12 դեկտեմբերի 2009 - 21:12 AMT
ՀՈԴՎԱԾ
Արաբական պետությունների լիգան սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին
Ըստ Եգիպտոսի ԱԳՆ-ի, Կահիրեն չի ընդունում երկակի չափանիշները, որոնք կիրառելի են Արեւմուտքում, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հարցում
«Հարեւանների հետ զրոյական» հարաբերությունների քաղաքականությունը, որն առանց առանձնակի հաջողության ջանում է վարել Թուրքիան, արդեն շուրջ 40 տարի է հաջողությամբ իրականացվում է Եգիպտոսում: Բանն ուղղակի շահի մեջ է: Արաբական Արեւելքը ծավալուն, տարաբնույթ եւ բավականին մշուշոտ հասկացություն է, եւ այն, որ գրեթե բոլոր երկրները Կահիրեին են վստահել ներկայացնել իրենց շահերը, շատ բանի մասին է խոսում:

Եգիպտոսը արաբա-իսլամական աշխարհի բոլոր ազդեցիկ կազմակերպությունների անդամ է, սակայն, միեւնույն ժամանակ, նա նաեւ Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ է, էլ չենք ասում Աֆրիկյան միության մասին: Հավելենք, որ վերջերս Եգիպտոսը դարձավ նաեւ Նիկոլյա Սարկոզիի նախաձեռնած Միջերկրածովյան միության գրեթե գլխավոր երկիրը: Վերադառնալով արաբական աշխարհի «պառակտվածությանը»` պետք է նշել, որ արաբերենը հսկայական թվով բարբառներ ունի, որի դասական տարբերակը գիտեն կես միլիարդ արաբների միայն 20 տոկոսը: Երբեմն նույնիսկ նույն Եգիպտոսի ու Թունիսի կամ Մարոկկոյի արաբները միմյանց չեն հասկանում:

Հայ-եգիպտական հարաբերություններում միշտ առկա էր ինչ-որ փոխադարձ համակրանք: Երեւի պատահական չէ, որ ընթացիկ տարվա ապրիլին Արաբական պետությունների լիգան բանաձեւ ընդունեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որ ստորագրեցին բոլոր 23 պետությունները, ներառյալ Սաուդյան Արաբիան, Յեմենը եւ մի շարք այլ պետություններ, որոնք ակնհայտորեն համակրում են Ադրբեջանին: Բանաձեւում հստակ ասվում է, որ Լիգան սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Ինչպես հայտնի դարձավ դիվանագիտական աղբյուրներից, այդ բանաձեւի ընդունումը պայմանավորված էր ընդամենը սթափ դատողությամբ...

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ «արաբական համերաշխությունը» Իսրայելի հետ հարաբերություններում այլեւս այդքան սահուն չի գնում, սակայն միայն Կահիրեում կա Իսրայելի դեսպանատուն: Սակայն, ասենք այցելել Սինայ բավական դժվար է, քանի որ կան անցակետեր, ստուգումներ: Այն վայրերը, ուր 1967թ, հասավ Իսրայելի բանակը վեցօրյա պատերազմի ժամանակ, լուսանկարել չի կարելի: Սակայն մյուս առումներով Կահիրեում եւ ողջ երկրի տարածքում բավականին հանգիստ է` ահաբեկչությանն ու ֆունդամենտալիզմին վերջ դրվեց, եթե դա ընդհանրապես հնարավոր է, 1981թ. նախագահ Սադաթի սպանությունից հետո: Ավելին, Աբդել Նասերի 1964թ. հայտարարված արտակարգ դրությունը դեռեւս գործում է եւ յուրաքանչյուրին կարող են ձերբակալել մինչեւ 15 օր ժամկետով:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, ապա ըստ եգիպտական ԱԳՆ-ի, Կահիրեն չի ընդունում երկակի չափանիշները, որոնք կիրառելի են Արեւմուտքում, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հարցում: «Իսրայելն ունի միջուկային ծրագիր եւ զենք, սակայն ես չեմ հիշում, որ ՄԱԳԱՏԷ-ն իր փորձագետներին գործուղած լինի ստուգումների Նեգեւի անապատ: Իրանն, ինչպես բոլոր մյուս երկրները, միջուկային ծրագրի իրավունք ունի, սակայն Թել Ավիվում գտնում են, որ այն ուղղված է իսրայելցիների դեմ, ուստի եւ արվում է ամեն ինչ թույլ չտալու համար, որ միջուկային զենքը հասանելի դառնա Իրանի համար, ինչն, ըստ իս, հազիվ թե ստացվի»,-գտնում է Եգիպտոսի ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրներին տեխնիկական աջակցության հիմնադրամի ղեկավար, դեսպան Սամահ Սոթուխին:

Մի երկրի համար, որի տարածքի 94 տոկոսը անապատ է եւ որի բնակչության 40 տոկոսն ապրում է օրեկան 1 դոլարով, ներկայիս արտաքին քաղաքական կողմնորոշումը հստակ է եւ պարզ: Ճիշտ է, կա նաեւ այնպիսի հասկացություն, ինչպիսին է «իսլամական համերաշխությունը», սակայն, ըստ իս, Եգիպտոսի քաղաքականության մեջ գլխավորը սեփական շահն է: Ինչպես բոլոր այն երկրներում, հատկապես անկայուն տարածաշրջաններում գտնվող եւ ոչ այնքան ադեկվատ հարեւաններ ունեցող երկրներում, մասնավորապես` Սուդանում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News