10 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը
Հայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում:
Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն:

Հայաստանի հավաքականի մարզիչը, սկսած ընտրական մրցաշարի առաջին խաղից, իր ֆուտբոլիստների առաջ դրել է կոնկրետ նպատակ` «հաղթել յուրաքանչյուր խաղում` միաժամանակ ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ» և խաղացողները մշտապես կյանքի են կոչել մարզչի առաջադրանքները: Դրա ապացույցն է նաև այն, որ B խմբում ամենադիտարժան ֆուտբոլը ցույց են տալիս հայ ֆուտբոլիստները: Դա նրանց հաջողվեց նույնիսկ Իռլանդիայի և Ռուսաստանի հետ խաղերում, երբ նրանք զիջեցին մրցակցին:

Հայաստանի հավաքականը 8 խաղից հետո ունի 14 միավոր և B խմբում խփեց ամենաշատ գոլերը` 17: Այս ցուցանիշներով Հայաստանի հավաքականը նույնպես սահմանել է անձնական ռեկորդ: Այս փուլի ավարտից առաջ և ֆուտբոլիստները, և ողջ հայ ժողովուրդը լիահույս են, որ Հայաստանի հավաքականն ի զորու է հաղթահարել ԵԱ խմբային արգելքը: Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները բոլորին նվիրեցին երազանք «EURO-2012» անունով:

Մեր հավաքականի մարզիչը, որը վերջին շաբաթվա ընթացքում իր հասցեին լսեց դրվատանքի բազմաթիվ խոսքեր արտասահմանցի գործընկերներից և ԶԼՄ-ներից, ընտրական փուլի ողջ ընթացքում առաջին անգամ հայտարարեց, որ իր թիմը տեսնում է EURO-2012-ում:

Թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը համարում է, որ խմբում պայքարը միայն սկսվում է, և նրանք կարող են պայքարել առաջին տեղի համար: Կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը վստահ է, որ երկու հաղթանակները բարձրացրեցին թիմային ոգին և տղաները միայն հաղթանակ են ակնկալում մակեդոնացիաների և իռլանդացիների հետ խաղերում: Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ խաղացողները մտադիր են օգտագործել իրենց շանսը և դրա համար գործադրել բոլոր ջանքերը:

Այժմ մեզ բոլորիս մնում է միայն սպասել մեկ ամիս և սրտատրոփ հետևել Հայաստանի հավաքականի խաղերին Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ, որոնցից հետո կորոշվի Եվրոպայի առաջնության ուղեգրերի ճակատագիրը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News