, քանի որ ռուսական բազաներից մեկը գտնվում է հայաբնակ Ախալքալաքի շրջանում, որի բնակիչները կողմնակիցն են ռուսական ռազմական ներկայության պահպանմանը:
Ներկայումս Վրաստանի տարածքում գործում են 12-րդ (Բաթումի) եւ 62-րդ (Ախալքալաքի) ռուսական բազաները, ինչպես նաեւ Թբիլիսիում տեղակայված ռուսական զորքերի շտաբ խմբերը: Վրացական կողմը հաշվարկել է, որ ռուսական զինվորական թվաքանակը երեք հազար մարդ է: Մոսկվան հասկացնել է տալիս, որ առաջիկա երեք տարիների ընթացքում խոսք չի կարող լինել զորքերի դուրս բերման մասին: Վերջերս պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարեց, որ զորքերը կլքեն Վրաստանը միայն Ռուսաստանի տարածքում երկու նոր զինվորական բազաների ստեղծումից հետո: Այդ իսկ պատճառով, կոնկրետ ժամկետների մասին այսօր հնարավոր չէ խոսել: Իսկ Վրաստանը պնդում է զորքերի անհապաղ դուրս բերմանը` օրինակ բերելով Լիբանանի իրադրությունը, որտեղ սիրիական զորքերի ներկայության հարցը որոշվեց հաշված օրերի ընթացքում: Այսպիսով, ակնհայտ է, որ բազաների դուրս բերման հետ կապված հակամարտության զարգացումը բարձր հավանականություն ունի:

Վրացիները հաստատակամ են ճնշման բոլոր հնարավոր միջոցները կիրառելու մեջ: Ոչ միայն դիվանագիտական, այլեւ` կենցաղային, էներգետիկ, սանիտարական: Նման գորոծողությունների որոշակի փորձ վրացիներն ունեն: Ժամանակին օգտվելով այն հանգամանքից, որ բազաները չէին վճարել կոմունալ հարկերը` անջատել էին լույսը եւ ջուրը: Ի դեպ, այժմ էլ պարտքեր կան, եւ պատժամիջոցների կիրառման ֆորմալ առիթ կա: Մեկ այլ միջոցը բազաներին մթերք մատակարարող կոմերցիոն ընկերությունների վրա ճնշում գործադրելն է: Սա նույնպես եղել է: Հարկային մարմինները չնախատեսված ստուգումներ են անցկացրել Ախալքալաքի հայերին պատկանող ընկերություններում, որոնք բազաներին բանջարեղեն եւ միս են մատակարարում: Այդ միջոցները կարող են վերականգնվել: Կարող են բազաները լրիվ շրջափակման ենթարկել: Հենց սա է ամենահավանական սցենարը: Եթե բազաները չստանան հոսանք, գազ, ջուր, մթերք, դադարի գործել կոյուղին, ապա դա համապատասխան գործողություններ առաջ կբերի Մոսկվայում: Չէ որ Վրաստանն օգտագործում է ռուսական էլեկտրաէներգիան եւ գազը: Թբիլիսիում սա գիտակցում են, այդ իսկ պատճառով էլ Սաակաշվիլին այդքան էլ արմատական չէ, որքան պատգամավորները:

Ճնշման մեկ այլ ձեւն էլ երկրի տարածքով ռուսական զինվորականների տեղափոխման սահմանափակումն է: Անցյալ տարի Վրաստանը դադարեցրեց վիզաներ տրամադրել ռուս զինծառայողներին: Բազաները համալրված չէն: Ընդհանուր թվաքանակը 3 հազար է, սակայն պետք է լիներ 4.5 հազար: Ախալքալաքի բազան ավելի վատ է համալրված, քան Բաթումիինը: Բանն այն է, որ հրամանատարությունը հայ-սպաներին Ախալքալաքից տեղափոխել է Ռուսաստան` զգուշանալով, որ հեռացման ժամանակ զենքը կարող է հայտնվել տեղի բնակիչների ձեռքում: Սակայն նրանց փոխարինողներ չեն եկել:

Ախալքալաքի բազայի շուրջ ծավալված լարվածությունը կարող է խիստ բացասաբար ազդել ջավախահայերի անվտանգության եւ շահերի վրա: Երեւանը շահագրգռված է բազաների շուրջ հակամարտության կարգավորմամբ: Գաղտնիք չէ, որ ռուսական հատուկ ծառայություններն աշխատանքներ են տանում տեղի բնակիչների շրջանում` խրախուսելով ակտիվիստներին աջակցելու ռուսական ռազմական ներկայությանը: Հիշեցնենք, որ Վրաստանի հայաբնակ շրջաններում գործող «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստոյանը երկու տարի առաջ հայտարարել էր, որ տեղի հայերը պատրաստ են պաշտպանել ռուսական բազաներին: «Եթե Ռուսաստանը չցանկանա դուրս բերել զորքերը Ախալքալաքից, նրան անհրաժեշտ լինի մեր օգնությունը, ապա մեր օգնությունը բավական կլինի»: Այդ բազմանշանակ հայտարարությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Թբիլիսիում գտնում են, որ պարոն Ռստակյանի արտահայտությունը պետք է ընդունել որպես այն բանի ապացույց, որ ռուսական հատուկ ծառայությունները պատրաստվում են ոտքի հանել հայերին: Սակայն պետք է նշել, որ այժմ ջավախահայերը իրենց թույլ չեն տա նման կտրուկ արտահայտություններ: Չնայած նրանք ռուսական զորքերի կողքին իրենց ավելի պաշտպանված են զգում, այնուհանդերձ ախալքալաքցիները գիտակցում են, որ ռուսների հեռացմանն այլընտրանք չկա, եւ հիմարություն կլինի դրա պատճառով փչացնել հարաբերությունները վրացիների հետ: