Հայաստանն օգոստոսյան կայծակնային պատերազմի պատճառով ոչ պակաս դժվարին դրության մեջ էր հայտնվել: Արտաքին աշխարհից ժամանակավորապես շրջափակման և մեկուսացման մեջ հայտնվելով` Հայաստանի ղեկավարությունը փորձեր էր անում այդ ոչ դյուրին իրավիճակում գրավել հավասարակշռված դիրք և չվիրավորել ոչ «եղբայրական հարևանին», ոչ «ռազմավարական դաշնակցին»: Երևանի այս քաղաքականությունը փորձության ենթարկվեց և նպաստեց Հայաստանի` որպես հուսալի գործընկերոջ վարկանիշի ամրապնդմանը:
Օգոստոսյան պատերազմը թեև տարբեր խնդիրներ դրեց Հարավային Կովկասի պետություններից յուրաքանչյուրի առջև, սակայն Երևանը, Թբիլիսին և Բաքուն կրկին բախվեցին «դառը» իրականությանը` Ռուսաստանը եղել և կմնա միակ ուժը, որն իշխելու է տարածաշրջանում, և ժողովրդավարության ոչ մի խաղ, ոչ մի «ֆուտբոլային դիվանագիտություն» և ԱՄՆ-ի նախաձեռնած որևէ այլ նախագիծ առայժմ ի զորու չէ այս իրականությունը փոխել: Պարզվում է, որ այսօր հարավկովկասյան երկրները, ամեն ինչից զատ, կանգնած են ընդհանուր մարտահրավերի ` տարածաշրջանում Մոսկվայի քաղաքական ազդեցության և ռազմական ներկայության ամրապնդման առաջ: Այս իրականությունից ելնելով, Ադրբեջանն իր էներգետիկ անսպառ հնարավորությունների մասին ճամարտակելով, փորձում է Արևմուտքի համար ավելի հրապուրիչ դառնալ, միևնույն ժամանակ չվիրավորել հյուսիսային հարևանին:
Վրաստանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի վերադարձնի «փոքր, բայց չափից ավելի ժողովրդավար երկրի» իր հեղինակությունը և ինչ-որ կերպ, գոնե ճեղքելով հասնել նատոյական ակումբ: Իսկ Հայաստանը շատ սահուն գնում է ռուսական ուղղությամբ`իր ռազմավարական դաշնակցին թույլ տալով իր տարածքում ևս 49 տարով երկարաձգել ռազմաբազաների տեղակայման ժամկետը:
Ցավոք, Վրաստանի հնգօրյա պատերազմից տարածաշրջանի որևէ երկիր դասեր չքաղեց: Ադրբեջանը չի դադարում զինվել, և հերթական զինված հակամարտություն ծավալելու վտանգը դեռևս չի վերացել: Թբիլիսիում շարունակում են փնտրել Վրաստանի ապագան ամենուր, միայն ոչ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իսկ Հայաստանը վերջնականապես կարող է դառնալ ԽՍՀՄ-ի վերածնման ուղղությամբ ռուսական պատվախնդրության գերին:
Տարածաշրջանի առաջնորդներն այդպես էլ չգիտակցեցին, որ տարածաշրջանում կայունություն և բարեկեցություն կլինի միայն այն ժամանակ, երբ հարավկովկասյան երկրների նախաձեռնած նախագծերը լինեն ոչ թե իրար հակասող, այլ իրար լրացնող: Դրսի որևէ ուժ այդ երկրներին չի օգնի վերջնականապես հաղթահարել գոյություն ունեցող հիմնախնդիրներն ու տարաձայնությունները, քանի որ համաշխարհային խաղացողները տարածաշրջանը չեն դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ:
Հարավային Կովկասը եղել է ու կմնա գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման էպիկենտրոն, իսկ Երևանը, Թբիլիսին և Բաքուն, ծայրահեղ դեպքում`առայժմ, ընդամենը նրանց շահերի սպասարկողներն են: