21 հուլիսի 2010 - 17:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանում կիրագործվի «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»
Սեզոնի շեմին խաղողագործները հուսով են, որ նրանց կհաջողվի իրացնել իրենց բերքը 130-150 դրամով 1 կգ դիմաց
Հայաստանի կառավարությունը հայտարարել է գյուղական տնտեսությունների կարողությունների ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին` նպատակ ունենալով առաջիկա տարիներին հասցնել գյուղմթերքի արտահանման ծավալները տարեկան մինչև 250 մլն դոլարի: Կառավարությունը հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» իրականացմանն աջակցելու մտադրությունը: Վերոնշյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015 թթ. ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 52 միլիոն դոլար է։ Ծրագիրը բաղկացած է երկու մասից` «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» և «Գյուղական ենթակառուցվածքներ»:

Այն ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: ՀՀ կառավարությունն ու IFAD-ին պայմանավորվել, որ ծրագրի նախնական ստորագրումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, իսկ սեպտեմբերին կներկայացվի IFAD խորհրդի հաստատմանը, որից հետո տեղի կունենա նրա վերջնական ստորագրումը, իսկ անմիջական իրագործումը կսկսվի 2011 թվականից:

Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է նպաստել պտղի և ընկուզեղենի կենսունակ արտադրության և պայմանագրային այգեգործության զարգացմանը, երկրորդ բաղադրիչի ներքո` հասարակական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացում (գազամուղներ, ոռոգման և խմելու ջրագծեր, գյուղական ճանապարհներ և այլն): «Գյուղատնտեսության կարողությունների ստեղծման ծրագրի» իրականացման շրջանակներում Հայաստանում կստեղծվի «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետերը պետությունն է լինելու: Ծրագիրը փորձնական նախագիծ է, որում կիրառվելու են ժամանակակից տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները, իսկ հաջողությամբ իրականացվելու դեպքում տարածվելու է Հայաստանի բոլոր մարզերում: Մի քանի տարվա ընթացքում «Հայկական միրգը» զբաղվելու է բոլոր հարցերով, որոնք կապված են գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների հետ, այդ թվում` արտահանման, մարկետինգի, փաթեթավորման և այլ հարցերի հետ: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում կստեղծվի նոր արդյունաբերություն, որի արտադրանքը պահանջարկ կունենա ոչ միայն ռուսական և ԱՊՀ շուկաներում, այլ նաև Եվրոպայի շուկաներում: Հարկ է նշել, որ ծրագիրը կամավոր կոոպերացիաների ստեղծման նախատիպն է` հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի քննարկել նաև մասնավոր հատվածի մասնակցությունը:

Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հիմնախնդրի մասին խոսելով` ՄԱԿ-ի Գյուղզարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ղեկավար Հ. Պետերսոնը նշել է ենթակառուցվածքների դեռևս զարգացած չլինելը, մարկետինգային ծառայությունների բացակայությունը և ֆինանսական միջոցների անմատչելիությունը, որակի նորմերի ու ստանդարտների համապատասխանության բացակայությունը, ինչպես նաև լավագույն արդյունքների հասնելու համար ժամանակակից տեխնոլոգիաներ չկիրառելը:

Եվ իրոք, ներքին շուկայի անկատարության պատճառով խաղողի մթերման հարցը չափազանց ակտուալ խնդիր է խաղողագործության ոլորտի համար: Սեզոնի շեմին խաղողագործները հուսով են, որ նրանց կհաջողվի իրացնել իրեցն բերքը 130-150 դրամով 1 կգ դիմաց:

Արարատի գյուղապետ Գրիշա Մելքոնյանն, որ այդ պաշտոնն է զբաղեցնում արդեն 20 տարի, ասել է, որ Արարատի մարզում 170 ֆերմերային տնտեսություն է զբաղվում խաղողի աճեցմամբ և հիմա նրանք հայտնվել են կոտրած տաշտակի առջև: Գործարանների հետ ստորագրվում են միակողմանի պայմանագրեր, ընդ որում հաշվի չի առնվում գյուղացիների կարծիքը: Երևանի կոնյակի գործարանն այս տարի կրճատել է մթերման պայմանագրով նախատեսված ծավալները, ինչպես նաև 30 տոկոսով կրճատել է պայմանագրերի քանակը նախորդ տարվա համեմատ: Նա նշեց նաև, որ ԵԿԳ ղեկավարությունը դա պատճառաբանում է նրանով, որ կրճատվել են կոնյակի իրացման ծավալները: Մյուս գործարանները նվազեցնում են 1 կգ խաղողի գինը մինչև 80 դրամ: Գրիշա Մելքոնյանը նշեց, որ խաղողի բերքն այս տարի կկազմի 200 000 տոննա, սակայն եղած պահանջարկը 50-65 հազար է, 40 հազար տոննայից գյուղացիներն իրենք գինի կարտադրեն: «Այդպիսով շուրջ 100 հազար տոննա խաղող …մնում է անհույս»,-ասել է նա:

Իր հերթին ֆերմեր Ռաֆիկ Շադոյանը հավելեց, որ ստեղծված խնդիրների պատճառով խաղողագործները ստիպված են վերացնել իրենց այգիները: Նա նշեց, որ գյուղացիների աշխատանքը չի գնահատվում, աջակցություն չկա պետության կողմից, ուստի «գյուղացին միայնակ է մնացել հողի հետ»: Նա հավելեց, որ այգիների ստեղծման և խաղողի աճեցման հետ կապված ծախսերը շատ մեծ են, չկա անհրաժեշտ տեխնիկա, իսկ վառելիքը թանկ է, ուստի գյուղացին ստիպված է ձեռքով մշակել այգիները: Ինչպես նախկինում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն, այս տարի սպասվում է խաղողի լավ բերք և կառավարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում մթերման կազմակերպման համար: Այնուամենայնիվ խաղողի ավելցուկն այս տարի գյուղացին ստիպված է լինելու ուղղակի թափել:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News