31 մարտի 2010 - 20:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն կոռուպցիայի դեմ պայքարին
Հայաստանի հարցման ենթարկված բնակչության 56 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է երկրի համար
Կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի համար ամենալուրջ խնդիրներից մեկը, որը խանգարում է տնտեսության զարգացմանը: Այդ մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները 1515 տնային տնտեսությունների եւ 400 առաջատար գործարարների շրջանում: Մասնավորապես, ըստ կենտրոնի զեկույցի, Հայաստանի հարցման ենթարկված բնակչության 56 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է երկրի համար: Հարցվածների 36 տոկոսը համարում է, որ կոռուպցիան Հայաստանում բավականին լուրջ խնդիր է, 6 տոկոսն այն կարծիքի է, որ այդ խնդիրն այնքան էլ կարեւոր չէ երկրի համար, 1 տոկոսը համարում է, որ նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի: Բացի այդ, երկու հետազոտությունների համեմատական վերլուծությունը վկայում է այն մասին, որ իրազեկվածությունը առաջատար գործարարների շրջանում կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի մասին շատ ավելի բարձր է, մասնավորապես, յուրաքանչյուր երկրորդ գործարար բավականաչփ տեղեկացված է:

Հանրության շրջանում տարածված կարծիքն այն մասին, որ հայերի մտածելակերպն երկրում կաշառակերության բարձր մակարդակի հիմնական պատճառն է, ժխտվում է փորձագետների մեծ մասի կողմից: Նրանք գտնում են, որ կոռուպցիայի հետ կարելի է պայքարել ցանկացած երկրում: Իսկ ահա բնակչության անիրազեկությունը մեծ դերակատարություն ունի: Այս երեւույթի հետ փորձում են պայքարել Հայաստանի զանգվածային լրատվության միջոցները: Մարտի վերջում ամփոփվեցին Հասարակայնության հետ կապերի հայկական ասոցիացիայի «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի արդյունքները` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիան» ծրագրի աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր ներկայացնել Հայաստանի հանրությանն այն ուղին, որով անհրաժեշտ է ընթանալ սեփական իրավունքների եւ շահերի պաշտպանության գործում, այն է` դիմել դատարան: Իրականացվող ծրագրի շրջանակներում ընտրվել են ԶԼՄ-ների 20 ներկայացուցիչներ, որոնք վեց ամիս մասնակցեցին դատավարություններին եւ լուսաբանեցին դրանց ընթացքը:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի, Հայաստանի իշխանությունները 2009-ին բավարար միջոցներ չեն ձեռնարկել երկրում կաշառակերության կրճատման համար, թեեւ կաշառակերության կասկածանքով, պարբերաբար հետապնդվել են ցածր ու միջին օղակի պաշտոնյաներ: Դատարանները շարունակում են կանոնավոր կերպով ենթարկվել իշխանությունների ճնշումներին: Երկրի իշխանությունները շարունակում են անտեսել պետպաշտոնյաների կաշառակերության վրա մատնանշող գործունեությունը:

Ընդ որում Հայաստանի իրավապահ մարմինները 2009թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերել են կոռուպցիոն բնույթի 398 հանցագործություններ, դրանցից 242-ը բացահայտվել են ոստիկանության կողմից: Կաշառակերության 46 դեպքերից եւ առեւտրում կոռուպցիայի 3 դեպքերից, բացահայտվել է 33 հանցագործություն: Ըստ «թարմ» տվյալների, մարտի 1-29-ը բացահայտվել է կոռուպցիայի 18 դեպք, պաշտոնի չարաշահման 19 դեպք եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կեղծման եւ թերացման 20 դեպք: Հանցագործությունների բացահայտման նման բարձր մակարդակի վերաբերյալ տվյալները տարակուսանք են առաջացնում` կամ երկրում բարձրացել է կոռուպցիայի մակադակը, կամ բարելավվել է իրավապահ մարմինների աշխատանքը:

Չնայած կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանն այդ պայքարին, կոռուպցիայի մակարդակը Հայաստանում նույնն է մնացել, իսկ առավել կոռումպացված են դատական համակարգը, առողջապահության ոլորտը, կրությունը եւ այլ ոլորտներ: Երեւանում անցած կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված յոթերորդ համաժողովում, Հայաստանում USAID-ի առաքելության տնօրեն Ջատինդեր Չիման նշել է, որ հենց որ աշխուժացում է նկատվի, ներդրողները ողջ աշխարհով մեկ նոր շուկաներ են որոնելու: Ըստ նրա, Հայաստանը բարձր տեխնոլոգիաների եւ ինտելեկտի զարգացման ներուժ ունի, սակայն այդ ոլորտները հատկապես զգայուն են կոռուպցիայի հանդեպ, իսկ ներդրողները գերադասում են նվազ կոռումպացված երկրներ:

Ընդ որում, երկրում կան նաեւ փորձագետներ, որոնք համարում են, որ կոռուպցիան առաջինը չէ այն գործոնների թվում, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը Հայաստանում: «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն իր կարծիքն է կիսել այդ հարցի շուրջ` երկրում այնպիսի «ավանդույթ » է ձեւավորվել, որ բոլոր խնդրները բարդում են կոռուպցիայի վրա, սակայն իրականում դա կապված է բուն տնտեսության զարգացման հետ` որքան մեծ լինի տնտեսության ծավալը, այնքան կնվազի կոռուպցիայի հնարավորությունները: «Բնակչությունը չունի հիմնարար սոցիալական արժեքներ, որոնք պետք է ձեւավորվեն մանկուց»,-ասել է նա:

Կա կոռուպցիայի դեմ պայքարի երկու ռազմավարություն` ժողովրդավարացում, երբ ժողովուրդը ավելի շատ է մասնակցում որոշումների կայացմանը, եւ որը հիմնվում է ազնվության, թափանցիկության եւ հաշվետվության վրա, եւ Սինգապուրի ռազմավարությունը, երբ երկրի ավտորիտար իշխանությունը պայաքար է սկում բարձր իշխանավորների կոռուպցիայի դեմ, ոչ թե ցածր օղակից, որտեղ կոռուպցիան խստորեն պատժվում է: Ըստ Transparency International-ի հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Օկտանյանի, երկու ռազմավարությունն էլ անընդունելի է Հայաստանի համար, քանի եր երկրի իշխանությունները դեռեւս պատրաստ չեն բարեփոխումների:

Հատկանշականն այն է, որ Հայաստանի բնակչությունը հասկանում է, որ կոռուպցիան անվստահություն է սերմանում իշխանությունների հանդեպ, նվազեցնում է կառավարության օրինականությունը, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, ավելացնում է աղքատության մակարդակը երկրում, սակայն այն հարցին, թե ի՞նչ կանեիք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, մեծամասնությունը պատասխանել է` ոչինչ, իսկ մյուս մասը` որ կարող է ձեռնպահ մնալ կաշառք վերցնելուց: