22 նոյեմբերի 2007 - 19:52 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց «Ճշմարտության նախարարությունն» են ստեղծում, որտեղ գրում են այն, ինչ «պետք է» թյուրքական աշխարհին
Գիտնական-պատմաբանների ողջ միջազգային հանրությունում անբարեկիրթ է համարվում Հայոց ցեղասպանության հերքումը
Բավականին ուշագրավ եւ ճշմարտացիորեն թուրքական ոճով են արձագանքել թուրքական ԶԼՄ-ները հայ-թուրքական սահմանի վերագծման եւ հետպատերազմյան Օսմանյան Թուրքիայի բաժանման մասին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարական որոշման 87-ամյակին: Թուրքական Gunes թերթը իր առաջին էջին հրապարակել է Թուրքիայի նոր քարտեզը, որի վրա թուրքական տարածքին կցված են հարեւան պետություններն ու տարածքները, այդ թվում` Հայաստանը: «Դուք ասում եք քարտե՞զ: Ահա այն» հոդվածում թերթը գրում է, որ տվյալ քարտեզը հանդիսանում է պատասխան ինտերնետում, մասնավորապես InHomage.com կայքում տեղակայված մասնատված Թուրքիայի քարտեզին:
Իր հերթին, InHomage.com-ը բացատրել է, որ տվյալ քարտեզում ներկայացված են 1920 թվականին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից որոշված սահմանները` Սեւրի պայմանագրի կնքման դրությամբ: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան, ինչպես եւ Ադրբեջանը, ապրում են օրուելյան աշխարհում եւ սեփական «Ճմշարտության նախարարություն» են ստեղծում, որտեղ գրում են, թեինչ է «պետք» թուրքական աշխարհի համար: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Բաքվում անցած թյուրքական պետությունների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության XI համաժողովին ընդունված հայտարարությունը Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «պատմական իրադարձությունների նկատմամբ սխալ վերաբերմունք արտահայտելու որոշ պետությունների խորհրդարանների փորձերը կանխակալ մոտեցում է ողջ թյուրաքական աշխարհի նկատմամբ»:

Այս հայտարարության հետ ներդաշնակում է Երեւանում կայացած գիտաժողովին ժամանած թուրք վերլուծաբան Դիբա Նիգար Գոկսելի կարծիքը, ով վստահ է, որ որեւէ երկրի խորհրդարանում 20-րդ դարասկզբի իրադարձությունների քննարկումը հանգեցնում է Թուրքիայում լարվածության աճի: «Հայաստանը պետք է զերծ մնա այս հարցի ակտիվ արծարծումից, ինչը թույլ կտա բարելավել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ եւ բացել հայ-թուրքական սահմանը»,- հայտարարել է նա:

Վերադառնանք Բաքվի հայտարարությանը: Դրա հեղինակները իրականությանը չհամապատասխանող տվյալներ են ներկայացնում, մասնավորապես, 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության հայկական բնակչության թվաքանակի մասին: «Այն ժամանակաշրջանում Թուրքիայի տարածքում ընդամենը 150 հազար հայ էր ապրում ... հայերի կողմից հատուկ դաժանությամբ սպանվել է ավելի քան 2 միլիոն թուրք»: Հետաքրքրական է, ինչ-որ մեկը կարող է լրջությամբ ընդունել նման հայտարարությունները, երբ նշվում է, որ 150 հազար մարդ կարող է սպանել 2 միլիոնի: Ամենայն հավանականությամբ, ոչ: Ավարտելով հայտարարությունը` «թյուրքական աշխարհը» եւս մեկ անգամ ընդգծում է, որ «ներկայացնելով այս փաստերը միջազգային հանրության ուշադրությանը, մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ պատմական վեճերի ուսումնասիրությունը հանդիսանում է պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների խնդիրը»: Ճիշտ է, պատմական իրադարձությունները պետք է ապացուցեն պատմաբանները: Սակայն, գիտնական-պատմաբանների ողջ միջազգային հանրությունում անբարեկիրթ է համարվում Հայոց ցեղասպանության հերքումը: Այդ փաստը ապացույցների կարիք չունի: Եւ հարցը ասյտեղ Հայաստանի կառավարության կամ սփյուռքի դիրքորոշման մեջ չէ. պատմաբանները ավելի կոնկրետ տվյալներ են արծարծում, ինչպիսիք են վկայությունները, լուսանկարները, հրամանները: Լրիվ հավանական է, որ թուրքական արխիվներում չի լինի ներքին գործերի նախարար Թալեաթի հրամանը հայ ժողովրդի տեղահանության մասին, սակայն դրանք պահպանվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվներում...

Ինչ վերաբերում է Վուդրո Վիլսոնի իրավարարական որոշմանը, ապա միակ բանը, որ կարող է անել Թուրքիան, ընդունել այն` որպես իրավական փաստաթուղթ, որը նշում է հայ-թուրքական սահմանը: Երեւի թե, քչերն են հիշում, որ Հայաստանը եղել է Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրների շարքում եւ նրա ստորագրությունը կա Սեւրի պայմանագրի տակ: ԱՄՆ-ի նախագահին իրավարարական որոշման համար դիմել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան: Տվյալ որոշումը չի կարող բողոքարկվել եւ վաղեմության ժամկետ չունի: Վուդրո Վիլսոնը ստորագրել է այն 1920 թվականի նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 6-ին այն փոխանցվել է հաղթանակած երկրների կոնֆերանսին Փարիզում, սակայն, ցավոք, դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետությունը բռնազավթվել էր 11-րդ Կարմիր Բանակի կողմից: Այս կապակցույամբ, նշեմ, որ 1991 թվականին անկախության հռչակումով Հայաստանը նորից դարձել է միջազգային իրավունքի սուբյեկտ: Եւ այսպես, իրավարարական որոշման համաձայն, Հայաստանին էին անցնում 4 վիլայեթներ. Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրապիզոնը: Հայաստանը, այդպիսով, ելք էր ստանում դեպի ծովը...

Մինչ դեռ, պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանի կարծիքով, ով երկար տարիներ զբաղվում է իրավարարական որոշման հարցով, հիմնական խնդիրը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ է, այլ Թուրքիայի այսօրվա քաղաքականության: «Նրանք մեղավորների բարդույթ ունեն, ինչպես եւ հայերը` զոհի: Մենք հարեւաններ ենք, եւ դրանից չես փախչի: Սակայն թուրքերը հայերից խլել են հայրենիքը եւ անգամ թույլ չեն տալիս ուղղակիորեն այցելել այն: Թուրքիան այսօր ընտրության առջեւ է. դառնալ եվրոպական երկիր, թե մնալ ինչպիսին կա, այսինքն` հարեւանների համար վտանգավոր: Աթաթուրքի կողմից հռչակված ազգայնամոլությունը հիմնվում է Գլխավոր շտաբի վրա: Այլ կողմից, իսլամիստները չեն կիսում եվրոպական արժեքները: Թուրքիան Ստամբուլից 200 կմ հեռավորության վրա ապրում է նախանցյալ դարում, իսկ Հայաստանին սահմանամերձ վիլայեթների մասին անգամ չեմ էլ ասում»,- գտնում է Պապյանը: