12 փետրվարի 2008 - 20:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Մյունխենում Էրդողանը պահանջել է Թուրքիային Եվրամիություն ընդունել
Գերմանիայի առաջարկած փոխզիջումը` արտոնյալ գործընկերոջ կարգավիճակի տրամադրում, Թուրքիան կտրականապես մերժում է
Անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին քննարկվում էին ՆԱՏՕ-ի գործունեության խնդիրները եւ Դաշինքի ընդլայնման հեռանկարները, զինաթափման հարցեր, առաջին հերթին միջուկային զենքի չտարածման խնդիրները, եվրոպական անվտանգության մարտահրավերները, իրադրությունն Ավղանստանում եւ նրա զարգացման հեռանկարները, Ռուսաստանի զարգացման հիմնական ուղղությունները, անվտանգության հարցերն Ասիայում: Մեծ ուշադրություն հատկացվեց, մասնավորապես Կոսովոյի թեմայի քննարկմանը, Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի հնարավոր տեղակայման հարցին, Իրանի միջուկային խնդրին, Թուրքիայի եվրոպական կուրսին եւ անվտանգության գոտում նրա քաղաքականությանը:
Համաժողովը բացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով խոսում էր այն մասին, որ «նրա երկիրն ակտիվորեն ներգրավված է շատ գործընթանցերում եւ տարբեր միջոցառումներում»: Այդ կապակցությամբ, նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան միշտ եղել է եւ կլինի ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը, իսկ գլխավոր ուղերձը համաժողովի մասնակիցներին Թուրքիային Եվրամիություն ընդունելու կոչն էր:
Էրդողանի խոսքերով, Գերմանիայի առաջարկած փոխզիջումը` արտոնյալ գործընկերոջ կարգավիճակի տրամադրում, Թուրքիան կտրականապես մերժում է: Սակայն ամենից հետաքրքրականն սկսվեց բանավեճի ժամանակ: Վարչապետին, մասնվորապես, դիմել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Դուք հաստատեցիք ԵՄ լիիրավ անդամ դառնալու Ձեր հստակ դիրքորոշումը, որին կողմնակից ենք նաեւ մենք Հայաստանում: Մենք ցանկանում ենք հենց այդպիսի հարեւան ունենալ: Բայց ինչպես Դուք գիտեք, այսօր սահմանը մեր երկու երկրների միջեւ փակ է. Թուրքիա΄յի կողմից»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն ի պատասխան Էրդողանի ելույթի: Վարդան Օսկանյանը նշել է, որ Թուրքիան կրկնում է սահմանը փակ պահելու երկու հիմնական պատճառաբանությունները կամ պատրվակները: «Ձեր հնչեցրած պատճառներից առաջինը Հայաստանի ներգրավվածությունն է ԼՂ հակամարտության մեջ, երկրորդը` Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը: Սակայն ԼՂ հակամարտությունն ընթանում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, իսկ Ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական, պատմական պարտականությունն է: Պրն. վարչապետ, այս պահին մեր երկրները չեն պատերազմում, եւ պատերազմական իրավիճակում չգտնվելու պայմաններում, արդյոք այն պատճառները, որ Դուք մշտապես բերում եք, բավարա՞ր են արդարացնելու համար մեր երկու երկրների միջեւ սահմանների փակ լինելը»,- հարցրել է Օսկանյանը Ռեջփ Էրդողանին:
Թուրքիայի վարչապետը չի պատասխանել նախարար Օսկանյանի աշխարհաքաղաքական իրավիճակի եւ հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցերին: Փոխարենը նա կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, ասել է, թե 1915թ. կոտորածները պատմականորեն ապացուցված չեն` մի կողմից առաջարկելով պատմաբաններին ու հնագետներին ուսումնասիրել խնդիրը, մյուս կողմից մերժել հնարավորությունը, թե «Ցեղասպանությունը թուրքական մշակույթի մաս է»,- ասել է Էրդողանը, գրեթե բղավելով:
Էրդողանը չի շրջանցել նաեւ քրդական հարցը: Նրա խոսքերով, թուրքական բանակը կենտրոնացրել է Իրաքի հետ սահմանին մոտ 100.000 զինվորական, սակայն դեռեւս չի դիմել զանգվածային զամաքային գործողությունների ՔԱԿ-ի դեմ, սահմանափակվելով քրդական ահաբեկիչների դիրքերի օդային հարվածներով:
«Թուրքիայի պայքարը քուրդ անջատողականների դեմ ընթանալու է մինչեւ հաղթանակ, այն հանդիսանում է ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի մի մասը: Բոլորի համար պետք է պարզ լինի, որ մենք պայքարելու ենք, մինչեւ հաղթանակ»,- ասել է թուրք վարչապետը: Ռեջեփ Էրդողանը նաեւ հանրորեն մերժել է Կրեմլի պնդումները, որ Թուրքիայում հանգրվան են գտնում Չեչնիայի «ահաբեկիչները»: «Թուրքիայում կան ծագումով չեչեն մարդիկ, սակայն եկեք նրանց չշփոթենք ահաբեկիչների հետ»,- կոչ է արել նա: