21 ապրիլի 2007 - 18:01 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան վերադառնում է իսլամական ակունքներին
Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը, որը որդեգրել է Թուրքիայի իսլամական զարգացման ուղին, կարող է լրջորեն բարդացնել երկրի առանց այն էլ խախուտ վիճակը դեպի Եվրոպա ճանապարհին
Թուրքիան գնալով ավելի է հեռանում քաղաքակրթությունից, վերադառնալով Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակները, երբ քրիստոնյաի կյանքը ոչինչ չարժեր, իսկ մահմեդական մարդասպանները դառնում էին պետության հերոսներ: Եվ այժմ, եւ այն ժամանակ սպանության գործիքը դրվում էր ոչինչ չհասկացող եւ ոչնչով չզբաղվող երիտասարդության ձեռքը: Պետք է նշել, որ արմատական իսլամիստները հիմնականում հավաքագրում են իրենց կազմը չունեվոր եւ գործազուրկ զանգվածից, հոգեպես անկայուն մարդկանցից:
Եվ ով կարող է այդ դեպքում ավելի գրավիչ լիենլ, քան պանթուրքիզմի գաղափարներով եւ իրականում գոյություն չունեցող «թուրք ազգի բացառիկությամբ» արբեցած երիտասարդը: Այդ երիտասարդները չգիտեն թե ինչ է գիրքը, հաճախ գրել էլ չգիտեն: Փոխարենը լավ են հասկանում «ներքին թշնամիներից» եւ իսլամից: Ինչպես գրում է թուրք լրագրող Բուրակ Բեկդիլը, նրանք միայն մեկ գիրք գիտեն` «Այդ խելագար թուրքերը» եւ մեկ ֆիլմ` «Գայլերի հովիտը»: Հավանաբար, դա բավարար է, քրիստոնյաներին սպանելու համար:
Սպանությունը Մալաթիայում կատարվել է թուրքական հասարակության մեջ տարածվող մտավախությունների ֆոնի վրա այն առիթով, որ պաշտոնական Անկարան կարող է վերջ տալ աշխարհիկ թուրքական պետության գոյությանը: Թուրքական հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջին նվաճումներից մեկը` պետությունից եկեղեցու անջատման սկզբունքը վերացնելու իր մտադրության մասին արդեն բազմիցս հայտարարել են Թուրքիայի այսօրվա քաղաքական վերնախավի ներկայացուցիչները: Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը, որը որդեգրել է Թուրքիայի իսլամական զարգացման ուղին, կարող է լրջորեն բարդացնել երկրի առանց այն էլ խարխուլ վիճակը դեպի Եվրոպա ճանապարհին:
Գերմանիան հայտնվեց այդ հանցագործությունը դատապարտածների առաջինների թվում: Դա հասկանալի է` նա նախագահում է ԵՄ-ում եւ պնդում է «արտոնյալ գործընկերության», այլ ոչ թե լիարժեք անդամակցության վրա: Բեռլին կատարած իր վերջին այցի ժամանակ Ռեջեփ Էրդողանը հնարավոր համարեց վերջնագիր ներկայացնել Եվրոպային: Սակայն այդ իրադարձությունները, որոնք հավանաբար վերջինը չեն, ի չիք են դարձնում բոլոր հայտարարությունները «ժողովրդավարությանն ու առաջընթացին Թուրքիայի հավատարմության» մասին: ԳԴՀ արտգործնախարար Ֆրանց Վալտեր Շտայնմայերը (ՔԴՄ) վճռականորեն դատապարտեց այդ հանցագործությունը: Քրիստոնյա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Ռոնալդ Պոֆալլան հայտարարել էր, որ թուրքական պետությունը դեռեւս շատ հեռու է կրոնի ազատությունից, որը բնորոշ է Եվրոպային: Իսկ «Կանաչների» կուսակցության համանախագահ Կլաուդիա Ռոտը հայտարարել էր Deutsche welle-ին տված հարցազրույցում, որ միջազգային հանրությունը ակնկալում է Թուրքիայից այդ վայրագ սպանության հանգամանքների արագ եւ լիակատար քննություն: Ի դեպ, հենց դրանում կասկածելու հարկ չկա: Անմիջական մարդասպանները կձերբակալվեն, ինչպես դա եղավ Հրանտ Դինքի սպանության դեպքում: Սակայն կավարտվի արդյոք սրանով քրիստոնյաների հետապնդումը, դժվար է ասել: Հավանաբար, ոչ:
Երեք քրիստոնյաների, այդ թվում ԳԴՀ մեկ քաղաքացու, դաժան սպանությունից գրեթե մեկ օր անց թուրքական ոստիկանությունը ձերբակալեց ընդհանուր հաշվով տասը կասկածյալի: Բոլոր ձերբակալվածները 17-20 տարեկան երիտասարդներ են: Երկուսի մոտ զենք է հայտնաբերվել, որով կատարվել է սպանությունը: Նրանք արդեն խոստովանել են եւ հայտարարել, թե դրան են գնացել հանուն «հայրենիքի եւ հավատի», ինչպես նաեւ «իսլամի բոլոր թշնամիներին դաս մատուցելու» համար:
Թուրք բողոքականների ներկայացուցիչները վերջերս հաճախակի դարձած քրիստոնյաների հանդեպ ոտնձգությունները հրապարակայնորեն անվանել են «վհուկների որս միջնադարի ոգով»: «Եկեղեցին վտանգված է» միջազգային կաթոլիկ կազմակերպության աշխատակից Միխաել Ռագգի խոսքերով, իրենց քրիստոնեական հավատը չթաքցնող մարդիկ Թուրքիայում «ծայրահեղականների թիրախ են հանդիսանում: Այդ մասին է վկայում տարեսկզբին կատարված հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը»; Այդ կապակցությամբ Ռագգը նշում է, թե ինչ պայմաններում է ստիպված ապրել եւ աշխատել Թուրքիայում երկրում միակ կաթոլիկ եկեղեցականը: Երկու տարի առաջ իր դեմ կատարված մահափորձից հետո նա չի լքում իր տունն առանց պաշտպանների: Մեկ այլ կաթոլիկ եկեղեցու սպասավոր անցյալ տարվա սկզբին սպանվեց մեջքին կրակոցով հենց այն պահին, երբ կիզակետում էին բողոքները ընդդեմ Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը արեւմտյան մամուլում:
«Մալաթիայում կատարված ահասարսուռ սպանությունները ցույց տվեցին, թե ինչ հրեշավոր հանցագործությունների են ունակ մոլեռանդները: Ծայրահեղ ազգայնականները քրիստոնյաներին բացահայտ անվանում են իրենց երկրի թշնամի, վերջերս հաճախակի են դարձել հարձակումները` այդ թվում մահացու վախճանով: Անհեթեթ են այն պնդումները, թե քրիստոնյա առաքելության անդամները խարխլում են պետության քաղաքական եւ կրոնական հիմքերը: Թուրքիայում, որի բնակչությունը կազմում 70 միլիոն մարդ, ընդամենը մոտ հարյուր հազար քրիստոնյա կա: Նվազագույն փոքրամասնություն, որը ցանկանում է, որ իրեն հանգիստ թողնեն, սակայն միեւնույն ժամանակ շարունակում է պայքարել կրոնական համայնքի իր իրավունքների համար», գրել է Mannheimer Morgen թերթը: