27 մարտի 2010 - 10:21 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի տնտեսության դոլարիզացիան շարունակվում է
Տնտեսվարող սուբյեկտներ` զգուշացե՛ք
Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Եվ իրոք, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի վերահսկումն է, որի պատճառը, մասնավորապես, էներգակիրների մոտալուտ բարձրացումն է (ապրիլի 1-ից բարձրանում է գազի գինը), իսկ ամռանը ակնկալվում է ջրամատակարարման գնի բարձրացում: Տեղական փորձագետների կանխատեսումներն այս հարցում անմխիթարական են` 10 տոկոս աճ, այն ցուցանիշի համեմատ, որն ամրագրված է պետբյուջեում` 4+/-1,5%:

Արտարժույթի ներհոսքը երկիր վարկերի տեսքով, մի կողմից, ակտիվացնում է տնտեսությունը, թույլ տալով տեղի արտադրողին բարելավել իր բիզնեսը, ինչն իր հերթին խթանում է ֆինանսական հատվածի, տարբեր ենթակառուցվածքների զարգացումը, իսկ արդյունքում` հանգեցնում է դրական միտումների ճգնաժամից աստիճանաբար դուրս գալու համար (հունվար-փետրվարին գրանցվել է ՀՆԱ-ի 3,1 տոկոս): Մյուս կողմից, դա բարդացնում է կառավարության եւ Կենտրոնական բանկի խնդիրները դրամական զանգվածի ծավալի ավելացման դեմ պայքարում, որը հիմնականում դոլարի տեսքով է:

Տնտեսվարող սուբյեկտներ`զգուշացե`ք: ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին հարգել մեր ազգային արժույթը, կատարել օրենքի պահանջը եւ տուգանքներից խուսափելու համար զերծ մնալ օտարերկրյա արժույթներով գործարքներ իրականացնելուց` խնայելով սեփական ֆինանսական միջոցները: Օրենքի դրույթները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` առաջին անգամ կիրառվում է տուգանք` 2 մլն դրամի չափով, իսկ նույն տարվա մեջ խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կազմում է 4 մլն դրամ: Վերջին ժամանակները կոմիտեի կողմից արձանագրվել են երկրի տնտեսվարող սուբյեկտների կողմից վերոհիշյալ օրենքի խախտումներ: Գուցե՞, այդ պատճառով էին ռումբ տեղադրել Պետեկամուտների կոմիտեում, որն այդպես էլ չհայտնաբերվեց:

Իր հերթին հետեւողականորեն շարունակելով ԿԲ-ի եւ կառավարության համատեղ մշակած ապադոլարացման միջոցառումների ծրագրի իրականացումը, Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ընդունեց մի շարք որոշումներ. մասնավորապես, բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժութային ակտիվների համար սահմանել 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար: Բացի այդ բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2010 թվականի հուլիսի 31-ը սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար, ինչպես նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանել 11.5%:

Դոլարի աստիճանական աճն ու դրամի արժեզրկումը պատահաբար խախտեցին Իրանի քաղաքացիները, որոնք որոշել են Հայաստանում տոնել Նովրուզ բայրամը (Նոր տարին) եւ մեծ քանակով արտարժույթ են բերել իրենց հետ: Առաջարկի ու պահանջարկի հիման վրա ձեւավորվող դրամ/ դոլար շուկայական փոխարժեքը սկսել է նվազել 400 դրամ մեկ դոլարի դիմաց «հոգեբանական« նիշն անցնելուց հետո:

Իրանից ժամանած հյուրերը շուտով տուն կվերադառնան, իսկ դոլարը ըստ փորձագետների կանխատեսումների, կշարունակի աճել, եւ կարող է տարեվերջին հասնել 430 դրամի մեկ դոլարի դիմաց:

Հայաստանի արժույթի շուկայում տիրող իրավիճակը տարակուսանք է առաջացնում`իրո՞ք ի տարբերություն մնացած աշխարհի, դոլարի փոխարժեքը Հայաստանում ներքին գործընթաց է, որը կառավարվում է պետության կողմից, թե, վերջապես ուժի մեջ են մտնում շուկայական մեխանիզմները: Այստեղ շատ բան կախված է նրանից, թե որքան գրագետ կգործեն կառավարությունն ու ԿԲ-ն` կանխելու համար հնարավոր սպեկուլյատիվ երեւույթները, կապված բնակչության խուճապի ու ակնկալիքների հետ` չխախտելով շուկայական մեխանիզմների գործողությունը: Հայկական պարադոքսը նրանում է, որ բնակչությունը դժգոհ է ցանկացած դեպքում` եւ երբ դոլարն աճում, եւ երբ այն նվազում, երբ` ամրագրված է:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News