15 նոյեմբերի 2008 - 16:10 AMT
ՀՈԴՎԱԾ
Կասպից ծովի ածխաջրածինների քանակն ուղղակի համեմատելի չէ Ռուսաստանի պաշարների հետ
Էներգետիկ գագաթնաժողովը Բաքվում ավելի շատ քաղաքական նպատակներ էր հետապնդում եւ դա բնական է` Իլհամ Ալիեւին հարկավոր էր մեկ անգամ եւս սեփական ժողովրդի աչքերում ինքնահաստատվել որպես նախագահ, որը միշտ անում է այն, ինչ հարկավոր է Ադրբեջանին
Համաշխարհայի ճգնաժամի ու նավթի գների անկման ֆոնի վրա նոյեմբերի 14-ին Բաքվում տեղի ունեցավ IV Էներգետիկ գագաթնաժողովը: Գագաթնաժողովը բավականին կարեւոր էր Հարավային Կովկասում «հնգօրյա պատերազմից» հետո փոխված պայմաններում, քանի որ հենց այդ պատերազմը ցույց տվեց Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա Վրաստանի ու Թուրքիայի տարածքով ածխաջրածինների անվտանգ տարանցման ողջ անհուսալիությունը: Վրաստանի ու Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղների անվտանգության խնդիրների մասին բազմիցս է խոսվել, սակայն, հավանաբար, իրոք պատերազմ էր պետք դա հասկանալու համար:
Առավել եւս անհասկանալի է, թե ինչու է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ասված. «Մենք նշում ենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Նովոռոսիյսկ, Բաքու-Սուպսա նավթամուղների եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում եւ Թուրքիա-Հունաստան գազատարների դրական փորձն ու հաջող գործունեությունը, որոնք ապահովում են նավթի եւ գազի արդյունավետ առաքում համաշխարհային ու եվրոպական շուկա»: 15 երկրներ եւ Եվրահանձնաժողովը ստորագրել են հռչակագիրը, որը ըստ հեղինակների մտահղացման կարող է զերծ պահել Եվրոպան ռուսական էներգետիկ պարտադրանքից: Գագաթնաժողովի նախօրեին ադրբեջանական մամուլում ակտիվորեն խոսվում էր «այդ հանդիպմանը Ռուսաստանի հակազդեցության մասին», սակայն Մոսկվայի արձագանքն առավել քան չեզոք էր: Եվ Մոսկվան բոլոր հիմքերն ունի դրա համար: Նույնիսկ անկախ նավթի գների անկումից, Կասպից ծովի ավազանի ածխաջրածինների քանակն ուղղակի համեմատելի չէ Ռուսաստանի պաշարների հետ: Ինչպես նաեւ Ադրբեջանի տնտեսությունը, չնայած կենսուրախ զեկույցներին, հեռու է իրական զարգացումից եւ ակնհայտորեն չի հասնի ռուսականին, որն էլ իր հերթին այնքան էլ արագ չի զարգանում:
Եթե մի կողմ թողնենք պարտադիր հայտարարությունները համագործակցության, բարեկամության եւ տարածաշրջանային անվտանգության մասին, որն, ըստ հռչակագրի հեղինակների, հասու է դառնում հենց էներգետիկ անկախության միջոցով, պետք է խոստովանել, որ փաստաթուղթն ըստ էության, բարի ցանկություններից բացի ոչինչ չի պարունակում: Հռչակագրին միացել են Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Բալթիայի երկրները, Լեհաստանը, Ռումինիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ուկրաինան, Շվեյցարիան եւ Եվրահանձնաժողովը:
Հատկանշական է, որ ցուցակում չկան Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, ինչպես նաեւ Ղազախստանն ու Թուրքմենստանը, էլ չասած Իրանի մասին: Իսկ չէ որ հենց նրանք բոլորից շատ նավթ ու գազ ունեն, էլ չասած այն մասին, որ Իրանը զբաղեցնում է չորրորդ տեղը աշխարհում նավթի հետախուզված պաշարներով, իսկ Թուրքմենստանը` երկրորդը իր գազի ծավալներով: Մեծ Բրիտանիայի բացակայությունը մի փոքր տարօրինակ է թվում, չէ որ հենց նա է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատորը, սակայն հավանաբար Լոնդոնն իր պատճառներն ուներ հռչակագիրը չստորագրելու համար, առավել եւս, որ այն ստորագրել է ԱՄՆ-ն: Ինչ վերաբերում է Ֆրանսիային ու Գերմանիային, ապա այդ երկու երկրները այնուամենայնիվ հակված են ռուսական գազի ու նավթի, ինչն էլ հաստատվեց Նիսում կայացած ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովում:
Բաքվի գագաթնաժողովը ավելի շատ քաղաքական նպատակներ էր հետապնդում եւ դա բնական է` Իլհամ Ալիեւին հարկավոր էր մեկ անգամ եւս սեփական ժողովրդի աչքերում ինքնահաստատվել որպես նախագահ, որը միշտ անում է այն, ինչ հարկավոր է Ադրբեջանին: Այն, որ բոլոր ստորագրված փաստաթղթերը ոչ այլ ինչ են, քան զուտ ձեւականություն, դա նրան չի մտահոգում: Կարեւորը բոլորին համոզելն է, որ առանց Կասպից ծովի աշխարհն ուղղակի ապրել չի կարող: Եվ, որքան էլ տարօրինակ լինի, որոշ երկրների հարցոմ դա ստացվում է: Առաջին հերթին դա Վրաստանն է, երկրորդը` ԱՄՆ-ն, որքան էլ դա տխուր լինի: Մյուսները հիանալի գիտեն թե ինչ գին ունեն պաշտոնական Բաքվի խոստւմները, սակայն դեռեւս գերադասում են լռել:
Սակայն վերադառնանք հռչակագրին, որտեղ ասվում է.«Մենք կարեւոր ենք համարում այն քաղաքականության շարունակությունը, որն ուղղված է Կասպից ծովի տարածաշրջանից համաշխարհային եւ եվրոպական շուկաներ նավթի ու գազի տեղափոխման ուղիների դիվերսիֆիկացմանը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող էներգածրագրերը էապես նպաստում են տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում մրցակցային միջավայրի եւ արտադրող, սպառող եւ տարանցիկ երկրների փոխշահավետ շահերի ապահովման համար»:
Ամենից շատ «հիացմունք» են առաջացնում «Կասպից ավազանի հսկայական պաշարները»: Այո, իրոք, Կասպից ավազանի պաշարները մեծ են, սակայն Ադրբեջանին պատկանում է դրանց միայն 1/5-ը: Իսկ նա հավակնում է գրեթե կեսին, ընդ որում ակնհայտորեն, օգտվելով Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունից, նավթ քաշելով հարեւան պետությունների տարածքից: Առանց ղազախական նավթի ուղղակի չէր գործարկվի ԲԹՋ-ն: Ուղղակի Ադրբեջանը գտնվում է հարմար աշխարհագրական դիրքում եւ կարողացել է նորմալ հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Սակայն սա ժամանակավոր է, եւ Բաքուն շուտով ստիպված կլինի ընտրել երկու գերտերությունների միջեւ: Մեծ հաշվով, ցանկացած ընտրություն այստեղ վնասակար կլինի, հարցը վնասների չափի մեջ է: Կարող է այնպես ստացվել, որ հաղթական հռչակագրերը իրականում հանգեցնեն քաղաքական պարտության, ինչը շատ ավելի լուրջ է, քան ցանկացած շահավետ տնտեսական նախագիծ:
Եվ վերջինը: «Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են շարունակել կողմերի գործողությունների համակարգմանն ու համատեղ նախագծերի իրականացմանն ուղղված ջանքերը, որոնց նպատակն է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդումը, հատկապես գազի տարանցման նախագծերի հարցում, այդ թվում Վրաստանի ու Թուրքիայի տարածքների միջով, ներառյալ Interconnector-ը (Թուրքիա-Հունաստան- Իտալիա), Nabucco-ն եւ մյուսները»:
Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News