10 ապրիլի 2008 - 20:46 AMT
ՀՈԴՎԱԾ
Կվերանայի՞ արդյոք Թուրքիան 301-րդ հոդվածը ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներից ելնելով
Թուրք ազգին վիրավորել նշանակում է հիշատակել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Պոնտոսի հույների, ասորիների, քրդերի ցեղասպանությունները, եւ ինչը որ պակաս կարեւոր չէ, «վիրավորել» ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին
Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն առաջարկություններ է ներկայացրել երկրի խորհրդարան Թուրքիայի ՔՕ 301-րդ վերանայման վերաբերյալ, որի համաձայն այն անձինք, որ մեղավոր են «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու մեջ», դատապարտվում են մինչեւ 3 տարվա ազատազրկման: Նոր տարբերակում «թուրքերի ազգային ինքնության վիրավորումը» փոխարինված է «թուրք ժողովրդի վիրավորանքով», իսկ առավելագույն պատժի չափը 3-ից նվազել է մինչեւ 2 տարի, ինչը հնարավորություն է տալիս փոխարինել կալանքը բանտում պայմանական ժամկետով` դատապարտման կատարման հետաձգմամբ:
Ամբողջապես հանվել է այն դրույթը, ըստ որի նախատեսվում է մեկ երրորդով ավելացնել պատիժը, եթե մեղավորը կատարել է այդ հանցագործությունը Թուրքիայի սահմաններից դուրս: Հիմնական ուղղումն այն է, որ քրեական գործի հարուցման համար այսուհետ կպահանջվի երկրի նախագահի թույլտվությունը: Ապացույցներ հավաքելու ժամանակ դատախազությունը պետք է ղեկավարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումներով եւ Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով: Մեղադրանքը պետք է հիմնված լինի ընդհանուր առմամբ մեղադրյալի ելույթի վրա, այլ ոչ թե նրա առանձին խոսքերի եւ արտահայտությունների:

301-րդ հոդվածը, հավանաբար, այն սակավաթիվ հոդվածներից մեկն է աշխարհի երկրների օրենսդրություններում, որը խստորեն ուղղված է խոսքի ազատության դեմ: Դրան հակադիր կարելի է համարել Իրավունքների մասին օրինագիծը, որտեղ օրենսդրորեն ամրագրված է մարդու իրավունքն ասել այն, ինչ նա հարկավոր է համարում: Սակայն 301-րդ հոդվածը որոշ առումով եզակի է` ազատազրկում է սպառնում ազգին վիրավորելու համար, որը չգիտես ինչու արտահայտվում է նրանում, որ հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Պոնտոսի հույների, ասորիների, քրդերի ցեղասպանությունները, եւ ինչը որ պակաս կարեւոր չէ, «վիրավորել» ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին:

Եվրոպան լրջորեն մտահոգված է Թուրքիայում 301-րդ հոդվածի առկայությամբ: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը ապրիլի 1-ին հրապարակել էր «Արդիականությունն ու առաջընթացը պետք է պաշտպանվեն ժամանակակից եւ առաջատար միջոցներով» հոդվածը թուրքական «Թըրքիշ դեյլի նյուս» եւ «Ռադիկալ» թերթերում: Հոդվածում հիմնական ուշադրությունը սեւեռված է խոսքի ազատության խնդրին, մասնավորապես, Թուրքիայի ՔՕ 301 հոդվածին, որը մինչեւ 3 տարվա ազատազրկում է նախատեսում «թուրքական ազգային արժանապատվությունը» վիրավորելու համար: ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ հենց այդ հոդվածով են քրեական պատասխանատվության կանչվել Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը եւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

«Եվրոպայի Խորհրդի խնդիրն է օգնել ԵԽ անդամ պետություններին կատարել պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում եւ համապատասխանել ԵԽ-ում ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Այդ չափանիշներից մեկը արտահայտվելու ազատությունն երաշխավորելու պարտավորությունն է, պաշտպանված Եվրոպայի Մարդու իրավունքների համաձայնագրի 10 հոդվածով: Թուրքիայի շատ բարեկամներ գտնում են, որ 301-րդ հոդվածը խախտում է 10-րդ հոդվածը: Ուստի ես բազմիցս համոզել եմ թուրքական իշխանություններին վերանայել կամ ուղղակի չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը: Ես գտնում եմ, որ թուրքական հասարակությունն ու ժողովրդավարությունը հասուն են, արդի եւ բավականին ճկուն ոչ թե վերապրելու, այլ բարգավաճման համար առանց 301-րդ հոդվածի եւ եվրոպական Մարդու իրավունքների համաձայնգարի երաշխավորած ազատությունների սահմանափակումների: Ես նաեւ կարծում եմ, որ դա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգությունը պաշտպանելու լավագույն միջոցն է: Նա ինքը հասկանում էր, որ արդիականությունն ու առաջընթացը չեն կարող հասանելի դառնալ հնացած մեթոդներով»,-գրում է Թերի Դեւիսը:

301 հոդվածով հետապնդվում են գրողներ եւ պատմաբաններ, որոնք մեկնաբանում են 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները: Նոյեմբերին հրապարակված Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում Անկարային կոչ են անում պահպանել խոսքի եւ արտահայտվելու ազատությունն ու ընդգծվում է, որ « 2005 եւ 2006 թթ. բազում մարդիկ են պատասխանատվության կանչվել 301-րդ հոդվածով»: ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը խորհուրդ է տվել ԵՄ-ին չշարունակել բանակցությունները Թուրքիայի հետ մարդու իրավունքների ոլորտում այնքան ժամանակ, մինչեւ որ նա չվերանայի այդ հոդվածը: Նա նաեւ ընդգծել է, որ 301-րդ հոդվածը վնասակար ազդեցություն է թողնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վրա:

Մինչդեռ, որոշ թուրք իրավաբաններ գտնում են, որ կառավարության ներկայացրած ուղղումները կրում են կոսմետիկ բնույթ եւ անբավարար են նրա համար, որ Թուրքիան իրոք դառնա եվրոպական երկիր: Ինչպես գտնում է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Էրդալ Դողանը, ուղղումներն իրոք կոսմետիկ են: «Նույնիսկ եթե մենք փոփոխության ենթարկենք հոդվածը, ապա մենք խոսելու ենք այնպիսի երեւույթների մասին, որոնք բնութագրվում են որպես ռասիզմ: Ես գտնում եմ, որ ոչ թուրքական ազգը, ոչ թուրք պետությունը նման հոդվածի կարիք չունեն»,-նշել է նա: Իր հերթին, փաստաբան Յուսել Սայմանը գտնում է, որ նոր օրինագծում փոփոխության են ենթարկվել միայն խոսքերը, ոչ` իմաստը:

Շատ հավանական է, որ Թուրքիայի խորհրդարանը ուղղումներ կընդունի եւ հոդվածը կփոխվի: Այդ դեպքում հարց է առաջանում` կկարողանան արդյո՞ք Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը եւ շատ ուրիշներ վերադառնալ հայրենիք եւ առանց վախի կանգնել դատարանի առջեւ, կամ, վատագույն դեպքում, կսպանվե՞ն ինչպես Հրանտ Դինքը: