19 մայիսի 2007 - 17:34 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի համար աշխարհիկ Թուրքիան նախընտրելի է իսլամիստական Թուրքիայից
Տրաբզոնի օրինակը, որը դարձել է բոլոր ծայրահեղական իսլամիստական խմբավորումների կենտրոնը, կարող է վարակիչ դառնալ մյուս գավառների համար
Հուլիսի 22-ին Թուրքիայում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունները կարող են շրջադարձային դառնալ երկրի նորագույն պատմության համար` ավելի քան 70-ամյա քեմալիստական աշխարհիկ պետությանը կարող է փոխարինել իսլամը: Ինչն, իր հերթին, կտրուկ կսահմանափակի Գլխավոր շտաբի իշխանությունը, որն ըստ Սահմանադրության, կարող է տապալել կառավարությունը, եթե այն «սպառնում է երկրի ազգային անվտանգությանը»:
Ժամանակին Աթաթուրքը ներգրավեց այդ հոդվածը սահմանադրության մեջ, քանի որ, լինելով զինվորական, իսկ մինչ այդ` «Միասնություն եւ առաջընթաց» կուսակցության անդամ, լավ էր պատկերացնում, թե որքան անկառավարելի կարող է լինել քաղաքացիական կառավարությունը: Դրա օրինակն է Հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը: Չասենք, թե Թուրքական հանրապետության հիմնադիրը վատ էր վերաբերվում թուրքական ծագում չունեցող քաղաքացիներին, ուղղակի նրա համար Թուրքիան եղել է թուրքերի երկիր: Մնացած բոլորն ընդամենը գոյատեւելու իրավունք ունեին, որը հստակորեն սահմանազատված էր համայնքի շրջանակներով:
Այնուամենայնիվ Հայաստանի համար աշխարհիկ Թուրքիան նախընտրելի է Ռեջեփ Թաիփ Էրդողանի Թուրքիայից: Իսլամիստները, որոնք գործում են ժամանակ առ ժամանակ, կարող են իրոք գործողություններ ծավալել երկրի քրիստոնյա բնակչության դեմ: Տրաբզոնի օրինակը, որը դարձել է բոլոր ծայրահեղական իսլամիստական խմբավորումների կենտրոնը, կարող է վարակիչ դառնալ մյուս գավառների համար: Թե ինչով դա կարող է ավարտվել հայերի, հույների եւ փոքրաթիվ կաթոլիկ քարոզիչների համար, աշխարհն արդեն գիտի:
Ըստ էության նախընտրական արշավը Թուրքիայում արդեն սկսվել է եւ արդեն անակնկալներ կան: Հայազգի Վերկին Արիոբան մտադիր է առաջադրվել Թուրքիայի խորհրդարան: Նա դիմել է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությանը (ԱԶԿ) համապատասխան հայտով եւ այս պահի դրությամբ վերջնական որոշման է սպասում ընտրացուցակում իր անունն ընդգրկելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», եթե նա ընդգրկվի ընտրացուցակում, Վերկին Արիոբան կդառնա թուրքական խորհրդարանի առաջին հայազգի թեկնածուն 1980 թվականից ի վեր: Ինչպես հայտարարել է ինքը Արիոբան, ընտրվելու դեպքում նա մտադիր է շարունակել աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակասությունների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ Եվրամիությանը երկրի անդամակցության հարցում: Պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին` Վ.Արիոբան հայտարարել է. «Դա պատմական հարց է: Այդ հարցի ամենօրյա քննարկումները վնասակար են: Եկեք առաջ նայենք, ոչ թե հետ»: Վերկին Արիոբայի հայրը, որը ծագումով Ղասաբյանների ընտանիքից է, եղել է Թուրքիայի առաջին գործարարներից մեկը: Ինքը Վերկին Արիոբան հայտարարել է, որ իր ընտանիքը հարազատներից ոչ մեկին չի կորցրել «1915-1919 թվականների վերաբնակեցման ժամանակ»: «Ես հարազատներ եմ կորցրել անկախության համար պատերազմում, ոչ թե վերաբնակեցման ժամանակ»,-նշել է նա: «Լինելով հայ, ես որպես պատգամավոր առավել արդյունավետորեն կարող եմ պաշտպանել Թուրքիայի իրավունքները ԵՄ-ում, կարող եմ շատ օգտակար լինել: Այն, որ ես հայ եմ, ինձ համար մեծ առավելություն է ընտրություններում»,-հայտարարել է Արիոբան: Նա ընտրվելու բավականին մեծ հնարավորություններ ունի, եթե հաշվի առնենք այն, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիան բազմիցս անգամ կրկնել է, որ լավ է վերաբերվում Թուրքիայի հայազգի քաղաքացիներին: Նման տիպի «ապացույցների» թվում են երեւի նաեւ այն 12 միավորները, որ Թուրքիան տվեց հայ երգիչ Հայկոյին «Եվրատեսիլ» մրցույթում, ինչը բուն Թուրքիայում ընկալվեց շատերի կողմից որպես քաղաքական ուղերձ, հասցեագրված Երեւանին: «Մենք հարեւաններ ենք եւ պետք է բարեկամներ լինենք: Եվ սա պետք է ցույց տա, թե ինչ կարեւոր դեր է կատարում երաժշտությունը, արվեստն ու բարեկամությունը»,-հայտարարել է թուրք երաժշտական քննարդատ Սեզեր Ջումհուր Օնալը: Նա համոզմունք է հայտնել, որ հայ երգչի օգտին Թուրքիայի տված ձայները քաղաքական քայլ էին:
Դառնանք պատգամավորության թեկնածուին: Վերկին Արիոբան հայտնի է իր քննադատությամբ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ Ստամբուլում հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հասցեին: Ինչ է սա` ԱԶԿ անդամի պարտադիր վերաբերմունքը 301-րդ հոդվածին կամ ինչ-որ այլ բան: Եթե խորհրդարան ընտրվելը պահանջում է հրաժարվել արմատներից, ապա հասկանալի է: Եթե կա ճնշում, ապա Հրանտ Դինքն իրավացի էր, երբ ասում էր. «Մենք Ստամբուլում տարվա 364 օրն ապրում ենք որպես հայեր: Եվ տարվա մեջ միայն մեկ օր կարող ենք մոռանալ, որ հայ ենք` ապրիլի 24-ին»: «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի խոսքերով, Ստամբուլում հայ լինելը ոչ միայն դժվար է, այլ նաեւ հակասական: «Դա կապված է ինքնագիտակցության հետ: Մեզնից յուրաքանչյուրը Թուրքական հանրապետության քաղաքացի է, ծագումով հայ է եւ շատերը Հայ Առաքելական եկեղեցուն են դավանում: Եվ մենք, աճպարարների նման, պետք է պահենք այդ երեք գնդակները` մեկը միշտ օդում կլինի, երկուսը ձեռքում: Հայը Ստամբուլում աշխատում է ապրել այնպես, որ աննկատ վարի իր գործերը եւ առանձնակի խտրականության չենթարկվի: Այնպես որ անձնական մակարդակով շատ բանից կարելի է խուսափել: Թուրքիայում բավականին շատ միջոցներ կան ճնշելու համար ազգային փոքրամասնություններին: Թուրքական հանրապետությունը հիմնվել է բազմազգ կայսրության բազայի վրա եւ հաճախ է խոսում իր մասին որպես կայսրության իրավահաջորդի մասին: Ես ահա թե ինչ եմ ցանկանում ասել` պետությունն այսօր աշխարհիկ է, սակայյն կա «երկրի ոչ իսլամական քաղաքացիներ» հասկացություն»,-գտնում է Քոչունյանը: Այդ պայմաններում բավականին դժվար է առաջադրվել խորհրդարանի պատգամավորության համար, սակայն կարելի է: Ուղղակի Թուրքիան եւս մեկ հաղթաթուղթ կստանա ԵՄ առջեւ եւ այդ հաղթաթուղթը նրան, ինչպես միշտ, կտա Հայաստանը...