25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-ի
Հեռահաղորդակցությունների և ՏՏ ոլորտում նոյեմբերի 15-22-ի հիմնական իրադարձությունների ամփոփում
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ:

Նոյեմբերի 16-ին Ազատ ծրագրային ապահովման (ԾԱ) շարժման հիմնադիր Ռիչարդ ՍթոլմանըԵրևանում իր ունկընդիրներին պատմել է ծրագրային ապահովման ազատության ու կիրառման էթիկայի վերաբերյալ իր մոտեցման մասին: Ըստ նրա, ազատ ծրագրային ապահովումը դա ոչ այնքան տեխնիկական խնդիր է, որքան սոցիալ-տնտեսական ու էթիկայի խնդիր: Նա օրինակներ է բերել, երբ ԾԱ առաջատար արտադրողները թույլ էին տալիս իրենց ջնջել ծրագրերը օգտվողների համակարգիչներից: Նա նաև հանդես է եկել ոչ ազատ ծրագրային ապահովման կիրառման դեմ պետական հաստատությունների կողմից և կրթության ոլորտում:

Ռիչարդ Սթոլմանը Հայաստանում է գտնվում շվեյցարական հումանիտար КАSА հիմնադրամի հրավերով: Սթոլմանը դասախոսություններով հանդես է եկել նաև նոյմեբերի 18-ին Երևանում և նոյեմբերի 19-ին՝ Գյումրիում: Այնուհետև Սթոլմանը մեկնել է Վրաստան:

Հայկական ընկերությունները Թբիլիսիում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների GITI 2010 երրորդ տարածաշրջանային խորհրդաժողովում լավագույնն են ճանաչվել հինգ անվանակարգերում: Ինչպես PanARMRNIAN.Net-ին հաղորդեց UITE Expo տնօրեն Վահան Հովսեփյանը, կոմերցիոն կազմակերպություններից «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգում մրցանակ ստացավ X-Tech ընկերությունը, «Բիզնեսի լավագույն լուծումը բիզնեսի համար» անվանակարգում` Essential Solutions-ը, «Լավագույն համալիր բիզնես-լուծում»` IDram-ը, «Լավագույն ինտեգրատոր»` LimeTech-ը, իսկ պետական կազմակերպություններից մրցանակի արժանացավ EKENG ընկերությունը` «Լավագույն IT նախագիծ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ GITI 2010-ում 14 անվանակարգ էր ներկայացված:

Խորհրդաժողովին Հայաստանից մասնակցում էին 15 ՏՏ-ընկերությունների 24 ներկայացուցիչներ: Վահան Հովսեփյանի խոսքով, միջոցառման ընթացքում հայկական ընկերությունները պայմանավորվածություններ ձեռք բերեցին մի շարք կազմակերպությունների հետ Ալբանիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից և այլն:

GITI 2010-ը կազմակերպվել է GITI 2010-ը կազմակերպվել է Վրաստանի ՏՏ գծով Բիզնես Խորհրդի և Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր տվյալների փոխանակման գործակալության կողմից` ՆԱՏՕ-Վրաստան պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան և Trustcorp-ի (Էստոնիա) աջակցությամբ: GITI 2010-ը նվիրված էր ՏՏ ոլորտում կիբերանվտանգության հարցերին ու նորարարություններին: Եռօրյա միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրներից:

Երկու օրում ArmNet Awards 2010 մրցույթում արդեն արձանագրվել է ավելի քան 13 հազար ձայն: Նոյեմբերի 15-ին մեկնարկել է ArmNet Awards 2010 համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկության փուլը և կտևի մինչև նոյեմբերի 30-ը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել և այժմ մասնակցում են հանրային քվեարկությանը ավելի քան 600 հայկական կայքեր Հայաստանից և սփյուռքից:

Միջազգային ժյուրիի կազմում են ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ Microsoft, Opera Sotware ընկերությունների, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, Vkontakte.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչները: Եզրափակիչ կանցնի 75 կայք, որոնք կմրցեն ութ անվանակարգերում՝ «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Ժողովրդական ընտրություն», «Orange-ի հատուկ մրցանակ»:

Հայաստանում Ինտերնետն այն ոլորտն է, որտեղ ընթանում են քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներ: Այդ մասին PanARAMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշել է կրթության և պաշտպանության նախարարությունների անհապաղ արձագանքները YouTube-ի օգտագործողների ազդանշաններին, որոնք YouTube-ում տեղադրել էին դպրոցում և բանակում բռնության դեպքերի մասին տեսահոլովակներ:

Հայաստանն ու Ադրբեջանը ետ են մնում Վրաստանից Ինտերնետում խոսքի ազատության մակարդակով: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», այդ մասին Թբիլիսիում Հարավային Կովկասի մեդիա-խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Freedom House-ի Եվրասիայի գծով գլխավոր մենեջեր Սեմ Պատտենը: Մինչդեռ, ըստ Freedom House-ի, Իտերնետ մուտք գործելու տվյալներով առաջատարն Ադրբեջանն է, որտեղ ցանցը ծածկում է տարածքի 40 տոկոսը: Պատտենը նշել է նաև, որ Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները փորձում են վերահսկել ցանցը: Նա բերել է Ադրբեջանում երկու բլոգերների ձերբակալման փաստը: Սակայն, նա հիշատակել է նաև 2009թ. Վրաստանում երկու անձանց ձերբակալության փաստը, որոնք YouTube-ում ծաղրահոլովակ էին զետեղել Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլիա Երկրորդի վերաբերյալ: Նրանց ազատ արձակեցին միայն Ինտերնետից տեսահոլովակն առգրավելուց հետո:

Ադրբեջանական պատվիրակությունը կտրուկ է արձագանքել Պատտենի ելույթին: Ըստ խորհրդաժողովի մասնակից Կամրան Հասանովի, Freedom House-ի տվյալները Ադրբեջանում ինտերնետի տարածման բարձր մակարդակի ու կառավարության կողմից այն վերահսկելու վերաբերյալ, հակասում են միմյանց: Ի պատասխան Մոսկվայի Մեդիա-իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ռիխտերը նշել է, որ ինտերնետացման բարձր մակարդակը դեռ չի ենթադրում Ինտերնետի ազատություն:

Արցախի և Հայաստանի ջրամատակարարման «Ջուրը կյանք է» ծրագրի շրջանակներում «Հայաստան» հիմնադրամին նվիրատվություն կարելի է կատարել «ԹելՍել» վճարային տերմինալների միջոցով: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ին «ԹելՍել»-ի մամլո ծառայությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «ԹելՍել» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համապատասխան համաձայնագիր:

«Նույնիսկ չնչին թվացող 200, 500 և 1000 դրամները, կուտակվելով, կարող են ավանդ դառնալ այնպիսի լուրջ նախագծերի իրագործման համար, ինչպիսիք են Արցախի և Հայաստանի գյուղական համայնքների ջրամատակարարումը»,- ասել է «ԹելՍել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

Նոյեմբերի 20- տեղի է ունեցել Արտադրության և արտահանման ասոցիացիայի (Ա3 Ասոցիացիա) բացումն ու arm3a.org բիզնես-սոցիալական կայքի շնորհանեսը: Ասոցիացիայի նպատակն է Հայաստանում արտահանմանն ուղղորդված արտադրության զարգացմանը նպաստելն ու նոր բիզնես-մշակույթի ձեւավորումը:

Ա3 Ասոցիացիայի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն գործելու է բիզնես-սոցիալական կայքի հիմքի վրա: Հայաստանում նախադեպը չունեցող arm3a.org կայքն իր բնույթով առաջինն է Հայաստանում, այն իր տեսակով սոցիալական կայք է` նախատեսված կոնկրետ սոցիալական շերտի համար (գործարարներ, ձեռներեցներ, գիտնականներ, գյուտարարներ, մենեջերներ և այլք):

Օրանժ Արմենիա ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 7267-7351ՄՀց, 7428-7512ՄՀց, 10735-10855ՄՀց, 11225-11345ՄՀց, 11095-11175ՄՀց, 11585-11665ՄՀց, 18250-18635ՄՀց, 19260-19645ՄՀց, 37128-37380ՄՀց, 38388-38640ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն է ստացել: Որոշումը կայացվել է ՀԾԿՀ նոյեմբերի 17-ի նիստում: Ըստ հանձնաժողովի որոշման, ռադիոհաճախականությունները օպերատորին են տրամադրվել 10 տարի ժամկետով, ընկերությունը պետք է շահագործումը սկսի 2011թ. փետրվարի 1-ից ոչ ուշ:

Գայանե Միրզոյան