13 նոյեմբերի 2010 - 15:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորում
Նոյեմբերի 7-12-ը տեղի ունեցած Հայաստանի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում
«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում, իսկ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կվերարտադրի իրեն: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Անդրադառնալով 2012թ. կայանալիք ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքներին՝ Սարգսյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավանաբար, ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, իսկ «Օրինաց երկիրը» համապատասխան ռեսուրսներ չունի խորհրդարան անցնելու համար:

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոլոր հիմքերն ունի ՀՀ նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա, «երեք կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:

Իր հերթին, ՀՅ Դաշնակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն ասել է, որ Հաայստանում ոչ մի քաղաքական ուժ չկա, որը գալիք ընտրություններին կարող է հավաքել ընտրողների 50 տոկոս +1 ձայները: Նրա խոսքերով, յուրաքանչյուր խորհրդարանական ընտրության ժամանակ ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ է հավաքում:

«Ես վստահ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կանցնի նոր խորհրդարան և այնտեղ զգալի տեղ կզբաղեցնի»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով 2012 թվականին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: Նրա խոսքով, կուսակցությունն արդեն 13 տարի մասնակցում է խորհրդարանական ընտրություններին: Այդ համատեքստում Բիշարյանը նշեց, որ կուսակցությունը միշտ ինքնուրույն է մասնակցել ընտրություններին, և առաջիկա ընտրությունները բացառություն չեն լինելու:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News