29 նոյեմբերի 2007 - 20:48 AMT
ՀՈԴՎԱԾ
ԵԱՀԿ ՄԽ. Անցածի կրկնություն ու ոչ մի նոր բան
ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից Օսկանյանին ու Մամեդյարովին փոխանցած փաթեթում 10 առաջարկություն կա, որոնցից մեկը համաձայնեցված չէ, քանի որ սկզբունքային է` հավանաբար, դա հենց Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առաջարկն է
Նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Մադրիդում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել է երեք հարց` ընդհանուր հարցեր, կապված ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի հետ, ընդունման համար քննարկվող Գագաթնաժողովի հռչակագիրը, որտեղ հիշատակվելու է նաեւ հակամարտություններին վերաբերող դրույթ, եւ, վերջապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չհամաձայնեցված հարցերը:
Դա երեկ էր: Խոստովանենք, ոչ մի նոր բան հերթական հանդիպումից չի ակնկալվում: Եվ նույնիսկ այն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն երկու երկրների նախարարներին է փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրավոր առաջարկները, նոր չէ:
Այնուհետեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ-ի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ միջազգային հարցերի գծով պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի հետ: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերով, համանախագահներն մի քանի առաջարկություններ են արել հիմնական համաձայնության շրջանակներում: «Մենք հուսով ենք, որ երկու նախագահներն էլ շաբաթների կամ ամիսների ընթացքում, մինչեւ նախագահական ընտրությունները կկարողանան կարգավորել այս հարցերը: Հանդիպման էությունը կայանում է նրանում, որ մենք նախարարներին ներկայացրեցինք մեր առաջարկությունները, եւ նրանք, իրենց հերթին, կուղղեն դրանք իրենց նախագահներին: Վերջին երեք ամիսներին մենք ակտիվորեն մասնակցում էինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այսօր մենք կողմերին փոխզիջումային որոշում ենք առաջարկում: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք մինչեւ նախընտրական արշավների սկիզբը համաձայնության գան հիմնական սկզբունքների շուրջ»,-հայտարարել է Բրայզան: Բանը նրանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չունեն այդ շաբաթներն ու ամիսները: Ռոբերտ Քոչարյանը հեռանում է եւ, բնականաբար, ոչնիչ չի ստորագրի: Իլհամ Ալիեւն, ըստ երեւույթին, մնում է, սակայն ոչինչ չի ստորագրի, ժամանակ առ ժամանակ սպառնալով պատերազմով, արդեն պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի շուրթերով: Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւի խոսքերը հակամարտող կողմերի միջեւ պատերազմի վերսկսման հավանականության մասին` Մ.Բրայզան նշել է.«Այս գործընթացը ձգվում է արդեն 10 տարի, եւ մենք բոլորս գիտակցում ենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է զուտ խաղաղ ճանապարհով»: Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Օսկանյանին եւ Մամեդյարովին փոխանցած փաթեթում 10 առաջարկություն կա, որոնցից մեկը համաձայնեցված չէ, քանի որ սկզբունքային է` հավանաբար, դա առաջարկն է հենց Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Այդ հանդիպման կապակցությամբ գայթակղություն է առաջանում զուգահեռ անցկացնել Կոսովոյի կարգավորման հետ: Ըստ էության, տապալելով բոլոր բանակցություններրը Կոսովոյի շուրջ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն որոշել են արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին Մադրիդում խոսում էին բոլորը: «Սառեցված հակամարտությունների» կարգավորման համար անհրաժեշտ են քաղաքական կամք եւ մեծահոգություն: Խաղաղություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է բանակցությունների ցանկություն եւ հակամարտությունների կարգավորման քաղաքական խիզախություն, այդ թվում Մոլդովայում, Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը:
Նրան աջակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը` ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ոսկե հնարավորությունը» պահպանվում է: Նրա կարծիքով, ստեղծվել են բոլոր պայմանները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հետաքրքիր է, որ տարվա սկզբին խոսում էին «հնարավորությունների պատուհանի մասին», այժմ խոսում են «ոսկե հնարավորության» մասին: Եվ այս, եւ այն դեպքում ցանկալին ընդունում են իրողության տեղ, քանի որ անտեսվում է այն կողմը, որը բոլորից շատ է շահագրգռված հակամարտության կարգավորման հարցում, բուն Լեռնային Ղարաբաղը:
Իր հերթին Պորտուգալիայի արտգործնախարար, Եվրամիության Խորհրդի նախագահ Լուիշ Ամադուն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին «լիարժեք ներգրավվել» բանակցություններում: «ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա երեք համանախագահները աշխատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդար եւ հավասարակշռված սկզբունքների հավաքման ուղղությամբ: Եվրամիության Խորհուրդը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ակտիվ երկխոսության շարունակությունը եւ ցանկանում է օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի կոչ անի կողմերին բանակցություններում «լիարժեք ներգրավման»,- հայտարարել է Ամադուն:
Հավանաբար, ԱՄՆ-ին այնքան են ուրախացրել Աննապոլիսում կայացած մերձարեւելյան կարգավորման վերաբերյալ գագաթնաժողովի արդյունքները, որ նրանք որոշել են մինչ Բուշի նախագահության ավարտը կարգավորել նաեւ ԱՊՀ-ի սառեցված հակամարտությունները: Ամերիկյան վարչակազմը հուսով է, որ պայմանավորվածությունը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ կարող է ձեռք բերվել տարվա ընթացքում, դեռեւս մինչ այդ, երբ Ջորջ Բուշը կլքի նախագահի պաշտոնը 2009 թվականին: Սակայն բոլորը չգիտես ինչու մոռանում են, որ արաբ-իսրայելյան հակամարտությունը սկիզբ է առել դեռեւս 1948 թվականին: Անցել է 60 տարի...