11 փետրվարի 2009 - 00:57 AMT
ՀՈԴՎԱԾ
Թբիլիսին ցանկանում է 2008թ. օգոստոսի պարտության արդյունքում իր կորցրած դիրքերը վերականգնել հայերի հաշվին
Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելու Հայաստանի մշտական վախը հանգեցրել է նրան, որ Թբիլիսին ինչ ուզում անում է հայկական հուշարձանների եւ ազգությամբ հայ իր քաղաքացիների հետ` շատ լավ հասկանալով, որ Երեւանը չի միջամտի
Պարտություն կրելով Հարավային Օսիայի հետ պատերազմում եւ երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ խրելով` Վրաստանի նախագահը որոշեց վերականգնել իր կորցրած դիրքերը: Եւ նա անում է դա, բնականաբար, հին եւ փորձված մեթոդով. սկսում է ճնշել հայկական բնակչությանը, որը Վրաստանում շատ քիչ է մնացել: Ընդհանուր առմամբ, Վրաստանում ոչ մի նոր բան չի կատարվում. հայերը միշտ էլ անցանկալի ազգություն են եղել այդ երկրի համար. դրանում վրացիները օրինակ են վերցնում թուրքերից եւ ադրբեջանցիներից:

Վարքի մոդելն էլ է նույնը. սկզբում խոսակցություններ են գնում «օտար պատմության սեփականացման» մասին, դրան հաջորդում են լրտեսության մեղադրանքները եւ որպես հետեւանք` տեղահանում: Ճիշտ է, պետք է խոստովանել, որ Սահակաշվիլիի ուժը չի պատի տեղահանման համար, անգամ «եղբայրական» Ադրբեջանի աջակցությամբ: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Թուրքիան վերջին ժամանակներս խուսափում է Հայաստանի հանդեպ կտրուկ քայլեր կատարելուց, ապա կարելի է ասել, որ իրեն հարմար դասավորությամբ հայկական խաղաքարը խաղարկելու Թբիլիսիի բոլոր ջանքերը կձախողվեն: Ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Վրաստանի նախագահը պետության կառավարման հարցում ցույց տվեց իր թերարժեքությունն ու արկածախնդրությունը:

Հայկական Նորաշեն եկեղեցու միջադեպից հետո Վրաստանի իշխանությունները որոշեցին շրջվել դեպի Ջավախքը, որտեղ հայերը դեռեւս էթնիկական մեծամասնություն են կազմում: Շրջանի ժողովրդագրական կազմը փոխելու նպատակով Ախալքալաքում եւ Ախալցխայում սկսվեցին հայ ակտիվիստների ձերբակալությունները, նրանց մեղադրեցին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Ոչ մի նոր բան. ճիշտ նույն կերպ երիտթուրքերը արդարացնում էին Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ է, պատմությունը երկու անգամ է կրկնվում. մի անգամ ողբերգության, մյուս անգամ` ֆարսի տեսքով: Վրաստանում մենք, փաստորեն, գործ ունենք ֆարսի հետ, ընդ որում` անհաջող գրված եւ շատ անհաջող կատարված:

Ժամանակագրական առումով վերջին նորությունը դարձավ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան վաճառքը: Սկզբունքորեն նման մի բան վաղուց էր սպասվում. սկզբում հայերը զրկվեցին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանից, իսկ հիմա` «Վերնատունից»: Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ նման իրադարձությունների մեղքը մեծ մասամբ ընկած է հայկական պետության խղճին: Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելու Հայաստանի մշտական վախը հանգեցրել է նրան, որ Թբիլիսին ինչ ուզում անում է հայկական հուշարձանների եւ ազգությամբ հայ իր քաղաքացիների հետ` շատ լավ հասկանալով, որ Երեւանը չի միջամտի: Ստացվում է ինչպես հայտնի ֆիլմում. «Իսկ եթե չվերցնեն, կանջատենք գազը»: Փոխանակ հանրությանը կոչ անեն, թեեւ անգամ դա չի արվում, Հայաստանի իշխանությունները ավելի լավ կլիներ հոգ տանեին Հայաստանի սնուցման այլընտրանքային ճանապարհների մասին, գոնե նույն Իրանի միջոցով:

Բայց Հայաստանի արձագանքը դուրս չի գալիս հասարակական քննարկումների եւ առանձին անձանց հայտարարությունների շրջանակից: Տարօրինակ է, որ մինչեւ հիմա չի հնչել ՀՀ Սփյուռքի նախարարության հստակ դիրքորոշումը, որը տրամաբանորեն պետք է զբաղվի նաեւ իր հայրենակիցների պաշտպանությամբ: Բայց այդ գերատեսչությունն էլ է սահմանափակվում դատարկ հայտարարություններով:

Այդ միջոցին, www.bagin.info կայքի նախկին կոորդինատոր, ներկայումս` «ՀԵԹԱՆ» Ալյանսի քաղաքական թեւի ներկայացուցիչ Արամ Արղությանի խոսքով, ներկայումս վրացական իշխանությունները հայերին տրամաբանական քայլերի են դրդում, հավանաբար, չպատկերացնելով դրա հետեւանքների ողջ լրջությունը: «Վերջին իրադարձությունները ակնհայտորեն բացահայտեցին այն հանգամանքը, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան դաս չեղան Թբիլիսիի համար. հավանաբար, Աստված եռյակ է կամենում, որպեսզի վերջնականապես ցույց տա Վրաստանին նրա տեղը պատմության մեջ: Դեռեւս 19-րդ դարի վերջին Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ I Վանեցին (Խրիմյան Հայրիկ) ժողովրդին բացատրում էր «թղթե եւ երկաթե շերեփների» ուսմունքը, բացատրում, թե դրանցից որ մեկն է հեռանկարային եւ արդյունավետ: Այդ դասը հայերը հաջողությամբ կիրառեցին Ղարաբաղում` զինված ապստամբությունը հասցնելով անկախության: Այսօր Վրաստանը կորցրել է կապը իրականության հետ եւ ջանում է դուրս գալ Աբխազիայում ու Հարավային Օսիայում կրած ջախջախիչ պարտության եւ ստորացման անդունդից` թույնը նետելով Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանի «անպաշտպան» հայության վրա: Թբիլիսին ընտրել է պետական ահաբեկչության ճանապարհը` ուղղված սեփական քաղաքացիների դեմ` չգիտակցելով, որ այդ դեպքում հակառակ կողմը եւս պատասխանի իրավունք ունի»,- գտնում է Արղությանը:

Նա նշեց նաեւ, որ Թբիլիսին ձերբակալված հայ գործիչներին վրացիների կողմից կտրուկ ընդունվող եւ շատ խորհրդանշական մեղադրանքներ է ներկայացրել` լրտեսություն եւ զինված խմբավորումների կազմավորում: «Եւ դա ընդամենը նախաբանն է, իսկ հանգուցալուծումը կլինի մոտավորապես հետեւյալ կերպ. կձերբակալվեն ավելի մեծ թվով հայեր, վրացական հեռուստատեսությամբ ցույց կտան զենքի եւ զինամթերքի «բռնագրավված» պահեստները եւ ամբողջ աշխարհին կհայտարարվի, որ տեղի հայերը լրտեսություն են արել Վրաստանի «հավերժ բարեկամ» Ռուսաստանի օգտին եւ նրա օգնությամբ տեղում փորձել են ապակայունացնել իրադրությունը: Այսինքն, վրացական իշխանությունների կողմից ձեռնարկվում է նման կերպ հանուն սեփական իրավունքների պաշտպանության տեղական հայերի պայքարը ձախողելու փորձ` այն ներկայացնելով որպես երրորդ կողմի պատվեր: Հայաստանի հետ «մեծ սակարկության» ենթակա հարցերի շարքում Վրաստանն իր համար առանձնացրել է եւս մեկ խնդիր: Վերջերս Երեւանում ակտիվացել են մի շարք կազմակերպություններ, խմբավորումներ եւ առանձին անձինք, որոնք իրենց աջակցությունն են ցույց տալիս Վրաստանում «հայկական հարցի»` հայերի համար բարենպաստ լուծմանը: Թբիլիսիի ձեռքը չի հասնում Երեւանին, որպեսզի այդ սեկտորը լռի, ուստի Վրաստանին անհրաժեշտ է ստիպել հայկական իշխանություններին զբաղվել դրանով: Ավելի վաղ մի շարք դեպքերում Թբիլիսին հաջողությամբ կիրառել է այդ միջոցը` իր խնդիրները լուծելով Հայաստանի իշխանությունների ձեռքով»,- ասել է Արամ Արղությանը: Ասվածին, թերեւս, ավելացնելու ոչինչ չկա...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News