Թուրքիան ու Իրանը չեն կարող լինել ոչ բարեկամներ, ոչ դաշնակիցներ` չափազանց շատ են տարբերությունները, երկրների նպատակներն էլ բոլորովին հակադիր են: Երկուսն էլ ձգտում են տարածաշրջանային տիրապետության, ընդ որում անում են դա բացահայտ եւ բավական կոշտ եւ միանգամայն ակնհայտ է, որ ոչ ոք չի պատրաստվում զիջումների գնալ այս պայքարում: Տարբերությունը միայն դրանում չէ` Իրանը դավանում է օրթոդոքսալ շիիզմ, այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը սունի մահմեդականներ են, իսկ իսլամական երկրների համար այդ տարբերությունը չափազանց կարեւոր է»: Պարսիկներն ու թուրքերը հեռու են միմյանցից նաեւ քաղաքակրթական առումով: Մեծ հաշվով, Թուրքիան նույնիսկ պատրաստ է, ճիշտ է, միայն բառացի, զոհաբերել իր հարաբերություններն Իսրայելի հետ հանուն «պարսիկ եղբայրների»: Սակայն այդպե՞ս է արդյոք իրականում: Եվ, վերջապես, երկու երկրներն էլ ցանկանում են մասնակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, լինի դա իսրայելա-պաղեստինյան, ղարաբաղյան թե ռուս-վրացական համակարտությունը: Անցյալ տարի Թուրքիան հանդես եկավ բավական լղոզված Կովկասյան պլատֆորմի նախաձեռնությամբ, որտեղ տեղ չգտնվեց Իրանի համար, սակայն մեկ տարում իրավիճակը փոխվեց: Սակայն արդյոք այնքանով փոխվեց, որպեսզի Իրանն ու Թուրքիան կարողանան լիարժեք մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին: Ի դեպ, հակամարտությունների կարգավորման մասին հիանալի է ասել Հռոմի պապ Պիոս VI-ը: Ճիշտ է, նա ասել է դա արաբա-իսրայելյան հակամարտության մասին, սակայն այդ արտահայտությունը ճշմարիտ է նաեւ մյուս բոլոր հակամարտությունների համար: «Այդ խնդիրը երկու լուծում ունի` իրական, եթե միջամտի Տեր Աստվածն ու ֆանտաստի, եթե կողմերը պայմանավորվեն»: Այսպիսով, Թուրքիան ու Իրանը ցանկանում են իրենց դերը կատարել, ցույց տալով Արեւմուտքին, որ իրենց տարածաշրջանային հակամարտությոններից իրենք հիանալի կարող են գլուխ հանել: Արեւմուտքը, ճիշտ է, դրան չի գնա եւ երբեք թույլ չի տա, որ գործընթացին միջամտեն Թուրքիան ու Իրանը: Մեկ անգամ արդեն նախադեպ եղել է` Եգիպտոսը մասնակցեց Քեմփ-Դեւիդի բանակցություններին, սակայն նա ավելի շուտ շահագրգիռ կողմ էր, ուստի կողմերը համաձայնության եկան: Արդյունքում` Նոբելյան մրցանակ, որին հաջորդեց Անվար Սադաթի եւ Իցխակ Ռաբինի բռնի մահը: Հազիվ թե Իրանի ու Թուրքիայի ղեկավարությանը ձեռնատու լինի նման ավարտը եւ նրանք, անկասկած, դրա մասին գիտեն:
Սակայն վերադառնանք «եղբայրական հարաբերություններին»: Եվ թուրքական եւ պարսկական դիվանագիտությունը նենգ է ու խորամանկ եւ պատրաստ է հարված հասցնել այն պահին, երբ հակառակորդը թուլացել է: Ճիշտ է Թեհրանն ու Անկարան լավ են ճանաչում միմյանց եւ պատրաստ են ցանկացած անակնկալի: Կա եւս մեկ նրբություն` էրդողանը ակնհայտորեն, ամեն դեպքում նման տպավորություն է ստեղծվում, կարծում է, որ Ահմադինեժադի հետ հեշտ կլինի պայմանավորվել: Եթե նա իրոք այդպես է մտածում, ապա աններելի սխալ է գործում` թերագնահատելով հակառակորդին: Եթե` ոչ, ապա նրա համար շատ դժվար է լինելու: Իրանն այն երկիրը չէր, որը կարող է ներել կամ զիջել այն հարցերում, որ նրա բուն շահերին են առնչվում, առավել եւս տարածաշրջանային տիրապետության հարցում: Իրանի նախագահը ոչ ոքի վրա ուշադրություն չի դարձնում, նա իր երկրում իրոք որ արքա է ու Աստված, չնայած ընդդիմության հանրահավաքներին: Իսկ Էրդողանի վիճակն ավելի ծանր է` նրա ընդդիմությունն էլ է գործուն, եւ բանակը: Գումարած սրան քրդական հարցը, հայկական եւ ալեվիտների հարցի հետ միասին: Ի դեպ, ըստ մեզ, հենց Իրանի հետ մերձեցումը ստիպեց թուրքական իշխանություններին ուշադրություն դարձնել ալեվիտների վրա, որոնք գտնվում են գրեթե նույն վիճակում, ինչ հայերն ու քրդերը: Ալեվիտները շիաներ են եւ նրանց խնդիրների լուծումը Թեհրանի կողմն արված եւս մեկ ռեվերանս է:
Կա նաեւ, ինչպես մենք գրել ենք, ռուսական գործոնը, որից կօգտվեն երկու կողմերը: Սակայն դա արդեն ակնհայտ պարտվողական իրավիճակ կլինի, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ում կողմը կարող է բռնել Մոսկվան: Գուցե ընդհանրապես Իսրայելի կողմը բռնի` ռուսական դիվանագիտության ուղիներն անմեկնելի են: