6 նոյեմբերի 2008 - 21:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Առաջին անգամ, երեւի թե, ամերիկացիներին դադարեց հետաքրքրել նախագահի մաշկի գույնը
Բարակ Օբամայի առջեւ շատ բարդ խնդիրներ են ծառացած` Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմը, գլոբալ ճգնաժամը, հարաբերությունները Իրանի, Իսրայելի եւ, վերջապես, Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ն հերթական անգամ զարմացրեց աշխարհին` նախագահ ընտրելով աֆրոամերիկացու: Ճիշտ է, այժմ արդեն ոչ ոք չի հիշում, որ նա սեւամորթ է միայն հայրական գծով, իսկ մայրական գծով` հարյուրտոկոսանոց յանկի, բայց դա արդեն մանրուքներ են: Կարեւոր է այլ բան. ԱՄՆ ճանաչեց, որ այսուհետ սպիտակ ռասան մեծամասնությունը չէ, որը պիտի թելադրի խաղի կանոնները: Չի բացառվում այն հնարավորությունը, որ Ամերիկայի հաջորդ նախագահ դառնա լատինոամերիկացի կամ չինացի. հավասար հնարավորությունների երկրում ամեն ինչ հնարավոր է:
Այս ընտրությունների եւս մեկ կարեւոր դասը եղավ այն, որ առաջին անգամ, երեւի թե, ամերիկացիներին դադարեց հետաքրքրել նախագահի մաշկի գույնը: Եւ դա լավատեսություն է ներշնչում, որը չի սպանվի նշան բռնած կրակոցներով: Ջոն Քեննեդիի հետ Օբամայի զուգահեռներն այնքան էլ տեղին չեն, ավելի ճիշտ կլինի նրան համեմատել մեծանուն նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ:

Բայց այժմ աշխարհը համակել է օբամապաշտությունը, որն, ի դեպ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի ենթադրում: Աբողջ աշխարհը խոսում է ԱՄՆ նոր նախագահի մասին եւ գունեղ հեռանկարներ երեւակայում: Բոլորը, բացի Ռուսաստանից: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հենց Ամերիկայի ղեկավարի ընտրության օրը ուղերձով դիմեց Դաշնային Ժողովին, որի իմաստը պարզից էլ պարզ էր. մի սպառնացեք մեզ, այլապես կփոշմանեք: Արտահայտվելով արեւմտյան մամուլի կլիշեով` «մի՛ արթնացրեք քնած արջին»:

ԱՄՆ նորընտիր նախագահին ողջունելուց զերծ չմնացին նաեւ հայերը, ավելի ճիշտ` ԱՄՆ հայկական համայնքը, որն իր որոշ դատողությունների հիման վրա դեռեւս հավատացնում է բոլորին, որ հենց իր ձայները հաղթանակ բերեցին դեմոկրատին: Բնական է, որ այդ ձայները նույնպես խաղացին իրենց դերը, բայց ոչ այնքան նշանակալից, որպեսզի ընտրությունների հաջորդ օրը հանդես գալ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման գունեղ հույսերով: Շատ հնարավոր է, որ ապրիլի 24-ին ամենամյա ուղերձում Բարակ Օբաման ասի «ցեղասպանություն» բառը, բայց դրանով էլ ամեն ինչ կվերջանա, որքան էլ որ դա ցավալի է հայկական լոբբիի համար: Իրաքում եւ Աֆղանստանում դեռ չավարտված պատերազմի պայմաններում ԱՄՆ համար շատ կարեւոր են հարաբերությունները Թուրքիայի հետ: Ցավալի է, որ այս տարրական իրողությունները հարկ է լինում կրկնել ամեն անգամ, երբ խոսքը գնում է Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մասին: «Ես կարծում եմ, որ այլեւս Կոնգրեսի ոչ մի հռչակագրերի եւ բանաձեւերի կարիք չկա: Հայ ժողովուրդը չպետք է նախագահի թեկնածուներին մշտապես խնդրի ճանաչել Ցեղասպանությունը: Իրականում մեզ հարկավոր է, որպեսզի ԱՄՆ արդարամիտ միջնորդ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին ավելի շատ օգնություն հատկացնի: ԱՄՆ պետք է Թուրքիային կոչ անի պաշտպանելու հայկական փոքրամասնության իրավունքները եւ Կոստանդնուպոլսյան հայրապետությանը վերադարձնի հայկական պատմական եկեղեցիները»,- գտնում է The California Courrier-ի խմբագիր Հարութ Սասունյանը, որին չես կարող մեղադրել հայրենասիրության բացակայության մեջ:

Իրականում Բարակ Օբամայի առջեւ շատ բարդ խնդիրներ են ծառացած`Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմը, գլոբալ ճգնաժամը, հարաբերությունները Իրանի, Իսրայելի եւ, վերջապես, Ռուսաստանի հետ: Այդ աբողջ ցուցակում տեղ չկա եւ չի կարող լինել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, թեեւ հենց ամերիկյան նախագահներն են հանդիսանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության գլխավոր պաշտպանները: ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պրագմատիկ է, եւ եթե այսօր նրանք բարեկամություն են անում Բաքվի հետ, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ադրբեջանում արդեն ուրախանում են, որ ԱՄՆ պետքարտուղարն է դառնալու Ռիչարդ Լուգարը` «Ադրբեջանի հինավուրց ընկերը»... Վաղը կլինի Հայաստանի կամ մեկ ուրիշի կարիքը, ԱՄՆ վարվելու է այնպես, ինչպես իրեն է հարկավոր եւ ոչ թե ուրիշ մեկին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ին կարելի է շնորհավորել հաջող ընտրության առթիվ: «Երկրին բարդ ու դժվար ճանապարհ է սպասվում: Բայց ես համոզված եմ, որ Ամերիկան կհաղթահարի բոլոր դժվարությունները: Մենք պետք է մարդու տրամադրության տակ դնենք նոր էներգիա, ստեղծենք նոր աշխատատեղեր, կառուցենք նոր դպրոցներ, պատասխանենք նոր սպառնալիքներին եւ վերականգնենք հին միությունները: Մեզ երկար ճանապարհ է սպասվում: Մեր վերելքը կտրուկ է լինելու: Միգուցե, մենք դրան չհասնենք մի տարում, անգամ ողջ նախագահական ժամկետի ընթացքում: Բայց ես երբեք այնքան հույսեր չեմ փայփայել, որքան այսօր. Ամերիկան անպայման կհասնի այնտեղ»,- ասել է Օբաման` ազգին ուղղված իր առաջին ուղերձում:

Կարինե Տեր-Սահակյան