3 փետրվարի 2009 - 21:12 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիայի վարչապետը Դավոսում արեց ամեն ինչ Իրանից առաջնությունը խլելու համար
Որքան էլ ցանկանա հայկական լոբբին, որ թուրք վարչապետի վարքագիծն ազդի Հայոց ցեղասպանության հարցում հրեական լոբբիի դիրքորոշման վերանայման վրա, դա հազիվ թե հնարավոր լինի
Էրդողանի դեմարշը Դավոսում չհիմնավորված հույսեր արթնացրեց ԱՄՆ հայ համայնքի, ընդհանուր առմամբ ազգի մոտ, որ հրեական լոբբին կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսում: Թուրքական մամուլը, առաջին հայացքից, լրջորեն մտահոգված լինելով իրադարձությունների նման շրջադարձով, չի հոգնում կրկնել, որ Թուրքիան ու Իսրայելը դաշնակիցներ են, եւ որ Դավոսում կատարվածն ուղղված չէր հրեաների դեմ:

Ճիշտ է, թուրք վարչապետը Դավոսում հանդես էր գալիս ոչ այնքան Իսրայելի դեմ, որքան փորձում էր համոզել բոլոր հավաքվածներին տարածաշրջանային տերություն ճանաչել Թուրքիային: Նույնիսկ Իրանը խաբվեց, բուռն երախտագիտություն հայտնելով նրան: Իսկ չէ որ հենց Թեհրանը պետք է դեմ լինի Թուրքիայի գեգեմոնիային տարածաշրջանում: Սակայն Թուրքիայի վարչապետն ամեն ինչ արեց, առաջնությունը Իրանից խլելու համար: Թե որքանով դա նրան հաջողվեց, տեսանելի կլինի արդեն մոտակա ամիսներին:

Որքան էլ ցանկանա հայկական լոբբին, որ թուրք վարչապետի վարքագիծն ազդի Հայոց ցեղասպանության հարցում հրեական լոբբիի դիրքորոշման վերանայման վրա, դա հազիվ թե հնարավոր լինի: Միակ բանը, ինչ կարող են անել ԱՄՆ-ի հրեա կազմակերպությունները, չխանգարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն դա եւս ձեւական բնույթ կկրի, այսինքն 106 բանաձեւի նմանությամբ բանաձեւ կընդունվի, որը կոչվում էր House Resolution եւ իրավաբանական ուժ չուներ: Ճիշտ է, Թուրքիայի համար սա էլ է անընդունելի, քանի որ անխուսափելիորեն կարծարծվի փոխհատուցման հարցը, էլ չենք ասում, որ ողջ աշխարհը Անկարայի կառավարությունը կդնի հիտլերյան Գերմանիայի, Ռուանդայի, Կամբոջայի հետ նույն հարթության վրա: Հենց դրանից է վախենում Անկարան եւ հանուն դրա է տարբեր արշավներ սկսում եւ կոչեր տարածում համատեղ հանձնաժողովներ ստեղծելու մասին:

Ըստ թուրք փորձագետ Սեդաթ Լաչիների, հայկական հարցն առաջ է քաշվում ամեն անգամ, երբ խնդիրներ են առաջանում ամերիկա-թուրքական հարաբերություններում: Սակայն նա նաեւ համարում է, որ «ցեղասպանություն» տերմինի կիրառումը Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ին հազիվ թե ցնցում լինի թուրք ժողովրդի համար: «Թուրքական հանրությունն արդեն նորմալ է վերաբերվում նրան, որ ԱՄՆ նոր վարչակազմը կարող է անել այն, ինչը չարեց նախորդը հայկական հարցում: Ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր նախընտրական արշավի ժամանակ»,-գտնում է Լաչիները:

Սակայն Իսրայելում այլ կերպ են մտածում: Ցանկացած հրեայի համար Հոլոքոսթը մեծ, սարսափելի եւ միայն հրեական երեւույթ է, ուստի ոչ մի այլ կոտորած չի կարող Ցեղասպանություն ճանաչվել: Այս մոտեցման անհեթեթությունն այնքան ակնհայտ է, որ խոսելն էլ ավելորդ է: Հետաքրքիրն այն է, որ իր պնդումներում, թե 1915 թ. իրադարձությունները ոչ թե Ցեղասպանություն էին , այլ «ընդամենը» բռնագաղթ, իսրայելցի գիտնականների մեծ մասը կրկնում է թուրքական տարբերակը` հայերը Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին, որի դեմ պատերազմում էր Ռուսաստանը, եւ ցանկանում էին «մեջքից հարվածել» թուրքերին...Ուստի Իսրայելի համար ճանաչել Հայոց ցեղասպանությունը կնշանակի հավասարեցնել այն Հոլոքոսթի հետ, ինչը հրեաները երբեք չեն անի:

Ամենահետաքրքիրն այն է, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի եւ Իսրայելի համար ոչինչ չի փոխվի: Ճիշտ է կա եւս մեկ հանգամանք` հենց որ Բարաք Օբաման զորքերը դուրս բերի Իրաքից եւ պայմանագիր կնքի Իրանի հետ, դա կնշանակի, որ ԱՄՆ-ն աստիճանաբար հեռանում է Մերձավոր Արեւելքից: Այդ դեպքում, ամերիկա-թուրքական հարաբերությունները չեն փչանա, ինչը գործնականում կնշանակի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս պատմության մեջ պետք չէ մոռանալ, որ ամենագլխավորը` Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն եւ ոչ այնքան ԱՄՆ-ի բարոյական պարտքն է, որքան Թուրքիայի: Եվ հենց դրանից է կախված տարածաշրջանի ապագան: Անկարայում շատ լավ են հասկանում, որ ճանաչմանը կհաջորդեն Հայաստանի մյուս քայլերը: Նույնիսկ եթե փոխհատուցման պահանջ այժմ չլինի, ապա տասնյակ տարիներ անց, այն միեւնույն է կլինի: Ի դեպ, Թուրքիան եւ նրա կառավարությունն այժմ զբաղված են ոչ թե հայերով, կամ Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններով: Երկիրը տրոհվում է ներքին հակասություններից եւ ինչպիսին կլինի Թուրքիան մարտի ընտրություններից հետո, այնպիսին էլ կլինի նրա արտաքին քաղաքականությունը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News