13 մարտի 2008 - 20:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանն ինքնախաբեությամբ է զբաղվում, փորձելով ՄԱԿ-ին «ներքաշել» Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ
Հակամարտության կարգավորման հարցում իր բոլոր ունակությունները ՄԱԿ-ը ցուցադրեց Կոսովոյի եւ Մերձավոր Արեւելքի պարագայում` փաստորեն սահմանափակվելով անօգտակար հռչակագրերով
Փետրվարի 26-ին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությանն է ներկայացրել «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» խորագրով նախագծի բանաձեւը, որում խնդրում է հաստատել իր սահմաններն ու իրավունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ադրբեջանի տեսանկյունից, քվեարկության համար ժամանակը առավել քան «հաջող է» ընտրված. Հայաստանում ներքաղաքական անկայունություն է, Ռուսաստանն անհանգստացած է ԱՊՀ ինքնահռչակ պետությունների հարցի կարգավորմամբ եւ ողջ աշխարհը զբաղված է Կոսովոյով:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի խոսքերով, Հայաստանը բոլոր դիվանագիտական ջանքերը ներդնում է այդ բանաձեւի շուրջ քվեարկությունը կանխելու համար: «Մենք Ադրբեջանի տվյալ քայլը Հայաստանում ստեղված ներքաղաքական իրադրության չարաշահում ենք համարում: Չնայած, Ադրբեջանը ցանկացած պահի բանաձեւը ներկայացնելու իրավունք ունի: Ցավոք, եթե բանաձեւն ընդունվի, ապա Հայաստանի նորընտիր նախագահն անհարմար դրությունում կհայտնվի, եւ դա կդառնա այն բանի նշանը, որ Ադրբեջանը մտադիր է փոխել իր ռազմավարությունը բանակցությունների նկատմամբ»,- ասել է Օսկանյանը:
Բանաձեւին դեմ են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները, որոնք փորձում են համոզել Ադրբեջանին ետ կանչել իր բանաձեւը: Սակայն Բաքուն որոշել է գնալ մինչեւ վերջ, հոյակապ իմանալով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի պաշտպանում բանաձեւը եւ ընդհանրապես դեմ է Ղարաբաղի հարցի տեղափոխմանը այլ ատյան: Բնական է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ոչինչ չի որոշում եւ չի էլ կարող որոշել: Հակամարտության կարգավորման հարցում իր բոլոր ունակությունները այն ցուցադրեց Կոսովոյի եւ Մերձավոր Արեւելքի հարցերում` փաստորեն սահմանափակվելով անօգտակար հռչակագրերով: Ադրբեջանը տվյալ դեպքում կարող է բարոյական բավարարվածություն ստանալ, որ Հարավ-Արեւելյան Ասիայի որեւէ իսլամական պետություն կողմ կքվեարկի: Եւ ոչ թե այն պատճառով, որ ծանոթ է հարցի էությանը, այլ ելնելով զուտ իսլամական համերաշխությունից կամ խնդրանքից: Կա եւս մեկ շատ կարեւոր գործոն. Ադրբեջանը վերջերս չափազանց հաճախ է շահարկում նավթն ու գազը: Այդ տեսանկյունից, Արեւմուտքը կարող է Բաքվին ինչ ասես խոստանալ, սակայն եթե պայմանավորվածություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ (իսկ բանը հենց դրան է գնում), ապա Ադրբեջանը կարող է պարտվել Եվրոպա էներգակիրներ մատակարարելու հարցում:
Չնայած, այս քվեարկությունն իր դրական պահն ունի հայկական կողմի համար: Որքան շատ երկրներ ծանոթ լինեն հակամարտությանը, այնքան լավ: Պարզապես պետք է, որպեսզի նրանք իմանան ոչ թե ադրբեջանական տեսակետը, այլ հայկական: Այսինքն անել ՄԱԿ-ում նույնը, ինչ եւ անում է Ադրբեջանը, որը պատմել է աշխարհին «հայերի վայրագությունների մասին պատմական թյուրքական տարածքներում»:
Հայկական կողմը գտնում է, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւը անտեղի է եւ ժամանակավրեպ: «Արժէ ընդգծել, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշումները իրավական ուժ չունեն եւ անպայման չեն իրագործման համար: Ադրբեջանն այդ մասին հոյակապ գիտի, սակայն, այդուհանդերձ, փորձում է ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ ներքաշել ՄԱԿ-ին»,- գտնում է Վարդան Օսկանյանը:
Հավանական է, որ բանաձեւը հավանություն կստանա, եւ Բաքուն կհայտարարի ադրբեջանական դիվանագիտության հերթական հաղթանակի մասին: Եթե Ադրբեջանը ցանկանում է ինքնախաբեությամբ զբաղվել, դա իր իրավունքն է: Սակայն որքանով կմոտեցնի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշումը հակամարտության կարգավորմանը, բարդ է ասել: Կարող է եւ հակառկն ստացվել. միջազգային հանրությունը, առաջնորդվելով հակառակից մոտենալու մեթոդով եւ արդեն պատկերացնելով` ինչի կարող են հանգեցնել նման բանաձեւերը, պարզապես լրջորեն զբաղվի Լեռնային Ղարաբաղով: Ով դրանից կշահի, բարդ է ենթադրել: Այս առումով, չարժէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղը, Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի (IWPR, Մեծ Բրիտանիա) Կովկասի երկրների հարցով խմբագիր Թոմ դե Վաալի խոսքերով, չի հանդիսանում միջազգային հանրության թիվ մեկ խնդիրը, նրան ավելի շատ անհանգստացնում են Մերձավոր Արեւելքը, Ավղանստանը, Կոսովոն եւ այլն: «Արեւմուտքին անչափ անհանգստացնում է իրավիճակը Ավղանստանում, Իրանում, Իրաքում, Կոսովոյում: Կարող եմ վստահորեն ասել, որ այսօր Արեւմուտքը մարդկային եւ այլ ռեսուրսներ չունի Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Թոմ դե Վաալն ընդգծել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից աղետալի հետեւանքներ կունենա: «Հայաստանը երկար տարիներ նախապատրաստվում է դրան, նա իր ծրագրերն ունի: Չարժէ նաեւ բացառել դիվերսիան խողովակատարերի նկատմամբ: Անգամ Ադրբեջանի նավթային շուկայում խուճապ կսկսվի: Ընդհանրապես, ես չգիտեմ որեւէ պատերազմ, որն ավարտվել է այնպես, ինչպես ցանկացել են կողմերը»,- ընդգծել է բրիտանացի փորձագետը: