Ամփոփման համաձայն, 2010թ դեկտեմբերին, ըստ բանկերի սպասումների, փոխարժեքի միջին մակարդակը կկազմի 376.76 դրամ: Խոշորագույն 5 բանկերը կանխատեսում են, որ այս ժամանակահատվածում փոխարժեքը կկազմի 369.97 դրամ: Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1500000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.75 դրամ: Դա վկայում է այն մասին, որ ազգային արժույթը արժեզրկման միտում ունի:
Անցած շաբաթ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրապարակեց իր կանխատեսումները դրամի փոխարժեքի տատանումների վերաբերյալ` դրամը կպահպանի իր կայուն դիրքերը ԱՄՆ դոլարի հանդեպ: Ընդ որում նշվել է, որ հնարավոր են սեզոնային տատանումներ, քանի որ «աշունը ակտիվ գնումների շրջան է»: Ազգային արժույթի կայունության ապահովմանն են ուղղված Կենտրոնական բանկի պայքարը տնտեսության դոլարիզացիայի դեմ, որի պատճառով փոփոխությունները չեն լինի խաոտիկ և կկրեն ժամանակավոր կայուն բնույթ:
Նման կարծիքի է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, որը ազգային արժույթի կտրուկ տատանումներ չի ակնկալում` փոփոխությունները սովորական կլինեն և կպայմանավորվեն շուկայում պայմանների փոփխությամբ և հանգամանքներով: Ազգային արժույթի վարքագծի հետագա միտումների մասին իր կարծիքն է հայտնել նաև Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նշել է, որ իրավիճակը Հայաստանի արժույթի շուկայում կվատթարանա մինչև տարեվերջ: Իսկ այժմ դրամի ամրապնդումը կրում է սեզոնային բնույթ, քանի որ շուկայում գործում է այպես կաչված «տնային տնտեսուհու» ֆենոմենը, ինչպես նաև ավելացել են դրամական փոխանցումների ծավալները:
Ինչ վերաբերում է բանկային տոկոսադրույքներին, ապա ըստ վերոնշյալ զեկույցի, Հայաստանի առևտրային բանկերի մեծ մասը չեն կանխատեսում ավանդների տոկոսադրույքների փոփոխություններ, որոնցից 15 բանկերը` դրամով ավանդների, իսկ, 13-ը` արտարժույթի ավանդների համար:
Ավելին, առևտրային բանկերի մեծ մասը նույն կարծիքի են նաև ավանդների տոկոսադրույքների վերաբերյալ` 11 բանկ կանխատեսում է դրամով վարկերի նախկին մակարդակը, իսկ 7-ը` արտարժույթի վարկերով: Ընդ որում, դրամով վարկերի տոկոսադրույքների նվազումը 5 բանկ է կանխատեսել, իսկ արտարժույթով վարկերի համար` 13 բանկ:
Սեպտեմբերին 2010թ հունիսի նկատմամբ առևտրային բանկերը ակնկալում են վարկերի ծավալի աճ շուրջ 78.7 մլրդ դրամով (9.89%), որից 45.2 մլրդ դրամը 5 բանկերի կողմից, իսկ 2010թ հունվար-դեկտեմբերին առևտրային բանկերի սպասումների իրականացման պայմաններում վարկերի ծավալի աճը 2009թ դեկտեմբերի համեմատ կկազմի շուրջ 198 մլրդ (26.94%)
2010թ երրորդ եռամսյակում առևտրային բանկերն ակնկալում են ավանդների ծավալի աճ 38.8 մլրդ դրամով (2.77%): 2010թ դեկտեմբերին հունիսի նկատմամբ, ըստ առևտրային բանկերի սպասումների, ավանդների ծավալը կաճի 69.9 մլրդ դրամով (11.1%): 2010թ հունվար-դեկտեմբերին առևտրային բանկերի սպասումների իրականացման պայմաններում ավանդների աճը 2009թ դեկտեմբերի համեմատ կկազմի 43.8 մլրդ դրամ (6.7%):
Այդպիսով, շուկայում արդեն գրանցվել են նվազման միտումներ, ինչպես վարկերի, այնպես էլ ավանդների գծով: Ինչպես գտնում են «Ամերիաբանկի» ՓԲԸ-ում, դա հիմնականում վերաբերում է արտարժույթով վարկերին ու ավանդներին, սակայն միտում է գրանցվում նաև դրամով արտահայտված վարկերի ու ավանդների գծով, քանի որ վերջին երեք ամսում դրամային լիկվիդայնությունը բավական մեծ է եղել և շարունակում է այդպիսին մնալ նաև այժմ: Ուստի տոկոսադրույքները դրամային արտահայտմամբ ևս կնվազեն, սակայն ոչ այդքան արագ տեմպերով:
Միաժամանակ, նշվել է, որ համաշխարհային շուկաներին հատուկ է հետևյալ միտումը` միջբանկային վարկերի ներգրավված միջոնցերի արժեքը միջազգային ֆինանսական շուկաներում աստիճանաբար բարձրանում է, և «Libor-ի կանխատեսումները զգուշավոր են բարձրացման միտումով», սակայն, քանի որ Հայաստանը թույլ է ինտեգրված համաշխարհային ֆինանսական շուկային, ապա բանկային տոկոսադրույքները երկրում կնվազեն: