8 օգոստոսի 2009 - 19:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Արդյո՞ք աշնանը կլինի «ֆուտբոլային դիվանագիտության» շարունակությունը
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ ապրիլի 22-ի համաձայնագիրը գրեթե նույն է, ինչ որ Մադրիդյան սկզբունքները` ներքին օգտագործման հերթական մեռած փաստաթղթեր:
ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի դերում Մեթյու Բրայզայի հրաժեշտի այցը տարածաշրջան, ինչպես միշտ, եղել է փոքր-ինչ աղմկոտ, փոքր-ինչ անհամապատասխան, մի խոսքով, ոչ մի նոր բան, եթե հաշվի չառնենք Ադրբեջանին ԼՂՀ հինգ շրջանների, որոշ ժամանակ անց նաեւ մնացած երկուսի անհապաղ հանձնման առնչությամբ Պետքարտուղարության նոր «իմպերատիվը»: Պարզապես հետաքրքիր է, թե այս անգամ Պետքարտուղարությունից ով պետք է հերքի Բրայզայի ասածները:

Մի կողմից կարելի է հասկանալ ամերիկացի դիվանագետին. եթե նա իրոք զբաղեցնի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, ապա նրան պարզապես անհրաժեշտ է հանդես գալ որպես «Բաքվում իրենց մարդը»: Իսկ հանուն դրա Երեւանում կարելի է ասել ինչ պատահի: Դրական կողմն այն է, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում վաղուց դադարել են մեկնաբանել կամ նույնիսկ լսել Բրայզայի հայտարարությունները, ինչ չի կարելի ասել Ադրբեջանից մասին, որը հափշտակությամբ ընդունեց «նոր» գաղափարը` կրկին այն ներկայացնելով որպես վերջին ատյանի ճշմարտություն: Մինչդեռ արդեն Բաքվում էլ հստակ գիտեն, որ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ոչ մի համաձայնագիր չի ստորագրվի: Դեռ ավելին, Իլհամ Ալիեւին թույլ չեն տա պատերազմ սկսել, ընդ որում, թույլ չեն տա հենց այն հովանավորները, որոնք շահագրգռված են գազատարների եւ նավթատարների նորմալ գործառնմամբ: Այդ մասին բազմից գրվել եւ խոսվել է, ուստի, կրկնվելու կարիք չկա:

Կարելի է ասել, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ խոսակցություններով էլ ավարտվեց ամառը, որն այս տարի բավականին լարված էր եւ իրադարձություններով հարուստ: Նման քաղաքական ակտիվություն, մեր կարծիքով, նախատեսվում է նաեւ աշնանը. ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը ներկայացնող համանախագահների փոխարինումը, Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը, Քիշնեւում Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Ճիշտ է, վերջինս առայժմ հարցականի տակ է, սակայն, ամենայն հավանականությամբ, հանդիպումը նույն արդյունքը կունենա, ինչ-որ նախորդները: Իսկ տարածաշրջանում աշնան գլխավոր իրադարձությունը կարող է դառնալ ֆուտբոլին ներկա գտնվելու նպատակով Թուրքիա մեկնելուց Հայաստանի նախագահի հրաժարվելը: Հայ-թուրքական հարաբերությունները կմնան նույն «օդում կախված» վիճակում, եթե Անկարային չհաջողվի իր մեջ ուժ գտնել եւ հրաժարվել ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց: Ավելի պարզ ասած, «պաս» կտա Թուրքիան, հակառակ դեպքում ֆուտբոլային դիվանագիտությունը կավարտվի, այդպես էլ չսկսվելով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ ապրիլի 22-ի համաձայնագիրը գրեթե նույն է, ինչ որ Մադրիդյան սկղբունքները` ներքին օգտագործման հերթական մեռած փաստաթղթեր, որոնք ընդունվել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՌԴ-ի հանդեպ ունեցած որոշ պարտավորություններից ելնելով:

Աշնանը նաեւ կարող է որոշ հավասարակշռություն հաստատվել Իրանում, որը մինչ այսօր ջերմում է նախագահական ընտրություններից հետո: Եթե հանկարծ բարեփոխիչներին հաջողվի կրկնել 1979 թվականի հեղափոխությունը, ապա դա ամենեւին չի նշանակում, որ Իրանը կընթանա ժողովրդավարության ճանապարհով` այդ տերմինի արեւմտյան ընկալմամբ: Փաստորեն, հարեւան երկրում պայքարն ընթանում է ոչ թե գաղափարների, այլ հոգեւոր առաջնորդի պաշտոնի համար: Այնպես որ, Թեհրանում ոչինչ չի փոխվի, եւ միակ բանը, որի հետ ԱՄՆ-ը կարող է հույսեր կապել, այն է, որ Իրանն, իսկապես, կսահմանափակվի խաղաղ միջուկային ծրագրով:

Թուրքիայուն կշարունակվի «Էրգենեկոն» գործը, սակայն կլինեն նաեւ քրդական խնդիրը լուծելու շուրջ Էրդողանի ծրագիրը կյանքի կոչելու փորձեր: Վերջինս քիչ հավանական է` քրդերով բնակեցված ողջ Արեւելյան Անատոլիան միայն կառավարության կողմից զիջողությունների է սպասում` ինքնավարություն հաստատելու ցանկության մասին հայտարարել համար, իսկ դրանից հեռու չէ նաեւ Քրդստանի ստեղծումը` Հայաստանի համար այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Հենց այդ դեպքում մեզ սպասում է իրադարձությունների տհաճ, եթե չասենք ավելին, զարգացում: Այնպես որ, Հայաստանի համար բոլոր դեպքերում ավելի լավ կլինի, եթե Անկարան քրդական խնդիրը լուծի այնպես, ինչպես հարկ է համարում, այսինքն` ժամանակ առ ժամանակ հարձակումներ կազմակերպելով եւ ՔԱԿ-ի ռազմակայանները գնդակոծելով: Հայերը երբեք չպետք է մոռանան, որ 1915 թվականին իրենց ոչնչացրել են քրդական ջոկատների ձեռքերով...

Ինչ վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին, ապա ակնհայտ վատթարացում չի ակնկալվում. կրկին կլինեն ագրեսիայի մեջ փոխադարձ մեղադրանքներ, սահմանների խախտում եւ նման կարգի «մանրուքներ»: Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ կբողոքի Արեւմուտքին, կստանա ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի աջակցությունը, որոնց արդեն Վրաստանը չի հետաքրքրում, ավելի կարեւոր է համարվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որը չի պատրաստվում ձեռքից բաց թողնել գազի կափույրը: South Stream-ի եւ Nabucco-ի շուրջ խոսակցությունները կարող են մինչեւ տարվա վերջ տեւել` թեեւ այդ հարցում նախապես հնարավոր չէ իմանալ, թե հանգամանքներն ինչպես կդասավորվեն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News