31 հուլիսի 2009 - 01:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Անկարայում Պուտինն ու Էրդողանը միմյանց համոզելու են «սանձել» Բաքվին ու Երեւանին
Հանգամանքների հաջող դասավորության դեպքում Ռուսաստանն ու Թուրքիան կստանան տարածաշրջանի գրեթե ողջ իշխանությունն ու Եվրոպայի հույսերը գազային անկախության վերաբերյալ զրոյի կհավասարվեն: Սակայն Հայաստանին ու Ադրբեջանին ավելի շատ հուզում է այն, թե ինչպես նրանք կ
Ինչ-որ խորհրդանշական բան կա Անկարա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այցի ամսաթվի մեջ: Եթե հիշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրերին սկսվեց վրացա-հարավօսական պատերազմը, որը տարածաշրջանը աղետի եզրին կանգնեցրեց, ապա Պուտինի այցը Թուրքիա կարելի է դասել ծրագրված պատահականությունների շարքին: Իսկ եթե հիշենք, որ հենց այդ պատերազմից հետո թուրք վարչապետը հանդես եկավ խաղաղության եւ կայունության Կովկասյան պլատֆորմի նախաձեռնությամբ, ապա կարելի է ասել, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա է մեկնում ոչ միայն քննարկելու երկու երկրների միջեւ ծագած մաքսային խնդիրները, այլեւ առավել լուրջ հարցերի լուծման համար: Իսկ Ռուսաստանի համար ամենալուրջ հարցն այժմ Nabucco գազատարի նախագծի հնարավոր իրականացումն է:

Ղարաբաղյան կամ աբխազյան կամ հարավօսական հակամարտության նման հին հակամարտությունների լուծումն ընդամենը հավելում է գլխավորին: Թուրքիային եւ Ռուսաստանին այժմ հարկավոր է, որպեսզի մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հսկվի հենց Մոսկվայի եւ Անկարայի կողմից: Հանգամանքների հաջող դասավորության դեպքում Ռուսաստանն ու Թուրքիան կստանան տարածաշրջանի գրեթե ողջ իշխանությունն ու Եվրոպայի հույսերը գազային անկախության վերաբերյալ զրոյի կհավասարվեն: Սակայն Հայաստանին ու Ադրբեջանին ավելի շատ հուզում է այն, թե ինչպես նրանք կցանկանան լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Ադրբեջանի շուրջ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ միջազգային հրապարակում Բաքվի դիրքերը փոքր-ինչ սասանվել են. Ադրբեջանին մեղադրում են մարդու իրավունքները չպահպանելու, կաշառակերության եւ այլ մարդկային մեղքերի մեջ: Ով գիտ, միգուցե հենց դա է գազը Գազպրոմին վաճառելու դիմաց վճարը: Բայց նույն այդ Գազպրոմը, իսկ ավելի ճիշտ` Ռուսաստանը, ոչինչ չի խոստանում եւ չի կարող խոստանալ այն պարզ պատճառով, որ կա Հայաստան, որը ստիպված կլինի երես թեքել Ավագ եղբորից, ինչի մասին մենք արդեն բազմիցս գրել ենք: Այնպես որ ստիպված են լինում պայմանավորվել Թուրքիայի հետ, ընդ որում Պուտինը Էրդողանին համոզելու է «սանձել» Բաքվին, իսկ Էրդողանը Պուտինին` նույնն անել Հայաստանի հանդեպ:

Բնականաբար, այդ սակարկության պարտված կողմը լինելու է Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը բավականաչափ կոշտություն չցուցաբերի եւ չկատարի մի շարք քայլեր, որոնք կկարողանան օգնել նրան եթե հետ չկանգնել, ապա առնվազն ներկայիս դիրքերում մնալ: Սակայն պահեր են լինում, երբ զգոնացնում են հայկական դիվանագիտության գործողությունները, ավելի ճիշտ` դրանց բացակայությունը: Երբ Բաքուն աշխարհով մեկ ճչում է փախստականների, հայ ագրեսորների մասին, Երեւանը ձեւացնում է, թե դա բոլորովին չի վերաբերում իրեն եւ անգամ ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ՄԱԿ-ում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը: Ամենայն հավանականությամբ Անկարայում բանակցությունների ժամանակ շոշափվելու է նաեւ ՄԱԿ թեման, որովհետեւ Թուրքիան դարձել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամը, իսկ Ռուսաստանը, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, կարող է արգելափակել կամ հակառակը` «կանաչ լույս» տալ ղարաբաղյան հիմնախնդրի քննարկմանը: Դա իր հերթին կնշանակի, որ Բաքուն կարող է հասնել իր ուզածին` դուրս բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից: Ծայրահեղ դեպքում դա կարող է պատահել, եւ Հայաստանը, ինչպես միշտ, փաստի առաջ կկանգնի: Պարզապես այս անգամ ավելի լուրջ կլինի, եւ «օկուպացված տարածքների» վերաբերյալ հերթական բանաձեւը ազատորեն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ: Կմխիթարվենք նրանով, որ ՄԱԿ որոշ բանաձեւեր ոչ ոք չի կատարում, թեեւ մխիթարանքը թույլ է, եւ Կազմակերպությունը կարող է հանկարծ պնդել իր խորհրդատվությունների կատարման հարցում:

Տեղին է նաեւ ասել, որ չնայած ամառային ժամանակին, տարածաշրջանի քաղաքական կյանքը բավական ակտիվ է եւ այդ ակտիվության անկումը չի նկատվում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ երկու-երեք ամսվա ընթացքում կարող են տեղի ունենալ բավական լուրջ փոփոխություններ: Իրանին` որպես պոտենցիալ ուժեղ տարածաշրջանային խաղացող, դեռեւս ոչ ոք չի դիտարկում, եւ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ որ այս երկրում հարաբերական կարգուկանոն հաստատվի: Այլ խոսքով, մինչեւ որ ընդդիմությունն ու պահպանողականներն ընդհանուր կարծիքի գան:

Կա եւս մեկ նյուանս, որը մենք չհիշատակեցինք` Կարսի պայմանագիրը, որը խոչընդոտ դարձավ Հայաստանի, Թուրքիայի եւ մասամբ Ռուսաստանի միջեւ: Երկու վարչապետները չեն կարողանա բանակցությունների ժամանակ շրջանցել այդ պայմանագիրը, բայց թե ինչի նրանք կհանգեն` դժվար է ասել, հատկապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության պայմաններում, որով նա ուլտիմատում դրեց Թուրքիային: Եթե Հայաստանի դիրքորոշումը կտրուկ է, Սարգսյանը չի մեկնի ֆուտբոլ դիտելու: Իսկ եթե վերջին րոպեին Հայաստանի նախագահն այնուամենայնիվ մեկնի Բուրսա, դա իսկապես քաղաքական պարտություն կլինի: Հենց դրանից Հայաստանը պետք է ամենից շատ վախենա, այլ ոչ թե նրանցի, թե ինչի մասին կպայմանավորվեն Պուտինն ու Էրդողանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News