16 սեպտեմբերի 2008 - 19:59 AMT
ՀՈԴՎԱԾ
Կովկասի տարածաշրջանում կարելի է ուժերի նոր դասավորում ակնկալել
«Ով ում» հարցը դեռեւս երբեք այդքան լուրջ չէր ծառացել Հարավային Կովկասի տարածաշրջանում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամսին չափազանց մեծ ակտիվություն է նկատվում ինչպես առաջատար խաղացողների, այնպես էլ տարածաշրջանային երկրների կողմից, որոնք փորձում են լուծել իրենց խնդիրները Հայաստանի եւ Ղարաբաղի հաշվին: Համանախագահող երկրները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան եւս սեփական խնդիրներն են լուծում գլոբալ առումով: ԱՄՆ-ի վարչակազմը գրեթե ցեյտնոտի պայմաններում է գործում` նախագահ Բուշի լիազորությունների ժամկետը լրանոմ է մի քանի ամսից եւ նրան թեկուզ փոքր դիվանագիտական հաղթանակ է պետք յոթամյա տապալումներից հետո:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հաճախակի դարձած այցելությունները տարածաշրջան դրա վառ ապացույցն է: Հակամարտության կողմերին համոզելու համար գործի է դրվում «մտրակի եւ կարկանդակի» փորձարկված քաղաքականությունը: Միայն թե պարզ չէ, թե ում ինչ են առաջարկում: Եթե Հայաստանի դեպքում «կարկանդակը» նպաստում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա այն ավելի «մտրակի» է նման: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է` նավթ, նավթ եւ նորից նավթ: Եվ ինչպես միշտ սակարկության մեջ, որն, ի դեպ, տեղին չէ, մոռացել են Լեռնային Ղարաբաղի մասին, որը գնալով ավելի հստակ է հայտարարում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մասին: Ի վերջո, այս հակամարտությունը դիմակայություն է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ: Եվ հենց դրանից պետք է ելնեն «խաղաղարարները»:

Ֆրանսիան, որպես ԵՄ նախագահ, նույնպես ցանկանում է իրեն վերագրել 17-ամյա հակամարտության կարգավորումը: Սակայն բոլորը ցանկանում են կարգավորել այն, ելնելով 20-ամյա վաղեմության իրողություններից, որը կար մինչ ԽՍՀՄ փլուզումը: Տարածաշրջանի քարտեզը փոխվել է, իրավիճակն` առավել եւս, իսկ միջնորդները նույն բանն են կրկնում:

Ռուսաստանի գործողություններն, ինչպես միշտ, ուղղակի հակասում են ԱՄՆ-ի շահերին:«Ով ում» հարցը դեռեւս երբեք այդքան լուրջ չէր ծառացել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Վրաստանի նախագահի արկածախնդրությունը Հարավային Օսեթիայում ձեռնատու եղավ Ռուսաստանի համար եւ լավ «արջի ծառայություն» մատուցեց ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Այնքան լավ, որ Բաքվում որոշեցին չարագացնել իրադարձությունները: Որքան էլ տարօրինակ հնչի, նույնիսկ դադարեցին հնչել Իլհամ Ալիեւի հայտարարությունները «ադրբեջանական ժողվորդի համբերության մասին, որը կարող է սպառվել»: Ավելին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո Ի.Ալիեւը հայտարարեց, որ, չնայած բարդություններին, այսօր լավ նախադրյալներ կան հակամարտության կարգավորման համար: «Եթե հակամարտությունը կարգավորվի մոտ ժամանակներս, նոր հեռանկարներ կբացվեն համագործակցության համար: Մենք հարեւաններ ենք, եւ այս տարածաշրջանից ոչ ոք ոչ մի տեղ չի հեռանալու եւ հարկավոր է բարիդրացիության ուղիներ որոնել»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Մինչդեռ, տեղեկացված աղբյուրներից հայտնի դարձավ, որ երկու նախագահների խոսակցության ժամանակ հնչել է մի գաղափար, ըստ որի Ռուսաստանը դադարեցնում է իր աջակցությունը Հայաստանին եւ սկսում է զենք վաճառել Բաքվին ներքին գներով: Թե սա ինչ է նշանակում Հայաստանի համար դժվար չէ կանխատեսել` բոլոր նավթադոլարները կհոսեն ռուսական գանձարան: Փոխարենը Ադրբեջանը կտրամադրի իր նավթա-եւ գազամուղերը ռուսական էներգակիրների տեղափոխման համար...

Իսկ ՌԴ-ում իշխում է այն կարծիքը, որ Հայաստանը Ռուսաստանից միեւնույն է «ոչ մի տեղ չի կորչի»: «Տարածաշրջանում նա այլ դաշնակիցներ չունի: Եթե մենք ճանաչենք Ղարաբաղը, ստիպված կլինենք քանդել արդեն իսկ ձեւավորված հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել տեւական բանակցությունների միջոցով, որին պետք է մասնակցեն հայկական, ադրբեջանական, թուրքական եւ ռուսական կողմերը»,-գտնում է Սանքտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Նման մոտեցման դեպքում ղարաբաղյան խնդիրը երբեք չի լուծվի` որքան շատ են «խաղաղարարները», այնքան երկար է գործընթացը: Հավանաբար, այդ պատճառով են Թուրքիան ու Իրանը որոշել միջամտել կարգավորմանը եւ ցույց տալ բոլորին, թե իրականում ով է տարածաշրջանային տերություն:

«Կովկասում շատ են շփման կետերը, սակայն վերջին իրադարձությունները բազում տարածաշրջանային խնդիրների պատճառ դարձան»,-հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթակին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Թեհրանում կայացած համատեղ մամլո ասուլիսին: Մանուչեր Մոթթակին նշել է, որ Իրանը, հանդիսանալով, կովկասյան տարածաշրջանի հարեւանը, առաջարկել է խորհրդակցություն անցկացնել տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցություն հաստատելու նպատակով: Իրանի ԱԳ նախարարի խոսքերով, Էդվարդ Նալբանդյանի այցը Թեհրան հիանալի հնարավորություն է Իրանի առաջարկով բանակցությունների փուլերից մեկն ավարտելու համար: Մ.Մոթթակին նշել է, որ Հայաստանն ու Իրանը ընդհանուր շահեր ունեն եւ նմանատիպ դիրքորոշում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Երեւանի ու Բաքվի միջեւ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար:

Թուրքիայի դիրքորոշումն արդեն հայտնի է` նա մտադիր է ոչ ավել, ոչ պակաս դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Թե ինչ հետեւանքներ դա կունենա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար դժվար չէ գուշակել: Հավանաբար, տարածաշրջանում կարելի է ուժերի նոր դասավորություն ակնկալել: