14 մարտի 2009 - 22:45 AMT
ՀՈԴՎԱԾ
Ի՞նչ գին պետք է վճարի Հայաստանը Թուրքիայի հետ սահմանի բացման համար
Հայաստանը ոսկոր է Թուրքիայի եւ Ադրբեջանի կոկորդում, եւ նրանք հայերի առնչությամբ ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ամբողջական ոչնչացումից
Հայ-թուրքական սահմանի բացումից հետո, եթե նման բան տեղի ունենա, Առաջին աշխարհամարտի պատմության մեջ վերջակետ կդրվի: Եթե հավատանք թուրքական աղբյուրներին, իսկ նրանց չհավատալու հիմք գրեթե չկա, ապա Հայաստանը համաձայնել է Անկարայի առաջադրած նախապայմաններին: Հիմնական պայմանը, ինչպես հիշում ենք, Օսմանյան կայսրության քայքայումից հետո ձեւավորված ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքային անհրաժեշտ է Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից Խորհրդային Միության իրավահաջորդության հարցում իր իրավունքների հաստատումը ամբողջությամբ` ներառյալ պայմանագրերը, չնայած Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնց շուրջ էլ ծավալվում է վեճը, ձեւականորեն ստորագրվել են ոչ թե ԽՍՀՄ, այլ Ռուսաստանի կողմից:

Եւ, իհարկե, «1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողովի ստեղծումը»: Կա եւս մեկ հանգամանք. թուրքական իշխանությունները Երեւանին պայման են դրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի ապրիլի 24-ից հետո:

Ինչպես գրում է Star թուրքական թերթը, «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններն անցել են եզրափակիչ փուլ: Երկու երկրների միջեւ ստորագրման ենթակա փաստաթղթում նախատեսվում է սահմանների բացում, անմիջական առեւտրի սկսում եւ 1915 թվականի իրադարձությունների հետաքննության համար համատեղ հանձնաժողովի ստեղծում: Ղարաբաղյան հարցը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որոշիչ պայման չէ», - հայտնել է Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցության (AKP) աղբյուրը: Այն, որ համատեղ հանձնաժողովը չի կարողանա որեւէ բան ճշտել «1915թ. իրադարձությունների» առնչությամբ, հասկանում են թե' թուրքերը, թե' հայերը: Առաջին աշխարհամարտի տարիների Օսմանյան արխիվները, եթե այդպիսիք պահպանվել են, այսքան տարիների ընթացքում ակնհայտորեն «մաքրման» են ենթարկվել: Բայց չէ՞ որ կա նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի արխիվը, որում հավաքված են Ստամբուլում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ուսումնասիրությունները... Եւ հետո` համաշխարհային ճանաչում ունեցող պատմաբանների շրջանում պարզապես անշնորհքություն է համարվում Հայոց ցեղասպանության ժխտումը:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները սկսվեցին դեռեւս 2007թ. Բեռնում: Չնայած, որ հայկական կողմը մշտապես հերքում էր բանակցությունների մասին տեղեկատվությունը, թուրքական ԶԼՄ-ները բավական շատ էին գրում հայ-թուրքական «գաղտնի» բանակցությունների մասին: Այն, որ հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ հարկավոր է Թուրքիային, բոլորին հասկանալի է: Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը Անկարային հանձնում հերթական շահող խաղաքարը` ինչպես Եվրամիություն մտնելու, այնպես էլ որպես տարածաշրջանային տերություն հաստատվելու համար: Եթե դիտարկենք վերջին տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունները, ապա չի կարելի ասել, որ դրանք հաջող էին հայկական դիվանագիտության համար: Ճիշտ է, սահմանը պետք է բացվի, Հայաստանը պետք է ներկայացվի տարածաշրջանային նախագծերում: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Թուրքիան վարում է սեփական քաղաքականությունը` հաշվի չնստելով Ադրբեջանի հետ: Իհարկե, միամտություն կլինի համարել, որ Անկարան լիովին կհրաժարվի Բաքվի աջակցությունից, բայց միեւնույն ժամանակ նա շրջվելու է Երեւանի կողմը, որովհետեւ այլ կերպ չի ստացվի: Բայց մենք` հայերս, չպետք է մոռանանք, որ Հայաստանը ոսկոր է Թուրքիայի եւ Ադրբեջանի կոկորդում, եւ նրանք հայերի առնչությամբ ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ամբողջական ոչնչացումից: Անգամ 94 տարի անց Թալեաթ փաշայի խոսքերը նախկինի պես զգոնացնում են. «Ոչ մի հայ չի կարող մեր բարեկամը մնալ այն ամենից հետո, ինչ մենք արեցինք նրանց հետ...» Անգամ չենք ցանկանում մտածել, որ հայերին ուզում են ստիպել մոռանալ 1915թ. եւ հաջորդած տարիները:

Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան• կարծիքով, սահմանի բացումը կախված է երկու գործոններից: «Նախ, դա Թուրքիայի մունիցիպալ ընտրություններն են, որոնք տեղի կունենան մարտի 29-ին: Այդ ընտրություններին իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) պետք է վերջնականապես ամրապնդի իր դիրքերը ներքին քաղաքական դաշտում: Երկրորդ գործոնը կապված է ԱՄՆ հետ. արդյոք նախագահ Բարակ Օբաման ԱՄՆ հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, թե` ոչ»,- ասել է Իսկանդարյանը` ընդգծելով, որ Թուրքիայի համար Ղարաբաղի խնդիրն իսկապես չի հանդիսանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որոշիչ պայմանը:

Բնական է, որ հավերժ փակ սահմաններ չեն կարող լինել, առավել եւս XXI դարում: Բայց պետք է միշտ իմանալ` արդյոք այս կամ այն կողմը պատրաստ է գին վճարել կասկածելի խաղաղության եւ առավել կասկածելի բարեկամության համար: Այդ հիմա է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը որոշիչ չի հանդիսանում: Բայց այն կարող է այդպիսին դառնալ, եթե Թուրքիան Հայաստանի առնչությամբ կատարի ԱՄՆ ու Եվրոպայի պայմանները: Ահա այդժամ արդեն նա Երեւանի վրա ճնշում գործադրելու միջոցներ ձեռք կբերի եւ այդ դեպքում սահմանը կրկին փակելու կարիք արդեն չի լինի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News