27 սեպտեմբերի 2011 - 18:54 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայ-թուրքական Արձանագրությունների վերադարձը՝ Թուրքիայի հարկադրված քայլը
Էրդողանի կառավարությունը փորձում է փրկել «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը, որը ձախողվեց թուրք վարչապետի հիստերիկ, եթե չասել ավելին, հայտարարությունների շնորհիվ
Անկարան որոշեց խորհրդարան վերադարձնել հայ-թուրքական Արձանագրությունները: Վարչապետ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է ամեն տեղ հասնել և առաջինը լինել՝ սկսած «արաբական գարունից» մինչև Հայաստանի հետ հարաբերություններ: Այս ամենի ընթացքում՝ հարաբերություններ Իսրայելի, Պաղեստինի, Կիպրոսի և Ռուսաստանի հետ: Եվ, իհարկե, ԱՄՆ՝ գլխավոր գործընկերը, որքան էլ Էրդողանը հայտարարի, որ Թուրքիան վարում է ինքնուրույն քաղաքականություն:

Արձանագրությունների վերադարձը խորհրդարան կարելի է դիտարկել որպես Վաշինգտոնի կողմից ճնշում, որը չի թողել Հայաստանին և Թուրքիային հաշտեցնելու փորձերը: Ճիշտ է, թե ինչպես դա անել, ոչ ոք հստակ չգիտի, չէ որ միայն Արձանագրությունների վավերացմամբ հարցը չի լուծվում: Եթե նույնիսկ ուշադրություն չդարձնել ՄԱԿ նիստերի դահլիճից Էրդողանի ցուցադրաբար հեռանալու վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պահանջում է քաղաքական կամք առաջին հերթին Անկարայից: Բայց պետք է նշել, որ եթե թուրքական կողմը վավերացնի Արձանագրությունները, իսկ նրա ետևից՝ Հայաստանը, ապա կարգավորումը կարող է շարժվել մեռյալ կետից: Հնարավոր է, բայց չափազանց շատ են խնդիրները և դրանցից մեկն Ադրբեջանն է: Պետք է նաև խոստովանել է, որ Էրդողանի կառավարությունը փորձում է փրկել «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը, որը ձախողվեց թուրք վարչապետի հիստերիկ, եթե չասել ավելին, հայտարարությունների շնորհիվ: Իսրայելի հետ նոր խնդիրներին գումարվեցին Կիպրոսի հետ հին խնդիրները և բնականաբար, չլուծված քրդական հարցը, որը գլխավոր է Անկարայի համար: Թուրքիայում արդեն լրջորեն խոսում են, որ Բաքուն և որոշ առումով Պաղեստինը խնդիրներ են ստեղծում, որոնց պատճառով Թուրքիան չի կարող լուծել քրդական հարցը: Ավելին, այդ հարցը լուծումն առաջիկայում չի նախատեսվում: Թուրքիայի նորություններն ավելի շատ հիշեցնում են մարտական ամփոփագիր՝ ամեն օր բախումներ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության հետ: Միայն անցյալ շաբաթ քուրդ գրոհայինների կողմից սպանվել է 20 թուրք զինվոր:

Եվ Անկարան ստեղծված պայմաններում կատարեց միակ ճիշտ քայլը՝ Արձանագրությունները վերադարձրեց խորհրդարան: Դրանք կարող են «թաղվել» ինչ-որ հանձնաժողովում, բայց բույն փաստն արժանի է ուշադրության: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին լրանում է Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերի 2 տարին, որոնց վրա աշխատել էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Շվեյցարիան և Ռուսաստանը Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ:

Ամենահետաքրքիրն այն է, որ Արձանագրությունների դեմ հանդես էին գալիս ոչ այնքան թուրքերը, որքան ադրբեջանցիները՝ լիովին արդարացի կարծելով, որ հայ-թուրքական սահմանի բացումով Անկարան վերջնականապես երեք կթեքի Բաքվից: Ինչ վերաբերվում է Հայաստանին և հատկապես սփյուռքին, ապա վերջինն ի սկզբանե դեմ էր Թուրքիայի հետ ինչ-որ փաստաթղթերի ստորագրմանը: Ինչ էլ որ լինի, քանի դեռ Թուրքիան քայլ չի կատարել Արձանագրությունների կողմը, Երևանը ոչինչ չի ձեռնարկի: Հույս կա, որ շուտափույթ որոշումներ չեն ընդունվի: Ճիշտ է, սահմանը բացելու դեպքում ճանապարհը դեպի Թուրքիա մոտավորապես երեք անգամ կկրճատվի, բայց դա այնքան էլ կարևոր ձեռքբերում չէ՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վրա աչք փակելու համար: Այնպես որ Արձանագրությունների վավերացմանը պետք է երկար սպասել՝ նույնիսկ չնայած ԱՄՆ և ԵՄ ճնշմանը: Նույնիսկ եթե դրանք վավերացվեն, ապա հայ-թուրքական հարաբերությունների համար ոչինչ չի փոխվի, քանզի Թուրքիան ի վիճակի չէ խոսել առանց նախապայմանների, նորմալ լեզվով:

Կարինե Տեր-Սահակյան