31 մարտի 2010 - 20:48 AMT
ՀՈԴՎԱԾ
Հավատացյալ մահմեդականի համար մարդկային կյանքը գին չունի
Արեւմուտքի եւ Արեւելքի դիմակայությունը, որն արտահայտվում է քաղաքակրթական ու էթնոմշակութային տարբերություններով, անխուսափելիորեն հանգեցնում է բռնության, ընդ որում` երկկողմանի
Նախքան ամբողջ աշխարհում իրագործվող ահաբեկչություններում, իսկ մոսկովյան պայթյունները բացառություն չեն կազմում, «իսլամական» հետք փնտրելը հարկավոր է նշել, որ հանգամանքների ճակատագրական բերումով բոլոր ահաբեկչությունների մեղքը բարդում են հենց իսլամի հետեւորդների վրա, անգամ այն ահաբեկչությունները, որոնք նրանք չեն իրագործել: Բանը, երեւի, իսլամական ծայրահեղականության մեջ է, որը սկսվեց 70-ական թվականներին եւ տարեցտարի ուժեղանում է:

Ջիհադը հայտարարելով հավատացյալ մահմեդականի գլխավոր գործը Արեւմուտքի հետ հավիտենական դիմակայության մեջ` իսլամիստները ջանում են երկրի մեկուկես միլիարդ բնակչությանը ստիպել ապրել միջնադարյան օրենքներով: Եւ որոշ երկրներում դա նրանց հաջողվում է բնակչության անգրագիտության եւ հետամնացության պատճառով: Դրա վառ օրինակը Աֆղանստանն է: Անգամ Սաուդյան Արաբիան` իսլամի կիզակետը սրբազան Մեքքայով եւ Մեդինայով հանդերձ ավելի հանդուրժող երկիր է, եթե այդ տերմինն ընդհանրապես կարելի է կիրառել իսլամի հանդեպ:

Արեւմուտքի եւ Արեւելքի դիմակայությունը, որն արտահայտվում է քաղաքակրթական ու էթնոմշակութային տարբերություններով, անխուսափելիորեն հանգեցնում է բռնության, ընդ որում` երկկողմանի: Հարկավոր է հաշվի առնել եւ հիշել, որ հավատացյալ մահմեդականի համար մարդկային կյանքը գին չունի, եւ նրա համար գլխավորը դրախտ ընկնելն ու շահիդ դառնալն է: Ճիշտ է, նման մտածելակերպը հատուկ է ոչ բոլորին, այլ միայն «իսկական հավատացյալներին», որոնք իրենց քարոզիչն են համարում Ուսամու բին Լադենին եւ նրա շրջապատին, որոնք կազմում են «Ալ-Քայիդայի» կմախքը: Մինչդեռ արեւմտյան արժեքները ամենից վեր են դասում մարդկային կյանքի անգին եւ ունիկալ լինելը: Մահմեդական ծայրահեղականները, հենց այդ էլ հաշվի առնելով, պայթյուններ են կազմակերպում մարդկանց ստվար խմբերի կուտակման վայրերում, որպեսզի ահաբեկչությունն ավելի մեծ արձագանք ստանա: Վերջիվերջո, ահաբեկչությունները հենց այնպես չեն իրագործվում եւ ոչ էլ ելնելով «արվեստի հանդեպ սիրուց»: Բռնությամբ ուղեկցվող ցանկացած գործողություն սովորաբար ավարտվում է քաղաքական պահանջներով: Մահմեդական ծայրահեղականների դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Կա եւս մեկ կարծրատիպ. համարվում է, որ ծայրահեղական են դառնում աղքատ ընտանիքներում մեծացած, մասնագիտություն եւ ապագա չունեցող մահմեդականները: Սակայն ոչ բին Լադենին, ոչ WTC-ն պայթեցրած ահաբեկիչներին չի կարելի չկրթված կոչել. նրանք բոլորը բարձրագույն արեւմտյան կրթություն ունեն եւ ուսանել են խոշորագույն իսլամական համալսարաններում, ինչպիսիք են Ալ-Ազհարը Եգիպտոսում: Պետք է ընդգծել նաեւ, որ սրբազան պատերազմի մարտիկներին մատակարարում են Եմենը, Սուդանը, Սոմալին, իսկ այժմ նաեւ Կովկասը: Երկրների ցուցակում է նաեւ Եգիպտոսը, որտեղից մահմեդական խմբավորումների ու կուսակցությունների վրա դրված արգելքից հետո հեռացան ահաբեկիչների ներկայիս բազմաթիվ առաջնորդներ: Ամենահայտնիներից մեկը դոկտոր Այման ալ-Զավահիրին է` բին Լադենի աջ ձեռքը:

Վերջերս ծայրահեղական շարժման մասնակիցների թվում հայտնվել են նաեւ մահապարտ կանայք, ինչը բավական նոր երեւույթ է, եթե հաշվի առնենք, որ կինն իսլամում իրավունքներից զուրկ էակ է: Համարվում է, որ կանայք ավելի քիչ ուշադրություն են գրավում եւ կարող են պայթեցնել սարքն այնտեղ, որտեղ տղամարդը դա չի կարողանա անել: Սակայն ամեն ինչ այդպես պարզ չէ: Կա եւս մեկ հանգամանք. հողը, որի վրա մեռնում է մահմեդականը, իսլամական է համարվում եւ այդ գործի համար պիտանի են նաեւ կանայք: Եթե հետեւենք այդ տրամաբանությանը, ապա ամեն վայր, որտեղ ահաբեկչություններ են կատարվում, պետք է իսլամական հող հայտարարել: Հենց դա էլ ջիհադի գաղափարախոսների գլխավոր նպատակն է, անկախ այն բանից դա որեւէ մեկին դուր է գալիս, թե ոչ:

Իսկ ինչ վերաբերում է մոսկովյան մետրոյում կատարված պայթյուններին, ապա Ռուսաստանն ինչպես միշտ չափազանց շատ տարբերակներ ունի, որպեսզի դրանցից գոնե մեկը կամ երկուսը աշխատեն: Առաջին եւ մշտականը չեչեններն են, երկրորդը` ամեն ինչում մեղավոր է ԱԴԾ-ն: Մնացած բոլոր տարբերակները կառուցվում են այս երկու թեմաների առանցքի շուրջ: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե զոհվածների, այլ այն մասին, թե երկրի համար ինչի կարող է հանգեցնել հերթական ահաբեկչությունը` կամ իշխանափոխության, կամ Պուտինի ուժեղացման, կամ ինչ-որ ուրիշ բանի...

Եթե «չեչենական հետքի» մասին տարբերակը հաստատվի, դա ցավոտ հարված կլինի Պուտինի եւ Մեդվեդեւի համար, որոնք դադարեցրին հանրապետությունում հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմը, մինչդեռ ջիհադը գնալով ավելի լայն տարածում է գտնում: Ահաբեկչությունների հետ բախվում են նաեւ արեւմտյան հասարակությունները, սակայն Ռուսաստանի եւ Արեւմուտքի թշնամին միեւնույնը չէ, գրում է լրատվամիջոցները: Այո, միգուցե թշնամին նույն ազգության չի պատկանում, բայց միեւնույն գաղափարախոսության հետեւորդն է: Եւ դա, միգուցե, ամենակարեւորն է: Ռազմատենչ իսլամը, ինչպես եւ վաղ քրիստոնեությունը հավատարիմ է Պողոս առաքյալի խոսքերին. «Դուք բոլորդ` քրիստոնյա կնքվածներդ, Քրիստոսն եք: Այլեւս ոչ հրեա կա, ոչ հեթանոս; ոչ ստրուկ կա, եւ ոչ էլ ազատ; ոչ այր կա, ոչ կին. քանզի դուք բոլորդ մի եք Հիսուս Քրիստոսի մեջ»...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News