Իր կողմից Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտնել է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բանկային համակարգի հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Ըստ Օսիպյանի, քննարկվել են նաև գնաճի զսպմանը վերաբերող հարցեր, ինչը կհանգեցնի մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը:
Օսիպյանը նշել է նաև, որ վերջին տարիներին նկատվում է 2-3 տոկոսով տոկոսադրույքների նվազման միտում, ինչը կշարունակվի: Ճգնաժամը, միանշանակ, հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այդ մասին ասել է «Անելիք բանկի» նախագահ Սամվել Ճզմաչյանը` ամփոփելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երկրի կոմբանկերի ղեկավարների խորհրդակցության արդյունքները: Միաժամանակ նա ավելացրել է, որ հանրապետության կոմբանկերի կողմից վարկավորման ակտիվությունը, որը դիտվել է առաջին եռամսյակում, հույս է ներշնչում, որ հետագա աճը բարձր է լինելու: «Հաշվի առնելով առկա միտումները` մենք այդ գծով 50% աճ ենք դիտելու, ինչը զգալի ցուցանիշ է»,- ընդգծել է Ճզմաչյանը:
Սամվել Ճզմաչյանի խոսքով, 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կոմբանկերի վարկային ներդրումները միջին հաշվով աճել են 12-15%-ով, և, «որ շատ կարևոր է, աճել են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հաղորդել է նաև, որ հայկական բանկերի վարկային պորտֆելը վերջին երեք ամսում ավելացել է 94 մլրդ դրամով` նշելով, որ դա բանկային համակարգի բավական լուրջ ներդրում է Հայաստանի բանկային համակարգի հետագա զարգացման մեջ:
Հանքահումքային ապրանքների համաշխարհային գների աճը 2010թ. դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, հայտարարել է ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը`ամփոփելով տարին: «Լինելով պղնձի ու մոլիբդենի արտահանող, Հայաստանին հաջողվել է բարելավել 2010թ. առևտրային բալանսը, քանի որ զգալի աճ է գրանցվել արտահանման ոլորտում՝ մոտ 42 տոկոս, այն դեպքում, երբ ներկրումն աճել է ընդամենը 13,9 տոկոսով»,-ասել է նա:
2010թ. համաշխարհային շուկաների միտումները, ինչպես ֆինանսական, այնպես էլ հանքահումքային, որոնք առկա էին հարևան երկրներում, բարենպաստ էին Հայաստանի համար և դրական ազդեցություն ունեցան: Ուստի Հայաստանում ոչ մի բացասական միտում չեն տեսնում 2011-ին անկում կանխատեսելու համար, նույնիսկ եթե նավթի գները չբարձրանան, ամեն դեպքում սպասվում է եկամուտների աճ Ռուսաստանում, եթե չլինեն ճգնաժամային իրավիճակներ: