27 սեպտեմբերի 2007 - 18:51 AMT
ՀՈԴՎԱԾ
Ռուսաստանը կարող է հետեւել Ֆրանսիայի օրինակին եւ օրե՞նք ընդունել Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման վերաբերյալ
ԽՍՀՄ-ի տարիներին Օսմանյան Թուրքիայում եղած Հայոց ցեղասպանության հիշատակումը երկար ժամանակ արգելված էր
Ռուսաստանը կարող է լրացնել այն պետությունների թիվը, որտեղ որոշ պատմական փաստերի հրապարակային ժխտումը կգնահատվի որպես քրեական հանցագործություն: «Պատմության որոշ փաստերը» մատնանշել է նորամուծության նախաձեռնող Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը: Խոսքը այն անձնաց քրեական հետապնդման մասին է, որոնք արդարացնում են նացիստների հանցագործությունները Մեծ Հայրենական պատերազմի տարիներին: «Մայակ» ռադիոկայանի մեկնաբան Անդրեյ Սվետենկոյի կարծիքով, նման փաստերին պետք է դասել նաեւ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը:
«Արդիական օրինակներից մեկն անցյալ տարի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքն է 1915 թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Սակայն բանը նրանում է, որ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը չի ճանաչում այդ պատմական փաստը: Չի եղել մարդկանց բնաջնջում էթնիկ հատկանիշներով, ասում են նրանք,-ոչնչացվել են Հայրենիքի դավաճանները, ներառյալ մանկահասակ երեխաներն ու անօգնական ծերունիները: Ահա սա իսկապես ժխտման ժխտում է, ինչը չպետք է լինի: Եվ այս աոռւմով Գռիզլովի առաջարկը ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Փաստերը համառ բան են: Չի կարելի հաշտվել այն բանի հետ, երբ սեւն այլ գույնով են բնորոշում»,-համոզված է Սվետենկոն:
Ռուս օրենսդիրների նախաձեռնությունը լրիվ բացատրելի եւ նույնիսկ կանխատեսելի էր: Մի կողմից` համաշխարհային արժեհամակարգում ընդգրկվելու ցանկությունն է եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ կոմից խորհրդային տարիներին համառորեն լռության մատնված պատմական փաստերի ճանաչման անհրաժեշտությունը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ի տարիներին Օսմանյան Թուրքիայում եղած Հայոց ցեղասպանության հիշատակումը երկար ժամանակ արգելված էր եւ միայն 1965 թվականին Հայկական ԽՍՀ հայ հանրության ճնշման արդյունքում «թույլատրվեց» ապրիլի 24-ին նշել Հայոց ցեղասպանության հիշատակը:
Բարդ է ասել` ինչն է ազդել պատմության հերքման համար քրեական պատասխանավտության ենթարկելու մասին գաղփարի ծննդի վրա. նմանատիպ ֆրանսիական օրենքը, աճող քսենոֆոբիան կանխելու ցանկությունը կամ ինչ-որ այլ բան: Ֆրանսիական օրինագիծը նախատեսում է պատիժ Հայոց ցեղասպանության հերքման համար` 5 տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի տեսքով: Եթե հանկարծ Ռուսաստանը նմանատիպ օրենք ընդունի, ապա տուգանքի չափը եւ բանտարկությունը կարող են մտածելու լուրջ առիթ դառնալ` արժէ արդյոք հերքել ակնհայտը` խիստ պատիժ ստանալու սպառնալիքի դեպքում: Ավելորդ չի լինի նաեւ հիշեցնել, որ մի շարք երկրներում քրեական պատիժ գոյություն ունի Հոլոքոստի հերքման համար:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այստեղ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է: Քաղաքագետ Կարեն Բեքարյանի խոսքերով, Ֆրանսիան, ընդունելով օրենքը, եւս մեկ անգամ հիշեցրել է աշխարհին` որտեղ է գտնվում ժողովրդավարության բնօրրանը: Տվյալ դեպքում, ֆրանսիացի խորհրդարանականները առաջնորդվել են հասարակության կարծիքով, որը ոչ թե հայամետ է, այլ հակաթուրքական: Հարցը հայերի մեջ չէ, այլ թուրքերի: Ինչպես հայտնի է, որ Ֆրանսիան կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, դեմ է ընդլայնմանը, դեմ է Եվրոպայի Սահմանդրությանը: Եւ նա միայնակ չէ: 80 միլիոն բնակչություն ունեցող մահմեդական երկրին Եվրոպան չի կարողանա մարսել: Նույնը կարել է ասել նաեւ Ռուսաստանի մասին, որը մեծ խնդիրներ ունի մահմեդական բնակչության հետ, որը մի շարք գնահատակններով, շուտով կարող է գերազանցել ռուսներին:
Լրիվ հավանական է, որ Պետդումայի խոսնակի գաղափարը այդպես էլ կմնա բարի մտադրություն: Սակայն, ամեն դեպքում առաջընթաց է նկատվում ցեղասպանության ընկալման հարցում` որպես չարիք բոլոր ժողովուրդների համար, անկախ դրա ժամկետներից եւ դրա իրականացման վայրից: