22 նոյեմբերի 2011 - 18:22 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, հավաստիացած է սեփական անպատժելիության մեջ
Միակ երկիրը, որը կարող է կարգի հրավիրել Իլհամ Ալիևին, Թուրքիան է, բայց այն, ելնելով լիովին հասկանալի պատճառներից, դա չի անի
Ադրբեջանի նավթադոլարներով սնվող ռազմական մեքենան որոշել է, որ մինչև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելը, որոնց մասին մշտապես և բարձրագոչ հայտարարում է Բաքուն, կարող է անպատիժ սպանել հայ զինծառայողներին այն պարզ պատճառով, որ նրանք, առաջին հերթին, հայ են, երկրորդ՝ թշնամի: Թեև Ադրբեջանի համար այդ երկու բնորոշումները նույնն են:

Երբեմն թվում է, որ Հայաստանում մոռանում են, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը երկրի երեսից ԼՂ-ն ջնջելն է, դե Հայաստանն էլ հետը: Իսկ առայժմ դիպուկահարները, որոնք ուսուցանվել են թուրք ռազմական խորհրդականների կողմից, «հայտնի» են հայ զինվորների սպանությամբ, ովքեր պաշտպանում են հայրենիքը: Վստահությամբ կարելի է ասել, որ ցանկացած ադրբեջանցի դիպուկահար, որը գտնվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գծում, Ադրբեջանի պոտենցիալ հերոս է:

Նրանում, որ Ադրբեջանը մշտապես սպանում է հայ զինվորներին, ցավոք սրտի, ոչ մի նոր բան չկա: Եվ այն մասին, որ հայկական կողմը գրեթե միշտ, ցավոք սրտի, սկսում է վկայակոչել միջազգային իրավունքի նորմերը և արդեն հետո տալիս ադեկվատ պատասխան: Ընդ որում այդ պատասխանը, որպես կանոն, ակնթարթորեն տարածվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում որպես «հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում»: Բայց ոչ մի միջնորդ կամ միջազգային կազմակերպություն չի ստիպի Բաքվին դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Ավելին, կրակոցներն ավելի ինտենսիվ կլինեն, որովհետև Ադրբեջանը, դառնալով ՄԱկ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հավաստիացած է սեփական անպատժելիության մեջ:

«Առաջնային գծում տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում միջնորդներին, այլ նաև միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում լարվածությունն ուժեղացնելու համար: Դա ստիպում է արցախյան կողմին հետագայում ավելի կոշտ լինել իր գործողություններում»,- ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարությունում: ՊԲ օպերատիվ տվյաների համաձայն, մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմն ադրբեջանցիների կողմից խախտվել է 150 անգամ:

Միաժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի խոսքով, վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին: «Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- նշվում է Կարապետյանի հայտարարության մեջ:

Այս ամենը ճիշտ է, բայց տարակուսանք է հարուցում մի փաստ՝ ողջ հայկական մամուլում սեփական հաղթանակի մեջ պարծենկոտ և թեթևամիտ հայտարարություններից բացի ոչինչ գտնել չհաջողվեց: Բայց չէ որ երբեք չի կարելի թերագնահատել թշնամուն: Հայաստանի և ԼՂՀ ռազմական և ուժային կառույցները դա հիանալի գիտեն, իսկ ահա «փորձագետները» և «վերլուծաբանները» հերթական անգամ ժողովրդի առջև արտահայտվելու հնարավորություն են գտել: Հիրավի նման «գործիչների» համար ոչ մի սուրբ բան չի մնացել. նամակներ գրելու, դատապարտելու և նմանատիպ այլ կոչերն ինքնագովազդի հեշտ ճանապարհ են: Ամեն ինչ իրականում ավելի բարդ է: Տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, որը կարծես ուղղված է Իրանի դեմ, անմիջականորեն ազդելու է Հարավային Կովկասի երկրների վրա, որոնք կարող են չդիմակայել: Համաշխարհային հանրության լռությունը և թողտվությունը Բաքվի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հարցում լիովին հասկանալի է. Ադրբեջանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Իրանի դեմ կոալիցիայի ենթադրվող զորքերը հանելու համար: Ամենայն հավանականությանբ, հենց այդ պատճառով Բաքվին հնարավորություն են տվել դառնալ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ: Ուրիշ բացատրություն առայժմ չկա: Միակ երկիրը, որը կարող է կարգի հրավիրել Իլհամ Ալիևին, Թուրքիան է, բայց այն, ելնելով լիովին հասկանալի պատճառներից, դա չի անի: Բանը նույնիսկ հայկական հարցի մեջ չէ, այլ կրկին անգամ Իրանի, որի հետ Անկարան կոշտ պայքար է մղում տարածաշրջանային առաջնորության համար՝ չնայած «բարեկամության և եղբայրության» մասին երկու կողմերի հավաստիացումներին:

Նրանում, որ հայկական կողմը ադեկվատ պատասխան կտա երկու զինծառայողների սպանություններին, կասկածելու հարկ չկա: Բայց դատելով զարգացող դեպքերից՝ պատասխանը պետք է այնպիսին լինի, որպեսզի Բաքվի մոտ երկար ժամանակ անհետանա սադրանքների և սպանությունների ցանկությունը: Կառուցողականությունը և երկխոսությունը լավ բաներ են, բայց ոչ այս տարածաշրջանում:

Կարինե Տեր-Սահակյան