5 մայիսի 2007 - 17:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Այն բանին, որ Երեւանը կհամաձայնվի Ղարաբաղի հարցի փուլային լուծմանը, չի հավատում ոչ ոք, այդ թվում նաեւ Իլհամ Ալիեւը
Հազիվ թե Իլհամ Ալիեւը ցանկանա արժանանալ Խոջալուն կորցրած նախկին նախագահ Այազ Մութալիբովի, կամ Հեյդար Ալիեւի պատվին, որի օրոք Ադրբեջանը զրկվեց չորս շրջաններից
Ըստ ամենայնի, Ադրբեջանն իսկապես պատերազմի է պատրաստվում: Կամ էլ ձեւացնում է, թե պատրաստվում է: Իլհամ Ալիեւի խոսքը Ռամանա ավանի բացման ժամանակ կարելի է գնահատել որպես հերթական ակցիա, ուղղված «ներքին կիրառմանը» կամ հերթական դեմարշ ԵԱՀԿ ՄԽ առաջարկների դեմ, որոնք, ըստ որոշ ենթադրությունների, ուղղված են ԼՂՀ-ին անկախություն շնորհելուն:
Սակայն որոշ հաղորդագրություններ, որ վերջերս հայտնվել են ադրբեջանական մամուլում, բացահայտորեն ցույց են տալիս, որ Բաքուն ակտիվորեն «նախապատրաստվում է» ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման: Ըստ քաղաքագետ Ալի Մասիմովի, «անհրաժեշտ է կառուցել ոչ միայն հզոր մարտունակ բանակ, այլ նաեւ պահեստներ սննդամթերքի համար, որոնք կարող են պետք գալ Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար մարտական գործողությունների վերսկսման դեպքում»: Այդ տեղեկատվությունը հայտնվեց փախստականների առջեւ Իլհամ Ալիեւի ելույթից անմիջապես հետո, որտեղ Ադրբեջանի նախագահը մեղադրեց Հայաստանին «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքի գաղտնիության պահպանման մասին պայմանավորվածությունը խախտելու մեջ»: Մնում է միայն գուշակել, թե ինչ ի նկատի ուներ Ադրբեջանի նախագահը, քանի որ հենց պաշտոնական Բաքուն է ժամանակ առ ժամանակ խոսում «ձեռք բերված պայմանավորվածության մասին», որն, իր վարկածով, ենթադրում է յոթ տարածքների վերադարձ Ադրբեջանին, որից հետո նախատեսվում է փախստականների վերադարձ: Ընդ որում Ալիեւը պնդում է, որ այդ առաջարկներն ընդունել են ինչպես Հայաստանը, այնպես էլ միջնորդները: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն շրջանակներում: Ընդ որում Ադրբեջանը դեմ չէ այդ տարածքում խաղաղապահների տեղակայմանը, ինչը Հայաստանի նախաձեռնությունն է»: Տարօրինակ է, որ Ալիեւը կրկին խոսում է կարգավորման փուլային տարբերակի մասին, որը հայկական կողմը մերժել է դեռեւս 1997 թվականին եւ դարձել է Հայաստանի առաջին նախագահի հրաժարականի պատճառը: Այն բանին, որ Հայաստանը կարող է այժմ համաձայնվել այդ տարբերակին, չի հավատում ոչ ոք, այդ թվում նաեւ Ալիեւը:

Այնուամենայնիվ որքանով է լուրջ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը հակամարտության գոտում: Հազիվ թե Իլհամ Ալիեւը ցանկանա արժանանալ Խոջալուն կորցրած նախկին նախագահ Այազ Մութալիբովի, կամ Հեյդար Ալիեւի պատվին, որի օրոք Ադրբեջանը զրկվեց չորս շրջաններից եւ կարող էր զրկվել եւս մի քանիսից, եթե չլիներ ադրբեջանական նախաձեռնությամբ շտապ կնքված զինադադարը: Ալիեւը հիանալի գիտի, թե ինչ է սպասում Ադրբեջանին պատերազմի դեպքում: Իսկ զենքը թափ տալ, առավել եւս ետեւում ունենալով, ինչպես սիրում է կրկնել Իլհամ Ալիեւը, «1 մլրդ կազմող ռազմական բյուջե եւ նավթ», շատ հեշտ է: Ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Ադրբեջանն ավելի շատ սպառզինություն ունի, քան Հայաստանը», ինչն ուղղակիորեն մատնանշում է, որ Բաքվի կողմից խախտվում է
ԵՍՍՄՊ գծով ստանձնած պարտավորությունները: Ուղղակի հետաքրքիր է, նա իրոք հավատում է, որ ադրբեջանական բանակը կկարողանա միայնակ, առանց թուրք խորհրդականների եւ տարբեր իսլամիստական խմբավորումների գրոհայինների հաղթել պատերազմում: Անցած անգամ, կային եւ մեկը, եւ մյուսը, սակայն պատերազմը տանուլ տրվեց: Հավանաբար, Ալիեւը որոշել է օգտվել Հայաստանում ծավալված քարոզարշավից եւ «աջակցել» հայկական ընդդիմությանը: Սակայն որքանով է պետք է այդ «աջակցությունը» հայկական ընդդիմությանը: Եթե նա իրոք ցանկանում է ղեկավարվել դրսի աջակցությամբ, որտեղից էլ այն գա, ավելի վատ իր համար: Եթե ոչ` Բաքուն հերթական անգամ շտապել է եւ սխալվել: Թեեւ, երբեք նախապես ոչինչ չես իմանա:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը բազմիցս է հայտարարել իր դիրքորոշման մասին` այն հստակ է եւ պարզ: «Թող ասի ինչ ուզում է, մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումը»,-հայտարարել է վարչապետը: Նման կարծիք է հայտնել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է հրապարակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների բովանդակությունը: Կարող եմ միայն նշել, որ այն հարցերը, որոնք բանակցությունների սեղանի վրա են եւ քննարկվում են, կբխեն հիմնական սկզբունքի ճանաչումից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներին, ապա դրանց հաճախակի կրկնումը վկայում է միջազգային պարտավորությունների ոտնահարման, ինչպես նաեւ թուլության եւ խորը անվստահության մասին»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: