27 հոկտեմբերի 2007 - 18:33 AMT
ՀՈԴՎԱԾ
Այն ժամանակները, երբ Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ էին, անցան պատմության գիրկը
Երկու կողմերն անուշադրության են մատնել իրենց հարաբերությունների արմատական խնդիրը, այսինքն` պայմանավորվածության բացակայությունը ռազմավարական հարաբերությունների հարցի շուրջ: Մինչեւ դա տեղի չունենա, դաշինքը կմնա այդպիսին միայն բառացիորեն
ԽՍՀՄ փլուզումից հետո անցյալում մնացին այն ժամանակները, երբ Թուրքիան ու ԱՄՆ-ն իրոք դաշնակիցներ էին «Չարիքի կայսրության» դեմ: Այժմ, մեծ հաշվով, երկու երկրները դեռեւս իներցիայով են ապրում, եւ Թուրքիան ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու փորձեր է ձեռնարկում, ելնելով սեփական շահերից, եւ սկսել է սպառնալ ԱՄՆ-ին «պատժամիջոցներով», եթե Ներկայացուցիչների պալատը քվեարկության դնի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը:
Թուրքիան գտնում է, որ հաղթել է Հայոց ցեղասպանության ուրացման համար պայքարի հերթական փուլում, քանի որ 106-րդ բանաձեւի հեղինակներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Աննա Էշոն նամակ են հղել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, առաջարկելով հետաձգել քվեարկությունն այն մտավախությամբ, որ այն հավանության չի արժանանա: «Մենք կարծում ենք, որ մեր գործընկերների մեծ մասը ցանկանում է սատարել բանաձեւին եւ, անկասկած, կանի դա, սակայն առավել պատեհ պահի: Մենք կշարունակենք աշխատել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, սակայն վերջնական քվեարկության համար կարելի է ժամանակ ընտրել քիչ ավելի ուշ կամ 2008 թվականին»,-ասվում է խոսնակին ուղղված նամակում:

«Նախկինում երիու երկրները շատ ջանադրաբար էին խոսքեր ընտրում, միմյանց հետ խոսելիս: Դա բխում էր սառը պատերազմի ընթացքում ծագած փոխադարձ պահանջներից: Այժմ ամեն ինչ այլ կերպ է, եւ հենց դա էլ կնպաստի հարաբերությունների հետագա վատթարացմանը: Դա շատ լուրջ է: Երկու կողմերն անուշադրության են մատնել իրենց հարաբերությունների արմատական խնդիրը, այսինքն` պայմանավորվածության բացակայությունը ռազմավարական հարաբերությունների հարցի շուրջ: Մինչեւ դա տեղի չունենա, դաշինքը կմնա այդպիսին միայն բառացիորեն»,-գտնում է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական նախագծի տնօրեն Բյուլենթ Ալիռեզան: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ լարվածությունն Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ ծագել էր դեռեւս 2003 թվականի մարտին, երբ թուրքական խորհրդարանը հրաժարվեց որոշում կայացնել, ըստ որի ամերիկյան զորքերը կարող էին Իրաք մտնել թուրքական սահմանով: Բնական է, որ Պենտագոնում մինչ այժմ հիշում են դա, եւ Կապիտոլիումի բարձունքին սկսում են հասկանալ, որ Թուրքիան այնքան էլ լավ դաշնակից չէ, դա արդեն այլ Թուրքիա է:

ԱՄՆ-ի հետ վեճում Թուրքիայի հիմնական փաստարկը քրդական հարցն է եւ Իրաքում ամերիկյան զորքերի անվտանգությունը: Սակայն կոնգրեսականների նամակին անմիջապես հետեւեց Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ «Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն սկսելու մասին որոշումը կընդունվի Անկարայի կողմից առանց կողմնակի օգնության, իշխանություններն արդեն մերժել են ԱՄՆ-ի զսպվածության կոչը»: ԱՄՆ-ին նվաստացնող հայտարարությունը հնչել է հենց այն ժամանակ, երբ Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտն ուղղակի անմարդկային ջանքեր էին գործադրում, կոնգրեսակններին համոզելու համար: Ըստ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, «թույլ տալով Թուրքիային ժխտել Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն խարխլում է Մերձավոր Արեւելքի եւ ողջ աշխարհի իրավիճակի վրա դրականորեն ազդելու իր հնարավորությունը: Նա նաեւ գտնում է, որ «այն բանից հետո, երբ սպառնալիքների հետեւանքներով իրարանցում առաջանա, երկկուսակցական մեծամասնությունը հանդես կգա թուրքական ահաբեկման քաղաքականության դեմ եւ կքվեարկի մարդու իրավունքները պաշտպանող բանաձեւի օգտին: 106-րդ բանաձեւի նախաձեռնողն ու հեղինակներից մեկը կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծել է, որ, ցավոք, իրականությունը ցույց տվեց, որ թուրքական լոբբին արժանի է այն փողերին, որոնք նրան վճարվում են: «Վատագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, դա այն է, երբ այն, ինչի համար պայքարում ես, հաջողությամբ չի պսակվում: Թուրքիան կարծում է, թե նա հաջողել է Հայոց ցեղասպանության ուրացման քարոզարշավում: Ցավոք, մեր Պետդեպարտամենտը օգնեց եւ աջակցեց նրանց»,-ընդգծել է Շիֆը:

«Թուրքիան հասավ իր ուզածին, սակայն սա վերջին անգամ էր: ԱՄՆ-ն հրաժավեց քվեարկությունից Հյուսիսային Իրաքում պատերազմ չսկսելու Թուրքիայի խոստմանն ի պատասխան: Սակայն ես կարծում եմ, որ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում 2008 թվականին այն միեւնույն է քվեարկության կդրվի եւ կանցնի: Թուրքիան այլեւս ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու ռեսուրս չունի»,-համոզված է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Իրականում պարզվեց, որ Թուրքիայի խոստումները կոպեկ անգամ չարժեն եւ իրավացի էին այն կոնգրեսականները, որոնք ասում էին, թե «իսկական դաշնակիցները միմյանց դեմ սպառնալիքներ չեն կիրառում»: Իր հերթին ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի նյարդերի հետ էր խաղում եւ նման արդյունք կարելի էր ակնկալել: «Տվյալ դեպքում իր դերակատարությունն ունեցավ քաղաքական նպատակահարմարությունը, սակայն փաստորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց կոնգրեսականների կողմից»,-գտնում է նա: