«Պարտության» մեջ իր ներդրումն ունեցավ նաեւ համաշխարհային ճգնաժամը, թեեւ ճգնաժամի մեղքը չէ, որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ իսլամիստների լիակատար կառավարման: Կարելի է որոշակի համոզվածությամբ ենթադրել, որ խնդիրն այստեղ թուրք վարչապետի անձի մեջ է: Էրդողանի հայտարարություններն ու արարքները չնպաստեցին նրա հեղինակության բարձրացմանը: Դավոսի սկանդալից հետո Ստամբուլի օդանավակայանում նրա համար կազմակերպված ընդունելությունն ուղղակի հանպատրաստից կազմակերպված ակցիա էր, առավել եւս հաջողված, քանի որ այն առաջին հերթին ուղղված էր հրեաների դեմ, հետո արդեն` Էրդողանի օգտին:
Այն, որ ընտրությունները հանգիստ կանցնեն, ոչ ոք չէր հավատում, սակայն իրոք հաստատվեցին վատագույն մտավախությունները: Վեց մարդ սպանվեց եւ շուրջ 100-ը վիրավորվեցին «ամենախնդրահարույց» գավառներում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով: Ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում ընդհանուր առմամբ 590 մարդ է ձերբակալվել, հայտարարում են թուրքական ԶԼՄ-ները: Իզմիրում, որտեղ ԱԶԿ-ն պարտվեց, ոստիկանությունը պատրաստել էր մարդկանց մի ցուցակ, որոնցից 228-ը ոստիկանություն բերման ենթարկվեցին:
Հարավարեւելյան Թուրքիայի Կահրամանմարաշ քաղաքում ոստիկանությունը նմանապես ռազմավարություն որդեգրեց, ընտրատեղամասերի ղեկավարներին հանձնելով այն մարդկանց ցուցակները, որոնց որոնում էին: Այդ մարդիկ մեղադրվում են հիմնականում մանր ֆինանսական մեքենայությունների կամ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Այստեղ ձերբակալվել է 183 հոգի: 70 մարդ է ձերբակալվել Էրզրումում, 30-ը` Մանիսում, եւս 100-ը` տարբեր խախտումների համար հարավարեւելյան Ադիյամանում:
Թուրքիայի շատ ընտրատեղամասերում խնդիրների հետ են բախվել նաեւ քվերակության եկած հաշմանդամները: Սակայն, այդ ամենն օգնել է իշխանություններին պահպանել առաջատարի դիրքերը: Նախորդ ընտրությունների համեմատ Արդարության եւ զարգացման կուսակցությունը 8 տոկոսով ավելի քիչ ձայն հավաքեց` տանուլ տալով խոշոր քաղաքներում, մասնավորապես, Անթալիայում: Իշխող կուսակցությունը հավաքեց ձայների 40 տոկոսը, ինչը Թուրքիայում պարտություն է համարվում:
Եվրոպայի Խորհուրդը դատապարտեց հակաիրավական գործողությունները ինքնակառավարման մարմինների ընտրություններում: «Ես դատապարտում եմ բռնության փաստերը, որոնք գրանցվեցին Թուրքիայում մարտի 29-ի ընտրություններում, որոնց արդյունքում վեց մարդ զոհվեց եւ շուրջ հարյուրը վնասվածքներ ստացան»,-հայտարարել է Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միկալիֆը: Նրա խոսքերով, ողբերգական եւ միաժամանակ անհեթեթ է, որ ընտրությունները, որոնք ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումն են, արյունահեղության հանգեցրին:
Իր դժգոհությունն է հայտնել վարչապետը, բավականին կոպիտ կերպով նշելով Անթալիայի «անշնորհակալ» բնակիչներին: «Մենք նրանց համար այնքան բան արեցինք»,-ասել է Էրդողանը:
Ինչեւէ, ընտրություններից հետո Էրդողանի կառավարությանը դժվար կլինի պարզաբանել բնակչությանն իր քայլերը: Նաեւ դժվար կլինի արդարանալ ԵՄ-ի առջեւ ժողովրդավարական բարեփոխումների հարցում, որոնք իրականում չեն անցկացվել: Իսկ եթե նույնիսկ անցկացվել են, ապա բոլորվին էլ ոչ այնպես, ինչպես դա արվում է եվրոպական ընտանիք ձգտող երկրներում: Մի խոսքով, լավն էին ցանկանում, իսկ ստացվեց ինչպես միշտ: Դիմակայությունը իսլամիստների ու քեմալականների միջեւ չի մարել եւ դեռեւս ոչ ոք չգիտի, թե ինչի դա կհանգեցնի: Սակայն մի բան հստակ է` իսլամական պետությունը, նույնիսկ Թուրքիայի պես առաջադեմը, չի տեղավորվում ժողովրդավարական պետության շրջանակներում: Ոչ մի կերպ: