21 դեկտեմբերի 2011 - 09:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Կեցցե' Հայաստանի Քրեական օրենսգիրքը՝ լրտեսների համար ամենամարդասիրական օրենսգիրքն աշխարհում
Մարդասիրությունը, իհարկե, լավ բան է, սակայն պետք չէ մոռանալ ազգային անվտանգության և այն երիտասարդ տղաների կյանքի մասին, ովքեր հիմա սահմաններին պաշտպանում են մեր անդորրը և հանգիստը
Օրերս որոշեցի ծանոթանալ Հայաստանի քրեական օրենսդրության հետ հայրենիքի դավաճանության և այլ պետության օգտին լրտեսության վերաբերյալ: Անվտանգության հայրենական մարմինները ժամանակ առ ժամանակ խախտում հայտարարում են առանձին անհատների և խմբերի ձերբակալության մասին, որոնք, մոռանալով հայրենիքը և պատիվը, համաձայն են N քանակության «կանաչների» և ոչ միայն փողի դիմաց վնաս պատճառել հայրենիքին և լրտեսել նրա թշնամիների օգտին:

Ինչպիսին էր իմ զարմանքը, երբ պարզվեց, որ ՀՀ ՔՕ 299 հոդվածի համաձայն (պետական դավաճանություն) այս հանցագործությունը պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ երբեմն ուեցվածքի բռնագրավմամբ, երբեմն էլ առանց դրա: Եվ դա մի երկրում, որը համարյա գտնվում է պատերազմական իրավիճակում, և թշնամուն հանձնված ցանկացած տեղեկատվություն կարող է վնասել ազգային անվտանգությանը և կոնկրետ մարդկային կյանքերի հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում:

Որոշեցի ծանոթանալ այլ երկրների օրենսդրության հետ: Ռուսաստանում հայրենիքի դավաճանության համար նախատեսված է 12-20 տարվա ազատազրկում, Վրաստանում՝ 5-15 տարի:

Իսկ ինչպե՞ս է այնտեղ՝ Արևմուտքում: Օրինակի համար վերցնենք ժողովրադավարության ջահ և հայրենական իրավապաշտպանների բյուրեղյա երազանք ԱՄՆ-ը, որը սիրում է սովորեցնել ողջ աշխարհին, թե «ինչն է լավ, ինչն է վատ»: Պետական դավաճանության համար սովորաբար ամենախիստ պատիժն է կիրառվում: Երկար ժամանակ ԱՄՆ-ում այդ հանցագործության համար ենթարկվում էին մահապատժի: Մեր ժամանակները պետական դավաճանության լուրջ դեպքերի համար դատապարտում են երկարաժամկետ բանտարկության, ընդհուպ մինչև ցմահ:

Որոշեցի իմանալ հայրենական օրենսդիրների կարծիքն այս հարցի վերաբերյալ: Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը հայտարարեց. «Կարծում եմ, որ պետք է առավելագույն պատիժ սահմանել, չէ որ դա ամենածանր հանցագործությունն է, որը կարելի է կատարել սեփական երկրի և ժողովրդի դեմ»: Այն հարցին, թե պետք է արդյոք հանդես գալ նման հանցագործությունների համար պատիժը խստացնելու օրենսդրական նախաձեռնությամբ, Կարապետյանը նշեց. «Անկեղծ ասած, դա իրավաբանների գործն է: Պետք է խորհրդակցել»:

Իր հերթին, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Իհարկե, 15 տարին շատ քիչ է, որովհետև նման մարդիկ տարբեր պատճառներով կարող են շուտ դուրս գալ և կրկին նման քայլի գնալ: Հնարավոր է՝ իմ տեսակետը հակասի մարդու իրավունքներին, բայց դա իմ անձնական կարծիքն է՝ նման մարդկանց պետք է դատապարտել ցմահ բանտարկության, որոշակի դեպքերում՝ մահապատժի: Իմ կարծիքով, այն մարդը, ով դավաճանել է հայրենիքը, ընդունակ է ամեն ինչի»: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե պետք է արդյոք հանդես գալ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով նախատեսվող պատիժը խստացնելու օրենսդրական նախաձեռնությամբ , Սահակյանն ասաց. «Իմ կարծիքով, դա պետք է քննարկել: Պետք է առնվազն ենթարկել ցմահ բանտարակության, ինչը կբացառի հետագա վտանգը և կկանխի նման մարդկանց գործողությունները»:

Իսկ ի՞նչ են մտածում այդ հարցի մասին հայ իրավապաշտպանները: Այսպես, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, չպատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ադեկվատ է համարում նման հանցագործության համար ՀՀ ՔՕ 299 հոդվածով նախատեսվող պատիժը, որոշեց խնդրին մոտենալ մեկ այլ կողմից: «Հայրենիքի դավաճանության մասին հոդվածները շատ հաճախ օգտագործվում են քաղաքական այլախոհներին ճնշելու համար, ինչպես ցույց է տալիս կոնկրետ մեկ օրինակը Վրաստանում և մի քանի օրինակներ Ռուսաստանում: Խորհրդային Միությունում կար 175-րդ հոդվածը հակախորհրդային քարոզչության մասին, իսկ հիմա պետական դավաճանության մասին հոդվածն ավելի հաճախ կիրառում են քաղաքական նպատակներով, քան բուն առիթով՝ պետական գաղտնիքը հանձնելու»,- նշեց նա:

Այսպիսով, մնում է միայն հուսալ, որ 2012-ի նախընտրական պայքարի թոհուբոհի մեջ մեր օրենսդիրներն ուշադրություն կդարձնեն նաև այս խնդրին: Մարդասիրությունը, իհարկե, լավ բան է, սակայն պետք չէ մոռանալ նաև ազգային անվտանգության և այն երիտասարդ տղաների կյանքի մասին, ովքեր հիմա սահմաններին պաշտպանում են մեր անդորրը և հանգիստը: Չէ որ լիակատար խաղաղությանը դեռ շատ կա, և Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք դիտարկում են հրադադարի մասին համաձայնագիրը որպես ժամանակավոր դադար Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու համար:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News