29 մայիսի 2008 - 20:48 AMT
ՀՈԴՎԱԾ
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը սկսվել է դեռեւս 1915 թվականին
Սխալ կլիներ ֆրանսիական պետության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բացատրել միայն հզոր հայկական համայնքով, ինչպես պնդում են թուրք եւ ադրբեջանցի պատմաբանները
10 տարի առաջ, 1998 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է Ազգային Ժողովի նախագահ Լորան Ֆաբիուսի ստորագրած օրինագծում: 2000 թվականի նոյեմբերի 7-ին նմանատիպ օրենք ընդունեց Ֆրանսիայի Սենատը: Իսկ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց մի օրենք, որով Ֆրանսիան բոլոր մակարդակներով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծ ընդունեց, որով 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Փաստաթուղթը սահմանում է, որ հայերի զանգվածային սպանդի ժխտումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո (56, 4 հազար դոլար) տուգանքով:
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը սկսվել է դեռեւս 1915 թվականին, անմիջապես ջարդից հետո: 1915 թվականի մայիսի 29-ին Կոնստանդինոպոլսում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպանները հեռագիր հղեցին ԱՄՆ Պետդեպարտամենտին, որտեղ ասվում էր. «Արեւմտյան Հայաստանում բնակվող թուրքերն ու քրդերը մեկ ամսվա ընթացքում, օսմանյան իշխանությունների աջակցությամբ սկսեցին Էրզրում, Վան, Սասուն, Բիթլիս, Կիլիկիա, Մուշ վիլայեթների խաղաղ հայ բնակչության ջարդը: Նույն ժամանակաշրջանում Կոնստանդինոպոլսում երիտթուրքերի ձեռքերով սպանվեցին հայ մտավորականության ներկայացուցիչները: Մենք կոչ ենք անում Անտանտայի երկրներին միջամտել եւ վերջ դնել Բարձր Պորտայի անմարդկային քաղաքականությանը, որն անձնական պատասխանատվություն է կրում հայերի կոտորածի համար»:
Կոնստանդինոպոլսի հայերը սերտորեն կապված էին Ֆրանսիայի հետ` շատ հայկական ֆիրմաներ բաժանմունքներ ունեին Փարիզում, հայերի երեխաները սովորում էին Սորբոնում եւ, հավանաբար, այդ պատճառով է, որ Ֆրանսիան դարձավ այն երկրներից մեկը, ուր ուղղվեցին ողջ մնացած հայերը: Ֆրանսիայի կես միլիոնանոց հայ համայնքը շատ կազմակերպված է եւ քաղաքական, եւ հասարակական առումով: Սակայն սխալ կլիներ ֆրանսիական պետության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բացատրել միայն հզոր հայկական համայնքով, ինչպես պնդում են թուրք եւ ադրբեջանցի պատմաբանները: Այո, հայկական սփյուռքը հզոր է, սակայն նրա ազդեցությունը չէր բավարարի, որպեսզի երկրի խորհրդարանն ու նախագահը ճանաչեին 1915 թվականի ողբերգությունը: Արեւմտյան Եվրոպայի թուրքական համայնքն առավել խոշոր է ու հարուստ, սակայն, ոչինչ չի կարող անել արդարության դեմ: Թուրքական համայնքը ընդունակ է միայն ամեն տարի ապրիլի 24-ին քանդել կամ պղծել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները:
Ֆրանսիայի անզիջում դիրքորոշումն այդ հարցում ցույց տվեց ողջ աշխարհին, եւ առաջին հերթին ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, որ Թուրքիայի շանտաժի քաղաքականությունը Փարիզի դեպքում չի գործում: Եվ, ի դեպ, Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունումից հետո հարաբերությունները Փարիզի եւ Անկարայի միջեւ նույնիսկ բարելավվեցին, առնվազն առեւտրա-տնտեսական ոլորտում:
Մինչդեռ, Թուրքիայի այժմյան արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը 2006 թվականին ներկայացնում էր Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցություններում, հայտարարեց թե ֆրանսիական օրենքը խախտում է ԵՄ-ի հիմնարար սկզբունքներից մեկը` կարծիքի ազատությունը: «Թողեք պատմությունը պատմաբաններին»,-ասել է նա: Բանը նրանում է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը այս դեպքում ցանկալին որպես իրողություն է ներկայացնում:
Ի դեպ, մինչեւ տարեվերջ Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենք կընդունվի Սլովակիայում, որն ուժի մեջ կմտնի 2009թ. հունվար-փետրվարին: «Սլովակիայում, որի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին, գործում է հրեաների Հոլոքոսթի ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը: Ուղղումներով մենք ընդլայնում ենք օրենքի շրջանակները եւ տարածում ենք այն բոլոր ցեղասպանությունների, եւ մասնավորապես, Հայոց ցեղասպանության վրա»,-ասել է Սլովակիայի արդարադատության նախարար, փոխվարչապետ Ստեֆան Խարապինը: