28 ապրիլի 2007 - 16:25 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ցանկանում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ
Եթե Վաշինգտոնը չի ուզում նեղացնել Ադրբեջանին, նշանակում է Բաքուն նրան շատ է պետք, չէ որ դա նավթ է, գազ, Իրանին հարվածելու հնարավոր պլացդարմ, տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա
Ցանկացած երկրի արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթերը վերջնական են եւ վերանայման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց բովանդակությունը սպառնում է պետության հիմնական առաջնայնություններին կամ պետության անվտանգությանը: ԱՄՆ-ում միշտ է այդպես եղել, առնվազն, մինչեւ 2006 թվականը: Փորձաքար դարձավ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող բաժինների մի մասը` այն առումով, թե ինչպես խոսել Լեռնային Ղարաբաղի մասին:
Սկզբունքորեն, մարդու իրավունքներին վերաբերող զեկույցում հակամարտության հիշատակումն այնքան էլ տեղին չէ, սակայն բանը դրանում չէ: Հիշեցնենք, որ սկզբնական տեքստում, որն էլ դարձավ հակամարտության հարցում ադրբեջանական տեսակետի վերջնական արտացոլումը, ասվում էր.«Հայաստանը գրավել է Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղը եւ մերձակա տարածքները»: Այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ տեքստը չի համապատասխանում իրողությանը, ձեւակերպումը փոխարինվեց, դրանից առավել անհասկանալի դառնալով: «Հայկական զինված ուժերը զբաղեցնում են Ադրբեջանի մի մեծ մասը, որը պատկանում է Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն ասում են, թե հանրապետությունը ուղղակիորեն չի օկուպացրել Լեռնային Ղարաբաղը»: Կոպիտ ասած, ամեն ինչ գրեթե անփոփոխ մնաց: Սակայն այստեղ արդեն հանդես եկավ Ադրբեջանը, նույնիսկ չսպառնալով, այլ վախեցնելով, թե կհրաժարվի մասնակցել անվտանգության հանձնաժողովի աշխատանքին: Եվ միանգամից ամեն ինչ վերադարձավ իր տեղը: Միանգամից մի քանի հարց է ծագում եւ ամենակարեւորը` եթե գերտերությունը չի ցանկանում նեղացնել Ադրբեջանին, ուրեմն Բաքուն նրան շատ է հարկավոր` նավթ, գազ, Իրանի դեմ հարվածի հնարավոր հարթակ, տրանսպորտային ուղի դեպի Կենտրոնական Ասիա: Հարկավոր է որպես Թուրքիայի դաշնակից: Իսկ ի՞նչ օգուտ կարելի է քաղել Հայաստանից: Ընտրություններն էլ, Աստված չանի ԱՄՆ-ի համար, նորմալ կարող է անցնեն, «գունավոր» հեղափոխություններ չեն նախատեսվում եւ նույնիսկ ընդդիմությունն է ինչ-որ մեղմացել, իր երկրի մասին է սկսել մտածել, բացառությամբ մեկ-երկու ներկայացուցիչների, որոնք եղանակ չեն ստեղծում: Այնպես որ ավելի լավ է Հայաստանին թողնել, որ ինքնուրույն գլուխ հանի: Սկզբունքորեն ասած, վաղուց էր այդպես պետք:
Ճիշտ է, լիովին անտեսել ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը չի ստացվի, ինչն արվեց Հայաստանի կողմից: ՀՀ ԱԳՆ-ն համարում է, եւ միանգամայն իրավացիորեն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխությունների հարցում մոտեցումն ի սկզբանե լուրջ չէր: «Ոչինչ, մի անգամ էլ կփոխեն: Կարեւորն այն է, որ առաջին ուղղմամբ եւ հավաստիացումներով ԱՄՆ-ն ընդունեց իր սխալը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վ.Կարապետյանը:
Կարծես թե ամեն ինչ լավ է, եթե չլիներ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի ԱզերԹաջ գործակալությանը տված ծավալուն եւ խճճված հարցազրույցը: «Հայտարարությունը զեկույցի նախնական տարբերակում սխալ էր: Եթե հաշվի առնենք Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկայիս փուլը, ապա դա մեր սխալն էր: Եկեք եւս մեկ անգամ վերլուծենք` ուղղման մեջ ասվում է, որ հայկական ուժերը օկուպացրել են տարածքները, սակայն Հայաստանի պաշտոնական անձինք հայտարարում են, թե իրենք չեն օկուպացրել Լեռնային Ղարաբաղը: Ինչպես տեսնում եք, մենք ուղղակի նշել ենք այն, ինչ ասում է հայկական կողմը: Ներկայումս մենք գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի այն փուլում, երբ կողմերը բանակցում են նրա հետագա կարգավիճակի մասին: Այդ կարգավիճակը Մինսկի խմբի միջնորդությամբ կորոշվի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը եւ ԵԱՀԿ որոշումները:
Ուստի եթե մենք, ինչպես դա նախնական տարբերակում էր, սխալ հայտարարենք, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, ապա այդ հայտարարությունը կկանխորոշի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների արդյունքները: Մենք չենք կարող որոշել արդյունքները, արդյունքները պետք է ի հայտ գան բանակցությունների ընթացքում: Ուստի կրկնում եմ, որ մենք սխալ ենք թույլ տվել: Եվ ուղղել ենք մեր սխալը: Նշեմ նաեւ, որ ոչ ոքի ազդեցության տակ մենք չենք գործել: Ոմանք ասում են, թե մենք դա արել ենք սփյուռքի ինչ-որ խմբերի ազդեցության տակ: Դա այդպես չէ»: Բրայզայի ասածից անհասկանալի է մնում, թե երբ է ԱՄՆ-ն սխալ թույլ տվել` առաջին անգամ թե երկրորդ: եթե առաջին, ամեն ինչ պարզ է, սխալն ուղղել են: Եթե երկրորդ` կրկնակի անհասկանալի է թե ինչն էին ուղղում: Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ այլեւս ուղղումներ չեն լինի եւ նրա հետ կարելի է համաձայնվել: Եթե ուղղումներ չլինեին առաջին անգամ, ամեն ինչ պարզ կլիներ` այդպիսին է ԱՄՆ դիրքորոշումը: Իսկ հետո խառնաշփոթ առաջացավ, որը դարձավ սովորական: Ինչեւէ, հազիվ թե զեկույցը կարելի է մեկ քայլ առաջ համարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այդ հասկացությունը, վերջերս, դարձել է ավելի շատ քաղաքական, քան բարոյական կատեգորիա: