9 փետրվարի 2008 - 18:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան դեմ է GDF մասնակցությանը Nabucco նախագծին Հայոց ցեղասպանության պատճառով
Nabucco եւ South Stream նախագծերը երբեք չի հաջողվի իրականացնել, եթե հիմնադիր երկրները չկարողանան պայմանավորվել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ
ԵՄ-ն սկսում է հերթական աշխարհաքաղաքական նախագիծը` Nabucco գազամուղը, որը կոչված է, ըստ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, նվազեցնել կախվածությունը ռուսական գազից եւ ընդհանրապես Ռուսաստանից: Նախագիծն ինքնին հսկայական է` ընդհանուր երկարությունը շուրջ 3,3 հազար կմ, իսկ նրա առավելագույն թողունակությունը գնահատվում է 31 մլրդ խորանարդ մետր տարում: Գազի հնարավոր առաքիչների թվում են Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը, Եգիպտոսը եւ նույնիսկ Իրաքը: Ենթադրվում է, որ Nabucco-ն կանցնի Թուրքիա-Բուլղարիա-Ռումինիա-Հունգարիա-Ավստրիա երթուղով եւ նրա արժեքն է, ըստ համեստ հաշվարկների, նվազագույնը 4,6 մլրդ եվրո:
Nabucco Gaz Pipeline International կոնսորցիումում, որն իրականացնում է նախագիծը, ընդգրկված են OMV (Ավստրիա), MOL (Հունգարիա), Transgaz (Ռումինիա), Bulgargaz (Բուլղարիա) եւ Botas (Թուրքիա) կոնցերնները, ինչպես նաեւ գերմանական RWE ընկերությունը, որը նախօրեին համաձայնագիր է ստորագրել կոնսորցիումին անդամակցելու վերաբերյալ: Nabucco-ի կառուցումը, որն անցնելու է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքներով, ենթադրվում է սկսել այս տարի: Նախագծի արժեքը, որը նախատեսում է 2011 թ. գազամուղը հասցնել Ավստրիա Կասպից ծովի շրջանից Թուրքիայի տարածքով, կկազմի 5 մլրդ եվրո:
«Եվրամիության կառավարությունը հսկայական աջակցություն է ցուցաբերում նախագծին, սակայն այն չափազանց բարդ կլինի իրականացնել»,-նշում է Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Ջոնաթան Շտերնը: Հաշվի առնելով գազի սուր պակասը, վերլուծաբանները մտավախություն ունեն, որ այդ նախագծի համար չափազանց դժվար կլինի անհրաժեշտ ներդրումներ կատարել: Ճիշտ է, եթե ԵՄ-ն ցանկանում է կյանքի կոչել այդ նախագիծը, ապա կառավարական աջակցությունից բացի, նա պետք է ստանա նաեւ անհրաժեշտ ներդրումներ: «Եթե նախագիծն այդքան կարեւոր է ԵՄ երկրների կառավարությունների համար, ապա նրանք պետք է մի քանի մլրդ դոլարի ներդրումներ կատարեն: Սակայն նրանք երբեք նման քայլերի չեն դիմել, եւ ես կասկածում եմ, որ նրանք դա կանեն ապագայում»,-ասել է Շտերնը:
Ադրբեջանն արդեն ստորագրել է համաձայնագիրը Nabucco նախագծի մասնակիցների հետ իր գազի առաքման վերաբերյալ: Սակայն, ըստ վերլուծաբանների, դա այնքան էլ լավ գաղափար չէր: «Ադրբեջանի հնարավորություններն ուղղակի կարող են չբավականացնել գազամուղը լցնելու համար»,-նշում է էներգետիկ խորհրդակցական ընկերություններից մեկի առաջատար վերլուծաբան Սոխբեթ Կարպուզը: ԱՄՆ-ն արդեն իսկ 1,7 մլն դոլար է հատկացրել Ադրբեջանին` այդ երկիրը Թուրքմենստանի հետ կապող Տրանսկասպյան գազամուղի շինարարությանը աջակցելու նպատակով: Սակայն այն բանից հետո երբ երկու պետությունների միջեւ պայքար սկսվեց այդ գազին հասնելու համար, նախագիծը սառեցվեց: «Այդ երկու նախագծերը` Nabucco-ն եւ South Stream-ը ենթակառուցվածքային նախագծեր են, որոնք հանգեցնում են պետությունների բախմանը որոշակի աշխարհաքաղաքական գոտում: Եվ դրանք երբեք չի հաջողվում իրագործել, եթե մասնակից երկրները չեն կարողանում պայմանավորել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,-հայտարարում է շուկայի մասնակիցներից մեկը, հաղորդում է «Նոր ռեգիոնը»: Գազամուղը չի գործի մինչեւ 2013 թ., ասվում է Nabucco Gaz Pipeline International-ի մամլո հաղորդագրության մեջ: Ժամկետները անընդհատ հետաձգվում են` սկզբում այն պետք է ավարտին հասցվեր 2011թ., հետո 2012-ին: Nabucco-ում մտահոգված են նրանով, որ գազը կարող է չբավականացնել խողովակը լցնելու համար` բնական գազի առաքման դադարեցումը Միջին Ասիայից խորը մտահոգություն առաջացրեց Եվրամիության երկրներում, գրում է The Wall Street Journal-ը: Այնտեղ կասկածում են գազամուղի անցկացման նպատակահարմարության հարցում, որը թույլ կտա նվազեցնել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից, սակայն կավելացնի կախվածությունը Միջին Ասիայի գազից: Անցյալ ամսվա իրադարձությունները կասկածի տակ դրեցին որպես առաքող գործընկեր Թուրքմենստանի եւ որպես եվրոպական էներգետիկ երթուղու Թուրքիայի հուսալիությունը:
Ռուս մենաշնորհատեր Գազպրոմը մտադիր է կյանքի կոչել իր հավակնոտ նախագծերից մեկը` South Stream` «Հարավային հոսանք» գազատարի նախագիծը իտալական Eni ընկերության հետ համատեղ: Մոսկվան ձգտում է այն շահագործման հանձնել մինչեւ 2012թ.: Այդ նպատակով նա համագործակցում է իտալական Eni-իի հետ, որի հետ Գազպրոմը շրջանակային հուշագիր է ստորագրել նոր գազամուղի նախագծման ու կառուցման մասին: Gaz de France-ը հրաժարվել է Nabucco գազամուղի շինարարության նախագծին մասնակցելու մտադրությունից եւ կքննարկի South Stream նախագծին մասնակցելու հնարավորությունը: Փետրվարի 7-ին Թուրքիան դեմ հանդես եկավ GDE մասնակցությանը նախագծին` քաղաքական պատճառներով: Անկարայում դժգոհ են, որ Ֆրանսիան օրենք է ընդունել, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման համար եւ այն փաստից, որ Ֆարնսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հաղորդում է «Ռոյթերսը»: