7 հոկտեմբերի 2010 - 19:18 AMT
ՀՈԴՎԱԾ
Ամենայն հավանականությամբ Բաքուն սպանել է հայ պատանդին, որպեսզի նրա մարմինը փոխանակի ադրբեջանցի դիվերսանտների մարմինների հետ
Բաքվում հայ պատանդի սպանությունը ևս մեկ անգամ Հայաստանին հիշեցրեց այն մասին, թե ով է նրա արևելյան հարևանը
Ադրբեջանի ՊՆ և Ռազմական դատախազության տարածած հաղորդագրությունը հայ գերի Մանվել Սարիբեկյանի իբր ինքնասպանության մասին ցնցեց հայ հասարակայնությանը` ևս մեկ անգամ մեզ` հայերիս հիշեցնելով այն մասին, թե ով է մեր արևելյան հարևանը: Ադրբեջանում հայերի ջարդերը և հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ Ադրբեջանի ռասիստական իշխանությունները: Այդ ամենից հետո դժվար է հավատալ հայ գերու ինքնասպանության վարկածին:

Բաքվի այդ հակամարդկային քայլին պաշտոնական Երևանի արձագանքը համապատասխան էր: Ադրբեջանին պաշտոնապես հայտարարելով որպես սպանության մեղավոր` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Բաքվի վրա:

Մինչդեռ Հայաստանը միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ է անում ուշադրություն դարձնել Բաքվի կողմից միջազգային հումանիտար նորմերի կոպիտ խախտմանը, ադրբեջանական իշխանություններն ավելի են առաջ գնացել` ողջ աշխարհին ցուցադրելով իրենց հանդգնությունը: Հոկտեմբերի 6-ին ԵԽԽՎ նստաշրջանում ընդունվեց հայտարարություն, որը Հայաստանին կոչ է անում վերադարձնել հունիսի 18-ին Բաքվի ձեռնարկած դիվերսիայի արդյունքում Վերին Չայլու գյուղի մոտ զոհված ադրբեջանցի դիվերսանտների մարմինները:

Վերը ասվածից կարելի է միայն հետևյալ եզրակացությանը հանգել. Բաքուն կանխամտածված սպանել է հայ պատանդին, որպեսզի Սարիբեկյանի մարմինը փոխանակի ադրբեջանցի դիվերսանտների մարմինների հետ: Բայց ահա Մանվել Սարիբեկյանը շարքային քաղաքացի էր, այլ ոչ թե դիվերսանտ: Ցավոք, հայ գերու բախտին կարող են տասնյակ հայեր արժանանալ, որոնց գյուղերը ճակատագրի կամքով արյունարբու Ադրբեջանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել հայ գերի Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան է եղել հոկտեմբերի լույս 5-ի գիշերը: Պատահարի վայրի զննության արդյունքում ռազմական դատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է իր վերնաշապիկից ու սավանից հյուսված պարանի օգնությամբ»: Սարիբեկյանի պարանոցին հայտնաբերվել է խեղդամահ եղածների համար բնորոշ սպի: Դատաբժշկական փորձաքննությունը բռնության ոչ մի հետք «չի հայտնաբերել» Սարիբեկյանի մարմնի վրա: Մանվել Սարիբեկյանը հովիվ էր, նա գերեվարվել է ադրբեջանական կողմից սպետմեբրի 11-ին, որտեղ նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, Սարիբեկյանն ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ ԶՈւ շարքերում 2010 թվականի մայիսին և ոչ մի առնչություն չունի հատուկ ծառայությունների հետ: Գերեվարվելուց մի քանի օր անց ինտերնետում տեղադրվել էր Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ:

Հունիսի 18-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի մոտ Ադրբեջանի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողություն ԼՂՀ տարածք ներխուժելու նպատակով: ԼՂՀ ՊԲ կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսանտները ետ են մղվել: Հայկական կողմը տվել է 4 զոհ և 4 վիրավոր: Իսկ ադրբեջանցի դիվերսանտները թողել են սպանված Մուբարիզ Իբրագիմովի մարմինը և փախուստի դիմել: Ներկա պահին մարմինը մինչև հիմա գտնվում է չեզոք հողում:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 6:50-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն հարձակումն են գործել: ԼՂՀ ՊԲ նախաձեռնած մարտական միջոցառումների շնորհիվ հակառակորդը զոհեր տալով թողել է մարտական գոտին ու փախուստի դիմել: Նահանջի ժամանակ դիվերսիոն խմբի անդամները ականների պայթյուններից վնասվածքներ են ստացել: Մեր հետախուզական տվյալների համաձայն, նրանցից մեկը հետախուզական վաշտի, իսկ մյուսը` սակրավորների վաշտի հրամանատարներն էին:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News