25 մարտի 2008 - 20:52 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱՄՆ նոր դեսպան Երեւանում «կարող է լինել վաղը, կամ` մյուս օրը»
Հայաստանը, որը վերջին դերը չի կատարում Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության մեջ, գրեթե 2 տարի է ինչ մնում է առանց դիվանագիտական բարձրագույն ներկայացուցչի
Ջորջ Բուշի վարչակազմը բարձրաձայնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի հավակնորդի անունը: Ինչպես գրում է Հարութ Սասունյանը «The California Courier»-ում, հավաստի հայկական եւ ամերիկյան աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երեւանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար կարող է դառնալ Ղրղզստանում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Մարիա Յովանովիչը: Այդպիսով, արվել է առաջին քայլը դիվանագիտական արարողակարգում: Հայաստանի համաձայնությունը ստանալուց հետո, նախագահ Բուշը պաշտոնապես կներկայացնի թեկնածությունը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովին, եւ ողջ Սենատի հավանությունը ստանալու դեպքում, դեսպանը կժամանի Երեւան:
Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման հետ կապված պատմությունն արդեն ձգվում է շուրջ 18 ամիս: 2006 թվականին ԱՄՆ հայ համայնքի առջեւ ունեցած ելությում «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելու պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, դիվանագիտական առաքելությունը գլխավորում է գործերի հավատարմատարը: Իրավիճակը միանգամայն աննորմալ, հատկապես եթե հիշենք, որ վարչակազմի ներկայացրած թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունն երկու անգամ տապալվեց Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ: Վետոյի հեղինակն երկու անգամ էլ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսն էր, որը գտնում է, որ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանը պետք է ներկայացնի այնպիսի դեսպան, որը հստակ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այսինքն, որը ճանաչում է, որ հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Ցեղասպանություն են եղել: Բնականաբար, ոչ մի թեկնածու դա չի ճանաչի, քանի որ դա չի ճանաչում պաշտոնական Վաշինգտոնը: Ճիշտ է, հույս կա, որ այս անգամ հայ համայնքն առավել հանդուրժող կգտնվի եւ չի պնդի իր դիրքորոշումը: Փաստորեն, արգելափակելով դեսպանի հաստատումը, ամերիկահայերը, հետապնդելով իրենց շահերը, ինչ թաքցնենք, հարվածի տակ են դնում Հայաստանի շահերը: Եվ դա, ցավոք, առաջին անգամը չէ: Հասկանալի է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների թվում է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, սակայն աշխարհի ոչ մի այլ երկրում, ԱՄՆ-ից բացի, համայնքը ճնշում չի գործադրում օրենսդիրների վրա այդ հարցում: Ակամայից հարց է ծագում` իրո՞ք հայկական լոբբին Վաշինգտոնում առաջ է տանում հայկական շահերը: Այո, օժանդակության տրամադրման եւ Ադրբեջանի հետ հավասարակշռության պահպանման հարցում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) եւ Ամերիկայի հայկական համագումարը (AAA) շատ ճիշտ են աշխատում: Սակայն ԱՄՆ-ի դեսպանի հարցում...Գուցե ավելի ճիշտ կլինի այդ հարցը թողնել Սենատի եւ Սպիտակ տան հայեցողությանը: Թե չէ ստացվում է, որ Հայաստանը, որը վերջին դերը չի կատարում Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության մեջ, գրեթե 2 տարի է ինչ մնում է առանց դիվանագիտական բարձրագույն ներկայացուցչի:
«Here we go again!» հոդվածում Հարութ Սասունյանը միանգամայն սպասվող հարց է տալիս` ինչու նախագահ Բուշի վարչակազմը սպասեց 18 ամիս եւ հանկարծ, երբ նրան պաշտոնավարելու համար մեկ տարուց էլ քիչ է մնացել, այնուամենայնիվ որոշել է բարձրաձայնել նոր դեսպանի անունը: «Ո՞վ կերաշխավորի, որ սենատոր Մենենդեսը կրկին չի հարցնի տիկին Յովանովիչն Հայոց ցեղասպանության մասին: Եվ ինչու էր Պետդեպարտամենտը սպասում Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ավարտին: Միթե՞ ընտրությունները ինչ-որ նշանակություն կարող էին ունենալ դեսպանի նշանակման հարցում»,-հարց է տալիս Սասունյանը` հավելելով, որ Պետդեպարտամենտը կրկնում է իր սխալը եւ չի հարցնում ԱՄՆ հայ համայնքի կարծիքը դեսպանի թեկնածության մասին: Հավանաբար, ընտրությունները նշանակություն ունեին: Միացյալ Նահանգներն այդ առումով դառը փորձ ունեն` «գունավոր հեղափոխությունները» ԱՊՀ-ում ասոցիացվում են ԱՄՆ դեսպանների հետ: Գուցե, Պետդեպարտամենտին հարկավոր է իմանալ համայնքի կարծիքը, թեեւ այստեղ առավել տեղին է ՀՀ կառավարության կարծիքը: Սակայն ինչպես էլ լինի` սառույցը շարժվեց եւ հավանական է, որ մինչեւ աշուն, իսկ գուցե նաեւ ավելի վաղ, Հայաստանում նոր դեսպան կլինի, այլ ոչ թե ժամանակավոր հավատարմատար: