Ողջ այս պատմության մեջ «ամենատհաճն» այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը զոհաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դա անթույլատրելի է երկու պատճառով` նախ, ոչ մի իսկական կարգավորման մասին խոսք լինել չի կարող, չափազանց քիչ ժամանակ է անցել 1915-ից, եւ հայերն այդպես էլ չեն ստացել առնվազն ձեւական ներողության հայցումը: Եւ երկրորդը, ոչ Օբաման, ոչ Մեդվեդեւը, ոչ էլ Սարկոզին այդպես էլ չհասկացան (կամ չցանկացան հասկանալ), որ Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը հղի է բոլորովին հակադարձ արդյունքով` Հայաստանը պարզապես կձեռնարկի այն քայլերը, որոնց նրան հրահրում են հանգամանքները` ԼՂՀ ճանաչումը եւ դրանից բխող բոլոր հետեւանքներն Ադրբեջանի համար:
Դրա հետ մեկտեղ չի կարելի մոռանալ այն մասին, որ հնարավոր է Էրդողանը եւ չի ցանկանում միջամտել, բայց գայթակղությունը չափազանց մեծ է` տեղը դնել դարավոր թշնամուն եւ օգնել «կրտսեր եղբորը»: Այնպես որ այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, սպասելի էր: Սակայն Իլհամ Ալիեւի այցը Ֆրանսիա եւ նրա բանակցությունները Սարկոզիի եւ Քուշների հետ արդեն պետք է զգոնացնեն հայկական կողմին, հատկապես եթե հաշվի առնենք արտահոսած տեղեկություններն այն մասին, որ Մեդվեդեւի հետ Բաքուն արդեն պայմանավորվել է: Կամ էլ գրեթե պայմանավորվել է: Օբաման, իհարկե, լավ է, բայց եթե բոլոր երեք երկրները հանդես գան միեւնույն դիրքորոշմամբ, Երեւանի բախտը չի բերի: Եւ այժմ Հայաստանի համար ճիշտ ժամանակն է ասելու, որ ինքը լիազորված չէ Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին բանակցություններ վարել, եւ որ ինքը հանդես է գալիս որպես վերջինիս անվտանգության երաշխավոր, եւ դուրս գա բանակցություններից:
Դրա հետ մեկտեղ Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ Հայաստանը զիջումների գնա, ինչը հաստատեց նաեւ վարչապետ Էրդողանը ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ: Այսինքն, Թուրքիան արդեն նախապես գիտի, թե երբ վավերացնի կամ չվավերացնի Արձանագրությունները: Պետք է կարծել, թե Հայաստանի ՍԴ-ն, եթե այն ելնում է ազգային շահերից, պետք է վճիռ կայացնի այն մասին, որ Արձանագրությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այն է` նրա նախաբանին, որում հստակ ասվում է Արեւմտյան Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին:
Ռուսաստանի դիրքորոշումը նույնպես հասկանալի է. հայ-ռուսական հարաբերությունների ողջ ընթացքում, որոնք տեւում են արդեն գրեթե 2 դար, Հայաստանն առաջին անգամ չէ, որ դառնում է հենց ռուս-թուրքական հարաբերությունների պատանդը: Եւ Դմիտրի Մեդվեդեւի վերջին հայտարարությունը դրա վառ օրինակն է:
«Մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում նրան, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները զգալիորեն ջերմացել են, որ այն խնդիրները, որոնք կային XX դարում, երկրները փորձում են հաղթահարել` դրսեւորելով ե'ւ փոխադարձ զսպվածություն, ե'ւ փոխզիջման որոնումներ: Ուստի ընդհանուր առմամբ մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման այդ գործընթացը»,- չորեքշաբթի օրը ՌԻԱ Նովոստիի կազմակերպած Եվրոպական ու ասիական ԶԼՄ համաժողովում ասաց նախագահը` պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում նա ընդգծեց, որ այդ հարցում գլխավորը այլ պետությունների ըմբռնումն է, որ հարաբերությունների վերականգնումը որեւէ մեկի դեմ չի ուղղված: «Եթե այս ուղերձը ճիշտ կերպով ստեղծվի եւ ուղարկվի, ապա այլ երկրների մոտ, որոնք ուշադրությամբ հետեւում են այդ գործընթացներին, լարվածություն չի լինի»,- ավելացրեց ՌԴ նախագահը:
Հասկանալի է, որ նա նկատի ուներ Ադրբեջանին, սակայն ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը այլ կերպ է մտածում եւ, ինչպես մենք սկզբում ասացինք, իր բեռն ու պատասխանատվությունը բարդում է ուրիշների վրա, որպեսզի իշխանության գլխին մնա: Թե ինչով կվերջանա այս ամենը, առայժմ դժվար է կանխագուշակել, բայց պարզ է, որ ոչ մի լավ բանով ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ ողջ տարածաշրջանի համար: Ի դեպ, վարչապետ Էրդողանն ավելի լավ է անդրադառնա սեփական երկրի խնդիրներին, որպեսզի չկորցնի իշխանությունը: