25 սեպտեմբերի 2010 - 18:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի կառավարությունը պայքարո՞ւմ է գնաճի դեմ, թե՞ խթանում այն
Հայաստանում գնաճի ավելացման պատճառը անբարենպաստ գյուղատնտեսական տարին ու խնդիրներն են արտաքին շուկաներում, մասնավորապես, հացահատիկի շուկայում
Ըստ նախնական վիճակագրական տվյալների հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3,1 տոկոսով 2009 նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2 տրլն 42 մլրդ 788,8 մլն դրամ: Ընդ որում, գյուղատնտեսական ապրանքի համախառն արտադրությունը հաշվետվության շրջանում կրճատվել է 18%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11,5%-ով: Բացի այդ, սպառողական գների աճը հունվար-օգոստոսին 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 7,7 տոկոս: Միևնույն ժամանակ ամսական կտրվածքով գնաճը կազմել է 1,3 տոկոս:

Նման մակրոտնտեսական ցուցանիշներն անհանգստության առիթ չէին տա, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում 8,8% տնտեսական աճ գրանցվեց, իսկ հաջորդ երեք ամիսների ընթացքում աճի տեմպերը կտրուկ նվազեցին: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հունիսին իրենց ելույթներում մեծ լավատեսությամբ էին խոսում ճգնաժամի հետևանքների հաղթահարման ու լավ մակրոտնտեսական ցուցանիշների մասին, որոնք «կառավարության հակաճգնաժամային ծրագրի իրականացման արդյունքն են»: Իսկ սեպտեմբերին արտասանվում են նույն խոսքերը, բայց արդեն պակաս լավատեսությամբ: «Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց բոլոր հնարավոր միջոցները, համապատասխան մեխանիզմներ կիրառեց գնաճը զսպելու համար: Եթե այդ միջոցները չձեռնարկվեին, ապա գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր կլիներ»,- գտնում է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը: Նրա կարծիքով, եթե միջազգային շուկայում գնաճի նոր ալիք չբարձրանա, ապա այս տարվա ավարտին գնաճի ցուցանիշը կհամապատասխանի բյուջեով նախատեսված ցուցանիշին՝ 4±1,5%:

Փորձագետների կարծիքով, գնաճի պատճառ է հանդիսանում անբարենպաստ գյուղատնտեսական տարին և խնդիրները արտաքին շուկաներում, մասնավորապես, ցորենի շուկայում: Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգը և պարենային անվտանգության համակարգը գտնվում են խոցելի վիճակում, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է: Հայաստանն ԱՀԿ անդամակցելուց հետո առաջին վեց տարիների ընթացքում և մինչև 2009 թվականի հունվար ամիսը ազատված էր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ԱԱՀ վճարումից, և այդ տարիների ընթացքում նա պետք է մրցունակության այնպիսի մակարդակի հասներ, որպեսզի հարկերը 20%-ով բարձրացնելուց հետո լուրջ ցնցումների չենթարկվեր: Սակայն այդ տարիների ընթացքում ոչինչ չարվեց, և այդ ոլորտում լուրջ խնդիրները շարունակվում են:

Անցյալ տարի գյուղատնտեսության ոլորտում սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանում կարտոֆիլի մեծ բերք է եղել, և մեծ առաջարկի արդյուքնում կարտոֆիլի գինը 1 կգ համար կազմել է 25 դրամ, իսկ այս տարի գներն աճել են գրեթե 10 անգամ: Ինչ վերաբերվում է ցորենի խնդրին, ապա Հայաստանը մեծ կախում ունի համաշխարհային գներից: Բայց Հայաստանը կարող է ձևավորել սեփական բազային տնտեսական քաղաքականությունը, որը կկրճատեր այդ կախվածությունը համաշխարհային գներից, թեև երկիրը կարող է լիովին ապահովել ներքին պահանջարկը և թույլ չտալ չարաշահում ներկրողների կողմից` կապված երկրում ցորենի գնի հնարավոր բարձրացման հետ:

Արդյունաբերության ոլորտում աճն այս տարի պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների պահանջարկի ու գների աճով, ինչպես նաև էներգետիկ արտադրության աճի բարձր ցուցանիշներով:

Հայաստանի տնտեսության ևս մեկ դրական ցուցանիշ է արտահանման աճը, որը կրկնակի գերազանցում է ներկրման ցուցանիշը: 2010թ, հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 2 մլրդ 959 մլն դոլար՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 25.3%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 598,1 մլն դոլար՝ ավելանալով 43,8%-ով 2009-ի հունվար-օգոստոսի համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 360.6 մլն դոլար՝ ավելանալով 21, 3%-ով:

Հայաստանում տնտեսական ազատությունների մակարդակը բավական դրական է գնահատել Fraser Institute կանադական վերլուծական կենտրոնը, որի գնահատմամբ Հայաստանը զբաղեցնում է 50-րդ տեղը 141 երկրների տնտեսական ազատությունների շարքում, ընդ որում, անցյալ տարի նա եղել է 48-րդը: Ինչպես հաղորդվում է Fraser Institute-ի հրապարակման մեջ, Վրաստաննն այդ ցուցակում 23-րդն է, ինչը 20 կետով բարձր է 2009-ի ցուցանիշից: Միաժամանակ, տնտեսական ազատությունների մակարդակով Թուրքիան 74-րդն է, իսկ Ադրբեջանը` 93: Միևնույն ժամանակ Ռուսաստանը տնտեսական ազատությունների մակարդակով 84-րդ տեղում է, Մոլդովան` 87, Ուկրաինան` 127:

Կանադացի վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի իշխանությունները ճիշտ դրամավարկային քաղաքականություն են վարում: Միաժամանակ Հայաստանի տնտեսության ամենալուրջ խնդիրները շարունակում են մնալ անկողմնապահ և անկախ դատավորների բացակայությունը, բիզնեսում լրացուցիչ ծախսերը և ամենից առաջ` կաշառքները:

Նման հակասական ցուցանիշների դեպքում դժվար է հասկանալ, թե ինչին կհանգի Հայաստանի տնտեսությունը տարվա ավարտին, սակայն գնաճի մակարդակը կրճատելու ուղղությամբ երկրի կառավարության ջանքերը շատ կասկածելի են թվում, եթե հաշվի առնենք, որ վերջին նիստում երկրի գործադիրը որոշեց, որ ժամանակն է անցնելու դիզելային վառելիքի ու բենզինի, ինչպես նաև ծխախոտի արտադրանքի ավելի «արդար» հարկման: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում է, որ Հայաստանում ծխախոտը, շատ էժան է և ամենքին մատչելի, իսկ ծխելը վնասում է մարդկանց առողջությանը: Արդյոք գների բարձրացումը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով, թե պարզապես կհարվածի երկրի ծխող բնակչության գրպանին, ցույց կտա ժամանակը:

Հռիփսիմե Հայրապետյան