Մարտի 1-ի գագաթնաժողովում Անգելա Մերկելը մերժեց Արեւելայն Եվրոպային 190 մլրդ եվրոյի շտապ ֆինանսական օգնության պլանը: Նրան սատարեց ԵՄ-ում նախագահող Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: Նա հայտարարեց, որ Արեւելայն Եվրոպայի եւ Բալթիայի երկրների համար օգնության միասնական ծրագիր ընդունելու անհրաժեշտություն չկա: Ըստ նրա, օժանդակության չափը պետք է որոշվի Արեւելայն Եվրոպայի յուրաքանչյուր երկրի համար առանձին: «Տրամաբանական չէ միասնական փաթեթով օգնություն ցուցաբերել Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներին, որոնցից յուրաքանչյուրում իրավիճակը տարբեր է»,-ընդգծել է նա:
Գագաթնաժողովի նախօրեին Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ Հունգարիայի ու Լեհաստանի գլխավորությամբ եւ Ավստրիայի աջակցությամբ հանդես եկան պահանջով, ուղղված «հարուստ» երկրներին` շտապ 190 մլրդ եվրո հատկացնել բանկային համակարգերին աջակցելու եւ պահպանելու համար ազգային արտարժույթի փոխարժեքը: Սակայն «հարուստներն», ավաղ, աղքատանում են եւ պետք է մտածեն սեփական ճակատագրի մասին, այլ ոչ թե Արեւելյան Եվրոպայի երկրների, որոնք այդպես էլ չհաղթահարեցին ամենուր օգնություն որոնելու սովորությունը` սկզբում Մոսկվայում, այժմ Բրյուսելում եւ Վաշինգտոնում:
Սակայն ավելի լուրջ ցնցումներ են սպասում «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: ԵՄ երկրները դժգոհություն են հայտնել «Արեւելայն գործընկերություն» ծրագրի համար 600 մլն եվրո հատկացնելու Եվրահանձնաժողովի մտադրության կապակցությամբ: Նշվել է, որ Եվրամիությունը ճափազանց շատ միջոցներ է հատկացնում արեւելայն գործընկերներին, այն դեպքում երբ հարավային գործընկերներին աջակացության ծավալները շատ ավելի համեստ են: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ պաշտոնական Բեռլինը դեմ է նախաձեռնության բյուջեի ավելացմանը: Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո լեհ նախագահ Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Գերմանիան ֆինանսապես կաջակցի նախագծին: Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշներն առաջարկել է կրճատել բյուջեն մինչեւ 250 մլն եվրո, այդպիսով մասնակից յուրաքանչյուր երկրին հատկացնելով տարեկան 15 մլն եվրո: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության բյուջեի նախագիծը վերջնականապես կհաստատվի ԵՄ գագաթնաժողովում մարտի 19-20-ը, հաղորդում է theews.pl-ն:
Ամբողջությամբ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն իհարկե չի փակվի` այստեղ առաջնայինը քաղաքականությունն է, որի համար միջոցներ միշտ կգտնվեն: Հիշեցնենք, որ նույնիսկ ամենախորը ճգնաժամի դեպքում նույն ԱՄՆ-ում միշտ էլ միջոցներ գտնվում են «պետքական» երկրներին եւ գործընկերներին աջակցելու համար: Այնպես որ մեծ հաշվով, ծրագրի մասնակից երկրները անհանգստանալու առիթ չունեն: Ճիշտ է, միջոցներն ավելի քիչ կլինեն եւ դրանք հարկ կլինի ծախսել զուտ ծրագրով նախատեսված կետերի համար:
Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի երկրներին, ապա նրանք, հավանաբար, ստիպված կլինեն առաջիկայում հույսները միայն իրենց վրա դնել: Դա դժվար է, տհաճ, սակայն ոչ մահացու: Պետք չէ մոռանալ, որ այժմյան ճգնաժամը, օբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ, առաջացավ նույն Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային հանրապետությունների տնտեսությունների համար անհամար հատկացումների շնորհիվ: